русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
8 նոյեմբերի 2018թ. հինգշաբթի, ԳԿ
Սրբոց հայրապետացն Մետրոփանոսի, Աղեքսանդրոսի եւ Պօղոսի խոստովանողին եւ սրբոց նօտարացն Մարկիանոսի եւ Մարտիրոնի


Իմաստություն Սողոմոնի 6.22-26

22 Արդ, ո՛վ ժողովուրդների բռնակալներ, եթէ իշխանութեան գահեր եւ մականներ էք տենչում, ապա պատուեցէ՛ք իմաստութիւնը, որպէսզի յաւիտեան թագաւորէք: 23 Իսկ թէ ի՞նչ է իմաստութիւնը եւ ինչպէ՞ս է ծագել այն, ես կպատմեմ. 24 ես չեմ թաքցնի ձեզնից նրա գաղտնիքները, այլ այն կքննեմ արարածների ստեղծման սկզբից եւ կբացայայտեմ նրա իմացութիւնը: 25 Ես չեմ շեղուի ճշմարտութիւնից եւ ոչ էլ նրան կհետեւեմ այն անձի նման, որ մաշուել է նախանձից, քանի որ այդպիսի մէկը հաղորդ չէ իմաստութեանը: 26 Իմաստունների բազմութիւնն աշխարհի փրկութիւնն է, իմաստուն թագաւորը՝ ժողովուրդների ամրութիւնը:




Զաքարիայի մարգարեությունը 12.6-10

6 Այն օրը Յուդայի երկրի հազարապետներին իբրեւ կիսախանձ ձողեր ես պիտի դնեմ կրակի փայտերի մէջ, իբրեւ հրավառ ջահեր պիտի դնեմ եղէգնի մէջ, նրանք աջից ու ձախից պիտի ուտեն շրջակայ բոլոր ժողովուրդներին, եւ Երուսաղէմը դարձեալ բնակելի պիտի լինի իր տեղում՝ Երուսաղէմում: 7 Տէրը պիտի փրկի Յուդայի երկրի տոհմերը, ինչպէս առաջ, որպէսզի Դաւթի տան պարծանքը եւ Երուսաղէմի բնակիչների հպարտութիւնը բարձր չլինի Յուդայի երկրի համեմատ: 8 Այն օրը Ամենակալ Տէրը պիտի պաշտպանի Երուսաղէմի բնակիչներին, եւ ամենատկարը նրանց մէջ պիտի լինի Դաւթի պէս, իսկ Դաւթի տունը՝ Աստծոյ տան նման, Տիրոջ հրեշտակի պէս նրանց առաջ: 9 Այն օրը ես պիտի բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնք կյարձակուեն Երուսաղէմի վրայ: 10 Շնորհի ու գթութեան հոգի պիտի հեղեմ Դաւթի տան եւ Երուսաղէմի բնակիչների վրայ.




Թուղթ եբրայեցիներին 13.7-9

7 Յիշեցէ՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծոյ խօսքն ասացին: Նայելով նրանց կեանքի ընթացքի վախճանին՝ հետեւո՛ղ եղէք նրանց հաւատին: 8 Յիսուս Քրիստոս նոյնն է երէկ, այսօր եւ յաւիտեան: 9 Տեսակ-տեսակ եւ օտարոտի ուսմունքների մէջ մի՛ տարուբերուէք, քանզի լաւ է շնորհով ամրացնել սիրտը եւ ոչ թէ՝ կերակրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպէս ընթացան:




Ավետարան ըստ Մատթեոսի 4.23-25

23 Եւ Յիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայութեան աւետարանը եւ բժշկում ժողովրդի մէջ եղած բոլոր հիւանդութիւններն ու բոլոր ախտերը: 24 Եւ նրա համբաւը տարածուեց ամբողջ Ասորիքում. եւ նրա մօտ բերեցին բոլոր հիւանդներին, որոնք տառապում էին պէս-պէս ցաւերով ու տանջանքներով՝ ե՛ւ դիւահարների, ե՛ւ լուսնոտների, ե՛ւ անդամալոյծների. եւ նրանց բժշկեց: 25 Եւ Գալիլիայից, Դեկապոլսից, Երուսաղէմից, Հրէաստանից եւ Յորդանանի միւս կողմից բազում ժողովուրդ նրա յետեւից էր գնում. եւ բժշկեց նրանց:




 
sacredtradition.am