русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
13 հունվարի 2021թ. չորեքշաբթի, ԳՁ
Ը օր Ս. Ծննդեան
Տօն Անուանակոչութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի


Ավետարան ըստ Ղուկասի 2.8-14

8 Եւ այդ շրջանում բացօթեայ բնակուող հովիւներ կային, որոնք իրենց հօտերի գիշերային պահպանութիւնն էին անում: 9 Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան: 10 Եւ հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի. 11 որովհետեւ այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է: 12 Եւ սա ձեզ համար նշան կլինի. խանձարուրով փաթաթուած եւ մսուրի մէջ դրուած մի Մանուկ կգտնէք»: 13 Եւ յանկարծակի այդ հրեշտակի հետ երեւաց երկնային զօրքերի մի բազմութիւն, որ օրհնում էր Աստծուն եւ ասում. 14 «Փա՜ռք Աստծուն բարձունքներում եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն մարդկանց մէջ»:




Ավետարան ըստ Ղուկասի 2.15-20

15 Եւ երբ հրեշտակները, նրանցից հեռանալով, երկինք բարձրացան, հովիւներն ասացին միմեանց. «Եկէք գնանք մինչեւ Բեթղեհէմ եւ տեսնենք, թէ ինչ բան է այս եղածը, որ Տէրը մեզ ցոյց տուեց»: 16 Եւ նրանք շտապով եկան ու գտան Մարիամին ու Յովսէփին եւ մսուրի մէջ դրուած Մանկանը: 17 Եւ ճանաչեցին նրան այն խօսքից, որ իրենց ասուել էր Մանկան մասին: 18 Եւ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրայ, որ հովիւներն ասացին իրենց: 19 Իսկ Մարիամը այս բոլոր ասուածները պահում էր իր մէջ եւ իր սրտում խորհում: 20 Եւ հովիւները վերադարձան. փառաւորում եւ օրհնում էին Աստծուն այն ամէնի համար, որ լսեցին ու տեսան, ինչպէս իրենց պատմուել էր:




Ավետարան ըստ Ղուկասի 3.1-4.13

1 Տիբերիոս կայսեր իշխանութեան տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը կուսակալ էր Հրէաստանի, եւ Հերովդէսը՝ չորրորդապետ Գալիլիայի, եւ նրա եղբայր Փիլիպպոսը՝ չորրորդապետ Իտուրացիների ու Տրաքոնացիների աշխարհի, Լիւսանիասը՝ չորրորդապետ Աբիլենէի, 2 եւ Աննայի ու Կայիափայի քահանայապետութեան օրով Աստծոյ խօսքը լսելի եղաւ Զաքարիայի որդի Յովհաննէսին անապատում: 3 Եւ նա եկաւ Յորդանանի կողմը՝ ապաշխարութեան մկրտութիւն քարոզելու մեղքերի թողութեան համար, 4 ինչպէս գրուած է Եսայի մարգարէի պատգամների գրքում. «Անապատում կանչողի ձայնն է. պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը, հարթեցէ՛ք նրա շաւիղները: 5 Բոլոր ձորերը թող լցուեն, բոլոր լեռներն ու բլուրները խոնարհուեն, դժուարին ճանապարհները հեշտ թող դառնան, առապարները՝ հարթ ճանապարհներ. 6 եւ ամէն մարդ կտեսնի Աստծոյ փրկութիւնը»: 7 Եւ այն ժողովրդին, որ եկել էր իրենից մկրտուելու, ասում էր. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել բարկութիւնից, որ գալու է: 8 Այսուհետեւ ապաշխարութեան արժանի պտուղնե՛ր տուէք եւ մի՛ սկսէք ասել, թէ Աբրահամին ունենք իբրեւ հայր. այս ասեմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից անգամ դուրս բերել Աբրահամի որդիներ: 9 Բայց ահաւասիկ, կացինը ծառերի արմատի վրայ է. ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում»: 10 Ժողովուրդը նրան հարցնում էր եւ ասում. «Իսկ արդ, ի՞նչ պիտի անենք»: 11 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ով որ երկու զգեստ ունի, մէկը թող տայ նրան, ով չունի, եւ ով որ ուտելիք ունի, նոյն ձեւով թող անի»: 12 Մաքսաւորներն էլ եկան մկրտուելու եւ հարցրին նրան. «Վարդապե՛տ, մե՞նք ինչ անենք»: 13 Նա ասաց նրանց. «Ձեզ համար սահմանուածից աւելին մի՛ վերցրէք»: 14 Զինուորները նոյնպէս հարցնում էին նրան. «Իսկ մե՞նք ինչ անենք»: Նա ասաց նրանց. «Ոչ ոքի մի՛ նեղէք, ոչ ոքի մի՛ զրպարտէք, ձեր ռոճիկը թող ձեզ բաւարար լինի»: 15 Ժողովուրդը սպասման մէջ էր, եւ բոլորն իրենց սրտում Յովհաննէսի մասին հարց էին տալիս, թէ՝ “Մի՞թէ սա է Քրիստոսը”: 16 Նա պատասխանեց բոլորին ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով, բայց գալիս է ինձնից աւելի զօրաւորը, որի կօշիկները հանելու արժանի չեմ ես. նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով եւ հրով. 17 նրա քամհարը իր ձեռքում է՝ մաքրելու իր կալը, հաւաքելու ցորենը իր շտեմարանում, իսկ յարդը կայրի անշէջ կրակով»: 18 Նա շատ ուրիշ մխիթարիչ խօսքերով բարի լուրն էր աւետում ժողովրդին: 19 Բայց Հերովդէս չորրորդապետը, յանդիմանուած լինելով Յովհաննէսի կողմից իր եղբօր կնոջ՝ Հերովդիայի պատճառով եւ այն բոլոր չարիքների համար, որ Հերովդէսը գործել էր, 20 այդ բոլորի վրայ աւելացրեց եւ այն, որ Յովհաննէսին բանտարկեց: 21 Եւ ամբողջ ժողովրդի մկրտուելուց յետոյ Յիսուս եւս մկրտուեց, ու երբ աղօթքի կանգնեց, երկինքը բացուեց, 22 եւ Սուրբ Հոգին մարմնաւոր տեսքով, որպէս աղաւնի, իջաւ նրա վրայ. եւ երկնքից ձայն եկաւ, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»: 23 Եւ ինքը Յիսուս շուրջ երեսուն տարեկան էր, երբ սկսեց իր գործունէութիւնը: Եւ ինչպէս կարծում էին, որդին էր Յովսէփի, եւ սա՝ Յակոբի, եւ սա՝ Հեղիի, եւ սա՝ Մատաթէի, 24 եւ սա՝ Ղեւիի, եւ սա՝ Մեղքիի, եւ սա՝ Յաննէի, եւ սա՝ Յովսէփի, 25 եւ սա՝ Մատթէի, եւ սա՝ Ամոսի, եւ սա՝ Նաւումի, եւ սա՝ Էսղիի, եւ սա՝ Նանգէի, 26 եւ սա՝ Մաաթի, եւ սա՝ Մատաթէի, եւ սա՝ Սեմէիի, եւ սա՝ Յոսէքէի, եւ սա՝ Յոդայի, 27 եւ սա՝ Յովնանէի, եւ սա՝ Րէսայի, եւ սա՝ Զորոբաբէլի, եւ սա՝ Սաղաթիէլի, եւ սա՝ Ներիի, 28 եւ սա՝ Մեղքիի, եւ սա՝ Ադդէի, եւ սա՝ Կոսամի, եւ սա՝ Ելմոդադի, եւ սա՝ Երէի, 29 եւ սա՝ Յեսուի, եւ սա՝ Եղիազարի, եւ սա՝ Յորամի, եւ սա՝ Մատթէի, եւ սա՝ Ղեւիի, 30 եւ սա՝ Սիմէոնի, եւ սա՝ Յուդայի, եւ սա՝ Յովսէփի, եւ սա՝ Յովնամի, եւ սա՝ Եղիակիմի, 31 եւ սա՝ Մելլէի, եւ սա՝ Մեննէի, եւ սա՝ Մատտաթայի, եւ սա՝ Նաթանի, եւ սա՝ Դաւթի, 32 եւ սա՝ Յեսսէի, եւ սա՝ Օբէդի, եւ սա՝ Բոոսի, եւ սա՝ Սաղմանի, եւ սա՝ Նաասոնի, 33 եւ սա՝ Ամինադաբի, եւ սա՝ Արամի, եւ սա՝ Ադմէի, եւ սա՝ Առնէի, եւ սա՝ Եսրոնի, եւ սա՝ Փարէսի, եւ սա՝ Յուդայի, 34 եւ սա՝ Յակոբի, եւ սա՝ Իսահակի, եւ սա՝ Աբրահամի, եւ սա՝ Թարայի, եւ սա՝ Նաքորի, 35 եւ սա՝ Սերուգի, եւ սա՝ Ռագաւի, եւ սա՝ Փաղեկի, եւ սա՝ Եբերի, եւ սա՝ Սաղայի, 36 եւ սա՝ Կայնանի, եւ սա՝ Արփաքսադի, եւ սա՝ Սէմի, եւ սա՝ Նոյի, եւ սա՝ Ղամէքի, 37 եւ սա՝ Մաթուսաղայի, եւ սա՝ Ենոքի, եւ սա՝ Յարեդի, եւ սա՝ Մաղաղայէլի, եւ սա՝ Կայնանի, 38 եւ սա՝ Ենոսի, եւ սա՝ Սէթի, եւ սա՝ Ադամի, եւ սա՝ Աստծոյ:

4 1 Եւ Յիսուս Սուրբ Հոգով լի վերադարձաւ Յորդանանից. եւ Հոգով անապատ առաջնորդուեց 2 ու քառասուն օր փորձուեց սատանայից: Չկերաւ եւ չխմեց այն օրերին. եւ երբ քառասուն օրերը լրացան, քաղց զգաց: 3 Եւ սատանան նրան ասաց. «Եթէ Աստծոյ Որդի ես, այդ քարին ասա՛, որ հաց լինի»: 4 Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Գրուած է. “Միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ՝ Աստծոյ ամէն խօսքով”»: 5 Եւ սատանան, տանելով նրան մի բարձր լեռ, մի վայրկեանում նրան ցոյց տուեց աշխարհի բոլոր թագաւորութիւնները: 6 Եւ սատանան նրան ասաց. «Քեզ կտամ այս ամբողջ իշխանութիւնը եւ սրանց փառքը, որովհետեւ ինձ է տրուած, եւ ում որ կամենամ, կտամ այն: 7 Արդ, եթէ դու իմ առաջ ընկած երկրպագես, բոլորը քոնը կլինի»: 8 Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Գրուած է. “Քո Տէր Աստծուն պիտի երկրպագես եւ նրան միայն պիտի պաշտես”»: 9 Եւ տարաւ նրան Երուսաղէմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. «Եթէ Աստծոյ Որդի ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, 10 որովհետեւ գրուած է. “Իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, որ քեզ պահեն. 11 եւ իրենց ձեռքերի վրայ կբռնեն քեզ, որ քո ոտքը երբեք քարին չխփես”»: 12 Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Ասուած է. “Քո Տէր Աստծուն պիտի չփորձես”»: 13 Եւ սատանան, կատարած լինելով բոլոր փորձութիւնները, նրանից միառժամանակ հեռու մնաց:




Պողոս առաքյալի թուղթը կողոսացիներին 2.8-15

8 Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը ձեզ գրաւի ճարտարամտութեամբ եւ սնոտի խաբեբայութեամբ. դրանք մարդկային աւանդութեան եւ բնութեան տարերային ուժերի վրայ են հիմնուած եւ ոչ՝ Յիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետութեան վրայ. 9 քանի որ նրա մէջ է բնակւում Աստուածութեան ամբողջ լիութիւնը մարմնապէս: 10 Դուք էլ էք լցուած նրանով, որ գլուխն է ամէն իշխանութեան եւ պետութեան. 11 նրանով դուք անձեռագործ թլփատութեամբ թլփատուեցիք հաւատով՝ մերկանալով մեղանչական մարմնից Քրիստոսի թլփատութեամբ. 12 թաղուելով նրա հետ մկրտութեան մէջ՝ դրանով իսկ նրա հետ յարութիւն առաք՝ Աստծոյ զօրութեանը հաւատալով, որը նրան յարութիւն տուեց մեռելներից: 13 Եւ ձեզ, որ մի ժամանակ մեռել էիք մեղքերի եւ ձեր մարմնի անթլփատութեան մէջ, կենդանացրեց իր հետ: 14 Նա ներեց մեզ մեր բոլոր յանցանքները եւ ոչնչացրեց հրամաններով հաստատուած այն պարտամուրհակը, որ մեր դէմ էր, վերացրեց այն մէջտեղից եւ մեխեց խաչափայտին: 15 Իշխանութիւններին եւ պետութիւններին զինաթափ արեց, հրապարակաւ խայտառակեց՝ նրանց պարտութեան մատնելով Քրիստոսի միջոցով՝ նրա յարութեամբ:




Ավետարան ըստ Ղուկասի 2.21

21 Եւ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատուեց, նրա անունը Յիսուս դրուեց, ինչպէս հրեշտակի կողմից կոչուել էր, երբ դեռ չէր յղացուել մօր որովայնում:




 
sacredtradition.am