9 հոկտեմբերի 2019թ. չորեքշաբթի, ԲԿ
Պահք
Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 1.1-101 Պօղոսը՝ առաքեալ ո՛չ մարդկանց կողմից եւ ո՛չ էլ մարդու միջոցով, այլ Յիսուս Քրիստոսի միջոցով եւ Հայր Աստծոյ, որ յարութիւն տուեց նրան մեռելներից, 2 եւ բոլոր եղբայրները, որ ինձ հետ են, Գաղատիայի եկեղեցիների՛դ՝ 3 շնո՜րհ ընդ ձեզ եւ խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից, 4 որ իր անձը տուեց մեր մեղքերի համար, որպէսզի մեզ փրկի ներկայ այս չար աշխարհից ըստ Աստծոյ եւ մեր Հօր կամքի, 5 նրան՝ փա՜ռք յաւիտեանս յաւիտենից: Ամէն: 6 Զարմանում եմ, որ այդպէս շուտ լքում էք նրան, ով Քրիստոսի շնորհով կանչեց ձեզ, եւ դառնում էք դէպի ուրիշ աւետարան. 7 բայց ուրիշ աւետարան չկայ. կան ոմանք, որ խռովութիւն են սերմանում ձեր մէջ եւ ուզում են շուռ տալ Քրիստոսի աւետարանը: 8 Եթէ նոյնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ աւետարանի ձեզ աւելին, քան այն, որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովեա՛լ լինի: 9 Ինչպէս աւելի առաջ էլ ասացինք, հիմա էլ դարձեալ ասում եմ. եթէ մէկն աւետարանի ձեզ աւելին, քան ինչ որ դուք ընդունեցիք, նզովեա՛լ լինի: 10 Արդ, մարդկա՞նց եմ ձգտում հաճոյացնել, թէ՞ Աստծուն. կամ մարդկանց հաճելի լինե՞լ եմ ուզում: Եթէ ջանայի մարդկանց հաճելի լինել, ապա Քրիստոսին ծառայ չէի լինի:
Ավետարան ըստ Մարկոսի 12.1-121 Եւ սկսեց նրանց հետ առակներով խօսել ու ասել. «Մի մարդ այգի տնկեց եւ նրա շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոս փորեց եւ աշտարակ շինեց. եւ այն յանձնեց մշակներին ու գնաց ուրիշ երկիր: 2 Երբ ժամանակը հասաւ, մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որ այդ մշակներից վերցնի այգու պտղից: 3 Եւ մշակները, նրան բռնելով, ծեծեցին ու ձեռնունայն արձակեցին: 4 Դարձեալ նա մի ուրիշ ծառայ ուղարկեց, եւ նրա էլ գլխին հարուածեցին եւ անարգելով արձակեցին: 5 Եւ վերստին մէկ ուրիշին ուղարկեց. սրան էլ սպանեցին. եւ ուրիշ շատերին ուղարկեց. ոմանց ծեծում էին, ոմանց՝ սպանում: 6 Դեռեւս նա մի սիրելի որդի ունէր. վերջում նրան ուղարկեց նրանց մօտ՝ ասելով. «Թերեւս իմ այս որդուց ամաչեն»: 7 Իսկ մշակները, երբ տեսան, որ նա գալիս է, իրար ասացին. «Ժառանգը սա է. եկէք սպանենք սրան, եւ ժառանգութիւնը մերը թող լինի»: 8 Եւ բռնելով նրան՝ սպանեցին ու հանեցին գցեցին այգուց դուրս: 9 Արդ, այգու տէրն ի՞նչ կանի. կգայ եւ կսպանի մշակներին ու այգին ուրիշների ձեռքը կյանձնի: 10 Դուք չէ՞ք կարդացել Գրքի այն խօսքը, թէ՝ «Այն քարը, որ կառուցողներն անարգեցին, նա եղաւ անկիւնաքար»: 11 Տիրոջ կողմից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է»: 12 Եւ նրանք միջոց էին փնտրում նրան ձերբակալելու, բայց ժողովրդից վախեցան, որովհետեւ հասկացան, որ նա առակը իրենց մասին ասաց: Եւ թողեցին նրան ու գնացին: