русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
4 հունիսի 2020թ. հինգշաբթի, ԳԿ
Ե օր Հոգեգալստեան
Պահք


ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ
id288Քրիստոսի հարությունից 7 շաբաթ անց, երբ Երուսաղեմում բազում ժողովուրդ էր հավաքվել Պենտեկոստեի առիթով, առաքյալները, Տիրոջ պատվերի համաձայն, հավաքվեցին վերնատանը: Նրանք բոլորը, մի սիրտ դարձած, աղոթում էին՝ սպասելով Սուրբ Հոգու գալստյանը, ինչպես խոստացել էր Հիսուսը:
Եվ ահա երկնքից հանկարծակի մի ձայն հնչեց ու լցրեց ողջ վերնատունը: Աշակերտներին երևացին կրակե լեզուներ, որոնք իջան ու նստեցին յուրաքանչյուրի վրա: Եվ նրանք լցվեցին Սուրբ Հոգով: Այսպես ի վերուստ զորանալով՝ առաքյալները սկսեցին քարոզել ու վկայել Հիսուսի մասին: Աշխարհի տարբեր ժողովուրդներ, որոնք հավաքվել էին Երուսաղեմում, ունկնդրում էին նրանց և զարմանում, որովհետև յուրաքանչյուրը լսում և հասկանում էր իր մայրենի լեզվով: Այս զարմանահրաշ քարոզի շնորհիվ այդ օրը դարձի եկավ և Հիսուս Քրիստոսի անունով մկրտվեց շուրջ 3000 հոգի [տե՛ս Գործ. 2]:

Հոգեգալուստ
Երևան, ձեռ. 10675, էջ 305ա, Մալաթիայի Ավետարան, 1267-1268 թթ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին

Այսպես ծնվեց Քրիստոսի Եկեղեցին՝ իր առաջին անդամներով: Այդ օրն ավարտվեց աստվածային փրկագործությունը, և սկսվեց նոր դարաշրջան: Սուրբ Հոգին սկսեց հեղվել բոլոր հավատացյալների և Քրիստոսի անվամբ մկրտվողների վրա, և այսպես շարունակվելու է մինչև աշխարհի վախճանը:
Սուրբ հոգեգալուստը եղավ հրեական Զատիկից 50 օր հետո՝ Պենտեկոստեին՝ այն օրը, երբ Մովսես մարգարեի միջոցով Աստված Իսրայելին պարգևեց Տասնաբանյա օրենքը: Եվ ինչպես որ Զատիկը՝ Եգիպտոսի գերությունից դուրս գալու տոնը, նոր ուխտում դարձավ Քրիստոսի հարության տոնը, այնպես էլ Պենտեկոստեն եղավ նոր օրենքի՝ շնորհի և ճշմարտության պարգևման օրը՝ Ս. Հոգեգալուստը:
Տոնելով Զատիկից 50 օր հետո՝ Հայ Եկեղեցին հոգեգալուստը հիշատակում է ևս 6 օր՝ ամփոփելով Հարության տոնախմբական շրջանը:




 
sacredtradition.am