русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
30 նոյեմբերի 2023թ. հինգշաբթի, ԲԿ
Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին




ՄԱՐՏԻՐՈՍ
id340«Մարտիրոս» բառը հունարեն նշանակում է վկա: Այսպես են կոչում նրանց, ովքեր նահատակվել են՝ վկայելով իրենց անկոտրում հավատը Քրիստոսի հանդեպ: Այդպիսիք էին ս. Ստեփանոս Նախավկան, ս. Գևորգ և ս. Սարգիս զորավարները, ս. Հռիփսիմյան կույսերը և բազում այլ սրբեր: Գրեթե բոլոր առաքյալները մարտիրոսական մահով փառավորեցին Տիրոջը:
Մարտիրոսական մահը կոչվում է վկայություն, իսկ նրա մասին գրավոր պատմությունը՝ վկայաբանություն: Մարտիրոսների մասունքների վրա կամ նրանց նահատակության վայրերում սովորաբար կառուցվել են վկայարաններ, այսինքն՝ նրանց վկայական մահի հիշատակը հավերժացնող մատուռներ, որոնցից շատերը հետագայում վերածվել են եկեղեցու:
Մարտիրոսներին անվանում են արյամբ մկրտվածներ: Նրանց արյունը Եկեղեցու կյանքում մեծ խորհրդական նշանակություն ունի, քանզի վկայական մահը խոշորագույն հաղթանակ է սատանայի հանդեպ, որի ձեռքում մարդու դեմ ազդու զենք է հանդիսանում մահվան սպառնալիքը: Այդ պատճառով էլ, պարտվելով մարտիրոսների արյամբ, նա խիստ տկարանում է: Բոլոր մարտիրոսները երկնքում մեր հավատարիմ բարեխոսներն են Աստծո առջև:
Մարտիրոսներին հաճախ պատկերում են նրանց նահատակության գործիքով հանդերձ՝ իբրև նշան նրանց հաղթանակի և փառավորման:



 
sacredtradition.am