русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
9 հոկտեմբերի 2019թ. չորեքշաբթի, ԲԿ
Պահք




ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ
id042Ապաշխարությունը Եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է: Ապաշխարել նշանակում է ափսոսալ, ցավել կատարած մեղքի համար, ձգտել թողություն ստանալ և ճիգերի միջոցով ազատվել մեղքից: Եվ քանի որ մարդը շարունակ ենթակա է մեղքի, ուստի ապաշխարությունը նրա համար մշտական անհրաժեշտություն է: Այն ընդգրկում է ճշմարիտ քրիստոնյայի ողջ կյանքը՝ նրա դարձից մինչև մահվան մահիճը: Մշտապես ապաշխարելով՝ մարդը մաքրվում է մկրտությունից հետո գործած մեղքերից, արթնացնում շնորհի ներգործությունը և արժանանալով ս. հաղորդության՝ վերականգնում իր նախկին միությունը Աստծո հետ:
Սուրբ հայրերն ապաշխարությունը բաժանում են 3 մասի՝ զղջում, խոստովանություն և հատուցում:


Զղջում
Զղջումը առաջին ճիգն է, որ պետք է մարդն իրագործի մեղքից ազատվելու համար: Մեղքից սթափվելուց կամ մեղքը հիշելուց հետո քրիստոնյան անմիջապես պետք է զղջա Աստծո առջև: Զղջումն արտահայտվում է գործած մեղքի համար ցավելով և սեփական անձը մեղադրելով ու կշտամբելով: Որքան մեծ է մարդու սերը Աստծո հանդեպ, այնքան մեծ է լինում նրա զղջումը, խորին ու վերջնական: Իսկապես զղջացած քրիստոնյան հաստատապես վճռում է այլևս չկրկնել իր մեղքը՝ խնդրելով Տիրոջը. «Մի՛ տար ինձ փորձության, այլ փրկի՛ր չարից»:
Սակայն այլ բան է ցանկանալը, և այլ՝ կարողանալը: Լինելով անկատար՝ մարդը կարող է դարձյալ մեղք գործել, որքան էլ խորապես զղջա և հրաժարվի մեղքից: Նրան օգնություն է պետք ոչ միայն Աստծուց, քանի որ դեռևս տկար է հավատի ու սիրո մեջ, այլև՝ մարդկանցից: Եվ ահա, այդ օգնությունը նա գտնում է Եկեղեցում՝ իրականացնելով ապաշխարության հաջորդ քայլը՝ խոստովանությունը:


Խոստովանություն
Ըստ ուղղափառ ավանդության՝ ամեն ոք, ով արդեն զղջացել է, չպիտի բավարարվի դրանով, այլ պետք է գնա եկեղեցի և իր մեղքը խոստովանի քահանային: Խոստովանությունից հետո քահանան արձակում է տալիս, այսինքն՝ իրեն տրված երկնային շնորհով հավատացյալին արձակում է մեղքի կապանքներից, և դրանով իսպառ ջնջվում է մեղքի դատապարտությունը: Այս պատճառով խոստովանությունից հետո մարդու սրտում մեծ ուրախություն է տիրում, որովհետև նա վստահ է լինում, որ ահեղ դատաստանի օրը չեն հիշվելու իր խոստովանած մեղքերը:


Հատուցում
Սակայն մեղքից վերջնականապես ազատվելու, սրտի միջից մեղքն արմատախիլ անելու համար խոստովանությունը և արձակումը դեռևս բավական չեն: Որպեսզի այլևս մեղքը չկրկնվի, պետք է կատարել խոստովանահոր կողմից դրա դիմաց նշանակված հատուցումը: Այն երբեմն արտահայտվում է հատուկ աղոթքներով ու երկրպագություններով, երբեմն՝ ծոմապահությամբ, երբեմն՝ ողորմության գործերով:
Հատուցումը պետք է լինի գործած մեղքի հակառակը, որպեսզի չեզոքացնի այն: Եթե քրիստոնյան հատուցումը կատարի մեծ սիրով և ատելություն զգա իր գործած մեղքի հանդեպ, այլևս չի կրկնի նույնը և կսկսի աճել իր բարեպաշտության մեջ:
Ապաշխարության կարգը կատարելուց հետո հավատացյալը քահանայի թույլտվությամբ հաղորդություն է ստանում: Որոշակի առումով՝ ապաշխարել նշանակում է պատրաստվել հաղորդության: Այս պատճառով պահքի շրջանները, որոնց հաջորդող մեծ տոներին ժողովրդի մեծ մասը հաղորդություն է առնում, կոչվում են նաև ապաշխարության շրջաններ:




 
sacredtradition.am