русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
18 հունիսի 2019թ. երեքշաբթի, ԲՁ
Սրբոց կուսանացն Գայիանեանց



Ս. ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԿՈՒՅՍԵՐ (+301)
id306Հռոմում Դիոկղետիանոս կայսեր օրոք ապրում էր ճգնակյաց քրիստոնյա կույսերի մի խումբ, որոնց գլխավորն էր Գայանեն: Հեթանոս կայսրը, իմանալով կույսերից մեկի՝ Հռիփսիմեի անզուգական գեղեցկության մասին, վճռել էր ամուսնանալ նրա հետ: Լսելով այդ՝ կույսերը որոշեցին գաղտնի փախչել Հռոմից: Կույսերի խումբը հեռացավ արևելք և ի վերջո ապաստանեց Հայաստանի Վաղարշապատ քաղաքի մի հնձանում:
Այս մասին տեղեկանալով՝ Դիոկղետիանոսը հրովարտակ ուղարկեց հայոց Տրդատ թագավորին գտնել և ետ ուղարկել Հռիփսիմեին, իսկ եթե նրա տեսքը իրեն հաճելի լինի՝ պահել իր մոտ: Տրդատը նույնպես գերվեց Հռիփսիմեի գեղեցկությամբ ու ցանկացավ բռնությամբ իր կինը դարձնել նրան: Սակայն քրիստոնյա կույսը հավատարիմ մնաց իր ուխտին, Աստծո զորությամբ մինչև վերջ դիմադրեց հսկայական ուժի տեր արքային և փախավ արքունիքից: Այդժամ Տրդատի դահիճները հետապնդելով գազանաբար խոշտանգեցին Հռիփսիմեին և ապա՝ նրա նահատակության վայր ժամանած և նրա մարմինը թաղել խնդրող 32 կույսերին, ինչպես նաև՝ հնձանում մնացած Մարիանե կույսին: Այնուհետև թագավորի հրամանով դաժանաբար սպանվեց Գայանեն իր երկու ընկերուհիների հետ:

Ս. Էջմիածնի գանձատուն, XVIII դ.: Հեղինակ՝ Հովնաթան Հովնաթանյան

Կույսերի նահատակությունից հետո ս. Գրիգոր Լուսավորիչը հողին հանձնեց 9 օր անթաղ մնացած նրանց սուրբ նշխարները, որոնք անուշահոտություն էին բուրում, և նրանց նահատակության վայրերում կառուցեց վկայարաններ: Ս. Հռիփսիմեի և 32 կույսերի վկայարանի տեղում հետագայում կառուցվել է Ս. Հռիփսիմե եկեղեցին, ս. Մարիանեի վկայարանի տեղում՝ Ս. Շողակաթը, իսկ ս. Գայանեի և 2 կույսերի վկայարանի տեղում՝ Ս. Գայանե եկեղեցին:

Ս. Հռիփսիմեի գերեզմանաքարը տաճարի գլխավոր խորանի
տակ կառուցված դամբարանում

Լուսանկար՝ Մարտին Շահբազյանի

Հռիփսիմյան կույսերի նահատակության հիշատակին է նվիրված Կոմիտաս I կաթողիկոսի (615-628) կողմից ստեղծված «Անձինք նուիրեալք» հանրահայտ շարականը:




 
sacredtradition.am