русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
17 հոկտեմբերի 2020թ. շաբաթ, ԳՁ
Սրբոց աւետարանչացն Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Յովհաննու



ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐ
id067Ավետարանիչները Քրիստոսի այն առաքյալներից և նրանց գործակիցներից էին, որոնք ոչ միայն խոսքով ավետարանեցին ժողովուրդներին, այլև գրեցին Ավետարաններ: Նրանք են Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասը և Հովհաննեսը: Մատթեոսը և Հովհաննեսը 12 առաքյալներից էին, իսկ Մարկոսն ու Ղուկասը՝ 70-ից:


Մատթեոս
Մատթեոս ավետարանիչը (տե՛ս նաև Առաքյալ) իր Ավետարանը գրել է Երուսաղեմում որպես ականատես և վկա՝ տեղի Եկեղեցու խնդրանքով:
Նրա խորհրդանիշը թևավոր մարդն է:

Մատթեոս ավետարանիչ և Մատթեոսի Ավետարանի տիտղոսաթերթը
Երևան, ձեռ. 10675, էջ 15բ-16ա, Մալաթիայի Ավետարան, 1267-1268 թթ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին


Մարկոս
Մարկոս ավետարանիչը, ըստ ավանդության, մեկն էր այն կույրերից, որոնք բժշկվել էին Քրիստոսի ձեռքով: Եվ այն վերնատունը, որը Հիսուսի և Նրա աշակերտների համար եղավ իբրև օթևան և աղոթատեղի, պատկանում էր Մարկոսի ծնողներին, որոնք, որպես երախտագիտության արտահայտություն, այն տրամադրել էին նրանց:
Մարկոսը Քրիստոսից հետո աշակերտել է Պետրոս և Պողոս առաքյալներին, եղել նրանց քարտուղարը և թարգմանիչը: Պողոսի հետ շուրջ 10 տարի նա քարոզել է Անտիոքում, Կիպրոսում, այնուհետև Հռոմում: Պողոսի և Պետրոսի նահատակությունից հետո Մարկոսը մեկնել է Եգիպտոս և Ալեքսանդրիայում հիմնել Եկեղեցի: Այստեղ էլ նահատակվել է հեթանոսների ձեռքով:
Մարկոսը համարվում է Ալեքսանդրիայի աթոռի առաջին եպիսկոպոսը: Ավանդության համաձայն՝ նա իր Ավետարանը գրել է Ալեքսանդրիայում՝ Պետրոս առաքյալի պատմածների հիշողությամբ:
Մարկոս ավետարանչի խորհրդանիշն է թևավոր առյուծը:

Մարկոս ավետարանիչ և Մարկոսի Ավետարանի տիտղոսաթերթը
Երևան, ձեռ. 10675, էջ 102բ-103ա, Մալաթիայի Ավետարան, 1267-1268 թթ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին


Ղուկաս
Ղուկաս ավետարանիչը ծագումով հույն էր՝ Սիրիայի Անտիոք քաղաքից: Նա բժիշկ էր, պատմիչ և նկարիչ: Աշակերտել է Պողոս առաքյալին, եղել նրա հավատարիմ գործակիցը: Պողոսի նահատակությունից հետո սկսել է քարոզել նախ Իտալիայում, Գաղղիայում, Դաղմատիայում, ապա անցել է Մակեդոնիա, որտեղ և նահատակվել է:
Համաձայն ավանդության՝ իր Ավետարանը նա գրել է Անտիոք քաղաքում՝ Պողոս առաքյալի քարոզչության հիման վրա: Ավանդությունը պատմում է նաև, որ առաջին անգամ Ղուկասն է նկարել ս. Մարիամ Աստվածածնի սրբապատկերը:
Ղուկասի խորհրդանիշն է թևավոր ցուլը:

Ղուկաս ավետարանիչ և Ղուկասի Ավետարանի տիտղոսաթերթը
Երևան, ձեռ. 10675, էջ 158բ-159ա, Մալաթիայի Ավետարան, 1267-1268 թթ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին


Հովհաննես
Հովհաննես ավետարանիչը (տե՛ս նաև Առաքյալ) իր Ավետարանը գրել է 90-ական թթ. Եփեսոս քաղաքում՝ Ասիայի Եկեղեցու խնդրանքով:
Նրա խորհրդանիշն է արծիվը:

Հովհաննես ավետարանիչ և Հովհաննեսի Ավետարանի տիտղոսաթերթը
Երևան, ձեռ. 10675, էջ 254բ-255ա, Մալաթիայի Ավետարան, 1267-1268 թթ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին