русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
14 հունվարի 2020թ. երեքշաբթի, ԳՁ
Տօն Ծննդեան սրբոյն Յովհաննու Կարապետին


Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ
id299Ս. Աստվածածնին իր երկնային ավետիսը բերելուց 6 ամիս առաջ Գաբրիել հրեշտակապետը այցելեց Երուսաղեմի Տաճարում ծառայող բարեպաշտ Զաքարիա քահանային: Նա հայտնեց, որ վերջինս Հովհաննես անունով մի որդի է ունենալու, որը լինելու է Փրկչի նախակարապետը:
Սակայն քահանան կասկածեց այս խոսքերին, քանի որ ինքը և իր կինը խիստ ծեր էին: Այդ կասկածի համար նա պատժվեց և մինչև ասվածի իրականանալը չէր կարողանում խոսել:
Երբ խոստման համաձայն մանուկը ծնվեց, և ութերորդ օրը նրան տարան թլփատության, Զաքարիայի համրությունը հրաշքով վերացավ: Նա սկսեց խոսել և փառաբանելով Աստծուն՝ մարգարեացավ, որ շուտով աշխարհ կգա Մեսիան, որ մանուկ Հովհաննեսը կլինի Նրա նախակարապետը և ժողովրդին կնախապատրաստի ընդունելու աշխարհի Փրկչին:
Այս հրաշալի իրադարձության լուրը շուտով տարածվեց ողջ Հրեաստանով, և բոլորն ակնածանքով խորհում էին մանկան ապագա գործերի մասին:
Հովհաննեսը վաղ զրկվեց ծնողներից և հեռացավ անապատ, ուր ապրում էր քարանձավում խստագույն ճգնությունների մեջ: Նա կրում էր ուղտի մազից զգեստ, գոտի էր կապում և սնվում վայրի մեղրով ու մարախով:

Հովհաննես Մկրտիչ (լուսանցապատկեր)
Երուսաղեմ, ձեռ. 2563, Կեռան թագուհու Ավետարան, 1272 թ.

Երբ լրացավ Հովհաննեսի 30 տարին, Աստծո հրամանով նա եկավ դեպի Հորդանան գետը և սկսեց քարոզել ժողովրդին: «Ապաշխարեցե՛ք,- ասում էր նա,- որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» [Մատթ. 3.2]: Նա հանդիմանում էր անօրեններին՝ ասելով, որ եթե նրանք չապաշխարեն և բարի պտուղ չտան, շուտով կկործանվեն, քանզի մոտ է հատուցման ժամը: Շատերը, լսելով նրա քարոզը, ապաշխարում էին, և Հովհաննեսը, ի նշան մաքրության, նրանց մկրտում էր Հորդանանում: Այդ ժամանակ մկրտության եկողների մեջ հայտնվեց Հիսուսը և բոլորի պես Ինքն էլ մկրտվեց Հովհաննեսի կողմից (տե՛ս Աստվածահայտնություն):
Սուրբ Հովհաննեսը մինչև վերջ կատարեց իր գործը՝ նախապատրաստելով Տիրոջ ճանապարհը, ճանաչելով և ընդունելով Նրան: Վկայելով Փրկչի մասին՝ նա ցնծում էր ուրախությունից և մարգարեանում իր մոտալուտ մահվան մասին:
Հովհաննես Մկրտիչը գլխատվեց Գալիլիայի չորրորդապետ Հերովդեսի կողմից, որին հանդիմանել էր անօրինական ամուսնության համար:
Նա Քրիստոսին նախորդած և Նրա գալուստը վկայող ամենամեծ մարգարեն էր: Նրա մասին Ինքը Տերն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի ելել» [Մատթ. 11.11]:


 
sacredtradition.am