русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
28 փետրվարի 2021թ. կիրակի, ԳԿ
Գ կիւրակէ Քառասնորդական պահոց (Անառակին)





ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ
id574Մեծ պահքի երրորդ կիրակիին ընթերցվող «Անառակ որդու վերադարձը» առակը [Ղուկ. 15.11-31] օրվա խորհրդածության հիմնական թեման է: Այս առակում ամփոփված է մարդկության ողջ պատմությունը՝ նրա անկումից մինչև Աստծո Որդու մարմնացումն ու փրկագործությունը: Սակայն Անառակի կիրակիի համատեքստում հատկապես շեշտադրված է մեղավորի առ Աստված դարձի խորհուրդը, որն առակի բովանդակության առանցքն է: Այսպես է երգվում այսօրվա «Օրհնության» շարականի սկզբում. «Անսկիզբ Հա՛յր Միածին Որդուդ, Ում առաքեցիր մոլորյալ ոչխարին դարձի բերելու համար, Քո Որդու չարչարանքներով մեզ էլ ետ դարձրու մեղքերից»:
Արտաքսման կիրակիի խորհրդածությամբ ապրելով մեղքի հետևանքով Արարչից օտարացած, ինչպես նաև նախաստեղծ, անմեղունակ գոյությունից զրկված լինելու ցավը՝ հոգևոր ճամփորդն այսօր առակի հերոսի պես վճռում է վերջնականապես վերադառնալ հայրական օթևան, ետ շրջվել բոլոր անարժեք հակումներից և ամբողջովին դառնալ դեպի Արևելք՝ դեպի Բարձրյալը, ապաստանել Նրա տանը՝ Եկեղեցու գրկում՝ որպես անձկալի միակ օթևանում, իրավամբ ստանալ հայրական ժառանգությունը և այն տնօրինել հարազատ որդուն վայել ազնվությամբ:
Եթե մինչև այժմ պետք էր խորապես ամրապնդել այն գիտակցությունը, թե ինչ պատրանքից է պետք զգուշանալ՝ ի դեմս անցավոր աշխարհի օտարածին հրապույրների, ապա այժմ հասունացել է պահը հայացքն ուղղելու դեպի երկնավոր Հոր հարազատ և անանց օթևանը՝ ապաստանելով սուրբ Եկեղեցու անապական ու սրբարար գրկում: Ահա այս խոսքերով է վերջանում օրվա «Հարց» շարականը. «Նրան, Ով այս աշխարհի ծովում որպես տապան շինեց Եկեղեցին և նրա մեջ ապաստանած հոգիներին փրկեց մեղքի ջրերից, հավիտյան փառավորեցե՛ք»:





 
sacredtradition.am