русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
10 օգոստոսի 2018թ. ուրբաթ, ԲԿ
Ե օր Աստուածածնի պահոց


Պողոս առաքյալի Ա թուղթը կորնթացիներին 15.50-57

50 Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, որ մարմին եւ արիւն Աստծոյ թագաւորութիւնը ժառանգել չեն կարող. ոչ էլ ապականութիւնը անապականութիւն է ժառանգում: 51 Արդ, մի խորհուրդ եմ յայտնում ձեզ. բոլորս էլ պիտի ննջենք, բայց ոչ թէ՝ իսկապէս բոլորս. 52 պիտի նորոգուենք յանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, եւ մեռելները յարութիւն պիտի առնեն առանց ապականութեան, եւ մենք պիտի նորոգուենք. 53 որովհետեւ պէտք է, որ այս ապականացու մարմինը անապականութիւն կրի, եւ այս մահկանացու գոյութիւնը հագնի անմահութիւն: 54 Եւ երբ այս մահկանացու գոյութիւնը հագնի անմահութիւն, եւ այս ապականացու մարմինը՝ անապականութիւն, այն ժամանակ կկատարուի այն խօսքը, որ գրուեց. «Մահը կուլ գնաց յաղթութեան: 55 Ո՞ւր է, մա՛հ, քո յաղթութիւնը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը»: 56 Մահի խայթոցը մեղքն է, եւ մեղքի զօրութիւնը՝ օրէնքը: 57 Բայց գոհութիւն Աստծոյ, որ տուեց մեզ յաղթութիւնը մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով:




Ավետարան ըստ Մարկոսի 3.31-4.8

31 Եկան նրա եղբայրներն ու մայրը եւ դրսում կանգնած՝ մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան: 32 Եւ այնտեղ ժողովուրդը նստել էր նրա շուրջը: Եւ երբ ասացին նրան՝ «Ահաւասիկ, քո մայրն ու քո եղբայրները դրսում են եւ քեզ են ուզում», 33 նրանց պատասխանեց եւ ասաց. «Ո՞վ է իմ մայրը կամ իմ եղբայրները»: 34 Ապա նայեց իր շուրջը՝ իր աշակերտներին, որոնք նստած էին, եւ ասաց. «Ահաւասի՛կ իմ մայրը եւ իմ եղբայրները. 35 որովհետեւ ով Աստծոյ կամքն է կատարում, նա է իմ եղբայրը եւ քոյրը եւ մայրը»:

4 1 Նորից նա սկսեց ուսուցանել ծովեզերքի մօտ, եւ նրա շուրջը խռնուեց բազում ժողովուրդ, այնպէս որ նա մտաւ ու նստեց մի նաւակի մէջ՝ ծովի վրայ, մինչ ամբողջ ժողովուրդը ծովեզերքին շուրջանակի բռնել էր ցամաքը: 2 Եւ նա առակներով նրանց շատ բան էր ուսուցանում եւ նրանց ասում իր քարոզութեան մէջ. 3 «Լսեցէ՛ք, ահաւասիկ մի սերմանող սերմանելու ելաւ: 4 Եւ պատահեց, որ սերմանելու ժամանակ սերմի մի մասն ընկաւ ճանապարհի եզերքը, եւ թռչունները եկան ու կերան այն: 5 Ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, որտեղ շատ հող չկար. եւ շուտով բուսաւ, որովհետեւ հողը խոր չէր. 6 բայց երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չունէր, չորացաւ: 7 Մի ուրիշ մաս ընկաւ փշերի մէջ. փշերը բարձրացան եւ խեղդեցին այն, եւ պտուղ չտուեց: 8 Իսկ մի ուրիշ մաս էլ ընկաւ լաւ հողի վրայ, բուսնելով աճեց ու պտուղ տուեց. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն եւ մէկի դիմաց՝ հարիւր»:




 
sacredtradition.am