русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
22 նոյեմբերի 2020թ. կիրակի, ԱՁ
Ա կիւրակէ Յիսնակի


Եսայու մարգարեությունը 36.1-9

1 Այնպէս պատահեց, որ Եզեկիայի թագաւորութեան տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան յարձակուեց Հրէաստանի ամուր քաղաքների վրայ եւ գրաւեց: 2 Ասորեստանի արքան Լաքիսից մեծ զօրքով Երուսաղէմ, Եզեկիա արքայի մօտ ուղարկեց Ռափսակին, որը եկաւ կանգ առաւ Կտաւ սպիտակեցնողների ագարակի ճանապարհի վերեւի աւազանի ջրմուղի մօտ: 3 Նրան ներկայացան Քեղկիայի որդի Եղիակիմը, որը հազարապետն էր, գրագիր Սոմնասը, որ հրովարտակներ էր գրում, եւ Ասափի որդի Յովաքը, որը ատենադպիրն էր: 4 Ռափսակը նրանց ասաց. «Գնացէք յայտնեցէ՛ք Եզեկիային, որ այսպէս է ասում Ասորեստանի մեծ արքան. “Ո՞ւմ վրայ ես յոյս դրել. 5 խորհրդով կամ բերանի խօսքերով պատերազմի հարց կլուծուի՞. իսկ հիմա ո՞ւմ վրայ ես յոյս դրել, որ չես հնազանդւում ինձ: 6 Ահա դու յոյսդ դրել ես ջախջախուած եղէգնեայ ցուպի՝ եգիպտացու վրայ, որին եթէ որեւէ մէկը յենուի, պիտի խորտակուի, եւ այն պիտի ընկնի ձեռքից. ահա այդպիսին է Եգիպտոսի փարաւոն արքան ամէնքի համար, որոնք ապաւինել են նրան”: 7 Իսկ եթէ ասէք, թէ՝ մեր Տէր Աստծուն ենք ապաւինել, ապա մի՞թէ դա նա չէ, որի բարձրադիր մեհեաններն ու զոհասեղանները Եզեկիան քանդեց եւ Հրէաստանին ու Երուսաղէմին հրաման տուեց, որ միայն իր առջեւ գտնուող զոհասեղանին երկրպագութիւն մատուցեն: 8 Դէ ուրեմն, եկէք միացէ՛ք իմ տիրոջը՝ Ասորեստանի արքային, եւ ես ձեզ երկու հազար երիվար կտամ, եթէ դուք կարողանաք դրանց համար հեծեալներ տալ: 9 Եւ դուք, որ յոյս էք դրել Եգիպտոսի վրայ, նրանց հեծեալների ու երիվարների վրայ, ինչպէ՞ս պիտի կարողանաք կռուել իմ տիրոջ աշխարհակալ զօրապետներից որեւէ մէկի հետ:




Պողոս առաքյալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին 1.1-10

1 Պօղոսը, Սիղուանոսը եւ Տիմոթէոսը՝ թեսաղոնիկեցիներիդ եկեղեցուն՝ մեր Հայր Աստծով եւ Տէր Յիսուս Քրիստոսով. 2 շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն: Միշտ գոհութիւն ենք յայտնում Աստծուն ձեզ համար՝ բոլորիդ յիշատակելով մեր աղօթքներում, 3 անդադար յիշելով ձեր հաւատի գործը, սիրոյ վաստակը եւ յոյսի համբերութիւնը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Աստծոյ եւ մեր Հօր առաջ: 4 Սիրելի՛ եղբայրներ, գիտցէ՛ք, որ ընտրուել էք Աստծոյ կողմից. 5 մեր աւետարանը միայն խօսքերով չքարոզուեց ձեզ, այլ նաեւ զօրութեամբ, Սուրբ Հոգով եւ կատարեալ վստահութեամբ. գիտէք նաեւ, թէ ինչպիսի ընթացք ունեցանք ձեր մէջ ձեզ համար: 6 Եւ դուք, նմանուելով մեզ եւ Տիրոջը, ընդունեցիք խօսքը բազում նեղութեան մէջ Սուրբ Հոգու ուրախութեամբ՝ 7 օրինակ հանդիսանալով բոլոր հաւատացեալներին, որոնք Մակեդոնիայում եւ Աքայիայում են. 8 ձեզնից հնչեց Աստծոյ խօսքը ոչ միայն Մակեդոնիայում եւ Աքայիայում, այլեւ առ Աստուած ձեր ունեցած հաւատը սփռուեց ամէն տեղ, այնպէս որ մեզ պէտք չէ մի որեւէ բան խօսել այդ մասին, 9 քանի որ մարդիկ իրենք իսկ պատմում են մեր մասին. թէ ինչպէս եղաւ մեր մուտքը ձեր մէջ, եւ թէ ինչպէս կուռքերից դարձաք առ Աստուած՝ ծառայելու համար կենդանի եւ ճշմարիտ Աստծուն 10 եւ սպասելու երկնքից նրա Որդու գալստեանը, որին յարութիւն տուեց նա մեռելներից, Յիսուսին, որ պիտի փրկի մեզ վերահաս բարկութիւնից:




Ավետարան ըստ Ղուկասի 12.13-31

13 Ժողովրդի միջից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, ասա՛ եղբօրս, որ ժառանգութիւնը ինձ հետ բաժանի»: 14 Եւ նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատաւոր կամ բաժանարար կարգեց ձեզ վրայ»: 15 Ապա ժողովրդին ասաց. «Տեսէք, որ զգոյշ լինէք ամէն տեսակ ագահութիւնից, որովհետեւ մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մէջ չէ»: 16 Եւ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի մեծահարուստի արտերը առատ բերք տուեցին. 17 եւ նա խորհեց իր մտքում ու ասաց. “Տեսնեմ ի՞նչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկայ: 18 Գիտեմ,– ասաց նա,– թէ ինչ պէտք է անեմ. կքանդեմ իմ շտեմարաններն ու աւելի մեծերը կշինեմ եւ այնտեղ կհաւաքեմ ցորենն ու իմ ամբողջ բարիքները. 19 եւ ինքս ինձ կասեմ. ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարուած բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր եւ ուրա՛խ եղիր”: 20 Աստուած նրան ասաց. “Անմի՛տ, հէնց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”: 21 Նոյնպէս է նաեւ նա, ով իր անձի համար գանձ կհաւաքի եւ Աստծով չի հարստանայ»: 22 Եւ իր աշակերտներին ասաց. «Դրա համար էլ ասում եմ ձեզ. հոգ մի՛ արէք ձեր հոգու համար, թէ ինչ էք ուտելու, ոչ էլ՝ մարմնի համար, թէ ինչ էք հագնելու. 23 որովհետեւ հոգին առաւել է, քան կերակուրը, եւ մարմինը՝ քան հագուստը: 24 Նայեցէ՛ք ագռաւներին, որոնք ո՛չ սերմանում են եւ ո՛չ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն եւ ո՛չ էլ ամբարներ, բայց Աստուած կերակրում է նրանց. որքա՜ն եւս առաւել՝ ձեզ, որ շատ աւելի յարգի էք, քան թռչունները: 25 Ձեզնից ո՞վ հոգս անելով կկարողանայ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել: 26 Արդ, եթէ փոքր բանի մէջ անկարող էք, այլ բաների համար ինչո՞ւ էք հոգս անում: 27 Նայեցէ՛ք շուշանին՝ ինչպէս է աճում. ո՛չ աշխատում է եւ ո՛չ հիւսում: Ասում եմ ձեզ. Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մէջ նրանցից մէկի նման չհագնուեց: 28 Իսկ եթէ խոտը, որ այսօր բաց դաշտի մէջ է, իսկ վաղը հնոց է նետուելու, Աստուած այդպէս է հագցնում, որչա՜փ եւս առաւել ձեզ պիտի հագցնի, թերահաւատնե՛ր: 29 Եւ դուք մի՛ մտահոգուէք, թէ ինչ էք ուտելու կամ ինչ էք խմելու, եւ մի՛ մտատանջուէք, 30 որովհետեւ այդ ամէնը աշխարհի հեթանոսներն են, որ փնտրում են: Իսկ ձեր Հայրը գիտէ, որ այդ ամէնը պէտք է ձեզ: 31 Այլ դուք հետամուտ եղէք Աստծոյ արքայութեանը, եւ այդ ամէնը աւելիով կտրուի ձեզ:




 
sacredtradition.am