русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
7 դեկտեմբերի 2017թ. հինգշաբթի, ԲԿ
Սրբոց հարցն եգիպտացւոց Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի, Յովհաննու Գբնեցւոյն, Յովհաննու Կարճահասակին, Նեղոսի, Արսենի, Սիսիանու, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի եւ այլոց սրբոց հարցն





Ս. ԵՎԱԳՐ ՊՈՆՏԱՑԻ (345-399)
id154Ս. Եվագրը ծնվել է հոգևորականի ընտանիքում: Երիտասարդ տարիքից աշակերտել է ս. Բարսեղ Կեսարացուն և նրա կողմից դպիր է ձեռնադրվել: Կեսարացու մահից հետո աշակերտել է ս. Գրիգոր Նյուսացուն և ս. Գրիգոր Աստվածաբանին, որոնց հետ ներկա է եղել Կոստանդնուպոլսի II տիեզերական ժողովին (381 թ.):

Ս. Եվագր Պոնտացի
Երուսաղեմ, ձեռ. 285, Հարանց վարք, 1430 թ., Կաֆա (Ղրիմ)

Եվագրի նվիրվածությունը տեսնելով՝ ս. Գրիգոր Աստվածաբանը նրան ձեռնադրել է սարկավագ: Հերձվածողների դեմ նրա արդյունավետ պայքարը շուտով Եվագրին հայտնի է դարձրել Կոստանդնուպոլսում: Սակայն անսպասելիորեն, տեսիլքի ազդմամբ, նա ուխտել է մենակյաց լինել և 382 թ. Կոստանդնուպոլսից հեռացել է Պաղեստին, ապա՝ Եգիպտոսի անապատները, որտեղ խստակրոն կյանք է վարել շուրջ 16 տարի: Այդ ընթացքում Եվագրն իր ճգնավորական փորձառությունների հիման վրա գրել է բազմաթիվ խրատական երկեր՝ նվիրված տեսական և գործնական հոգևոր կյանքին: Մեծ է նրա ներդրումը դիվային ներշնչումների ճանաչմանը և դրանց դիմակայմանը վերաբերող ճգնավորական գրականության մեջ: Եվագրի գրչին է պատկանում մեղքերի հնագույն դասակարգումը ըստ 8 չար խորհուրդների:
Նա վախճանվել է ոչ ծեր հասակում՝ բարի համբավ թողնելով քրիստոնյա աշխարհում: Սակայն VI դ. Բյուզանդիայում աստվածաբանական վեճերի ընթացքում սխալմամբ Եվագրին հերձվածողական գաղափարներ են վերագրվել, և նրա ուսմունքը նզովվել է 553 թ. ժողովի կողմից: Մինչև օրս նրա սրբությունը չի ճանաչվում քաղկեդոնական Եկեղեցիներում, թեև մեծ տարածում ունեն նրա երկերը: Մինչդեռ ս. Եվագրը Հայ Եկեղեցու սիրված և տոնելի սրբերից է: Նրա գրքերի զգալի մասը դեռևս V դ. թարգմանվել է հայերեն՝ զգալի ազդեցություն թողնելով հայ հոգևոր գրականության զարգացման վրա:





 
sacredtradition.am