русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
11 սեպտեմբերի 2019թ. չորեքշաբթի, ԴԿ
Գ օր Ս. Խաչի պահոց


Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 9.1-9

1 Սրբերին ի նպաստ եղած օգնութեան մասին աւելորդ է, որ ձեզ գրեմ, 2 որովհետեւ գիտեմ ձեր յօժարակամութիւնը, որով ձեր մասին պարծեցել եմ մակեդոնացիների մօտ, թէ՝ «Աքայեցիները անցեալ տարուց պատրաստ են այդ օգնութեանը»: Եւ ձեր նախանձախնդրութիւնը շատերին խթանեց: 3 Եղբայրներին էլ ուղարկեցինք, որպէսզի այս հարցում ձեր հանդէպ մեր ունեցած պարծանքը զուր չլինի, այլ, ինչպէս ասում էլ էի, որ առաւել պատրաստ գտնուէք: 4 Չլինի թէ, երբ մակեդոնացիները մեզ հետ գան եւ ձեզ անպատրաստ գտնեն, մենք ամօթով մնանք այդ պարծանքի համար, չասելու համար՝ դուք: 5 Արդ, կարեւոր համարեցի խնդրել եղբայրներին, որ աւելի առաջ գան ձեզ մօտ եւ կանխաւ պատրաստեն նախապէս ձեր խոստացած նուէրը, որպէսզի պատրաստ լինի այն իբրեւ սրտաբուխ նուէր եւ ոչ թէ՝ ժլատութեամբ եղած ընծայ. 6 քանզի ով որ մի բան սերմանում է խնայելով, խնայողութեամբ էլ կհնձի. եւ ով առատաձեռնօրէն է սերմանում, առատութեամբ էլ կհնձի: 7 Իւրաքանչիւրը թող տայ, ինչպէս յօժար է սրտով եւ ոչ թէ՝ հարկադրաբար եւ տրտմութեամբ. որովհետեւ Աստուած սիրում է զուարթառատ տուրքը: 8 Եւ Աստուած կարող է ամէն շնորհ շատացնել ձեր մէջ, որպէսզի ամէն ինչում ամենայն ժամ ամենայն բաւականութիւն ստանալով՝ առատանաք բոլոր բարի գործերում, 9 ինչպէս գրուած էլ է. «Սփռեց եւ տուեց աղքատներին. նրա արդարութիւնը մնում է յաւիտեան»:




Ավետարան ըստ Մարկոսի 8.22-26

22 Եկան Բեթսայիդա. եւ նրա առաջ բերեցին մի կոյրի ու աղաչում էին, որ դիպչի նրան: 23 Եւ նա, բռնելով կոյրի ձեռքից, գիւղից դուրս հանեց. նրա աչքերը թքով թրջեց եւ ձեռքը նրա վրայ դրեց. եւ հարցնում էր կոյրին, թէ բան տեսնո՞ւմ է: 24 Նա բացեց աչքերը եւ ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպէս ծառեր»: 25 Նա կրկին ձեռքերը դրեց նրա աչքերի վրայ. կոյրն իր աչքերը բացեց եւ տեսնում էր. բժշկուեց եւ ամէն ինչ յստակ տեսնում էր: 26 Նրան իր տունն արձակեց եւ ասաց. «Գիւղ մի՛ մտիր, այլ գնա՛ քո տունը, իսկ երբ գիւղ մտնես, գիւղում ոչ ոքի չասես»: