русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
1 դեկտեմբերի 2021թ. չորեքշաբթի, ԱԿ
Պահք


Պողոս առաքյալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին 2.1-12

1 Եղբայրնե՛ր, դուք ինքներդ գիտէք, որ իզուր չեղաւ մեր մուտքը ձեր մէջ, 2 այլ նախապէս չարչարուելով եւ անարգուելով Փիլիպէում, ինչպէս որ դուք էլ գիտէք, մեր Աստծով համարձակուեցինք պատմել ձեզ Աստծոյ աւետարանը՝ մեծ ընդդիմութեան հանդիպելով. 3 որովհետեւ մեր յորդորը ո՛չ մոլորութիւնից է, ո՛չ պղծութիւնից եւ ո՛չ էլ նենգամտութիւնից: 4 Այլ ինչպէս ընտրուեցինք Աստծուց՝ հաւատարիմ լինելու աւետարանին, այնպէս էլ խօսում ենք հաճելի լինելու համար ոչ թէ մարդկանց, այլ Աստծուն, որ քննում է մեր սրտերը. 5 շողոքորթութեան խօսքեր երբեք չգործածեցինք ձեզ մօտ, ինչպէս որ դուք էլ գիտէք. եւ ոչ էլ եղանք ձեր մէջ ագահութիւնից մղուած, ինչպէս որ Աստուած էլ վկայ է. 6 եւ փառք չփնտրեցինք մարդկանցից՝ ո՛չ ձեզնից եւ ո՛չ էլ ուրիշներից: 7 Կարող էինք, որպէս Քրիստոսի առաքեալներ, ծանրութիւն դառնալ ձեզ, բայց համեստ եղանք ձեր մէջ, ինչպէս մի դայեակ, որ մանուկներ է խնամում: 8 Նոյն ձեւով մենք էլ գթացինք ձեզ. յօժար էինք ձեզ տալ ոչ միայն Աստծոյ աւետարանը, այլեւ մեր անձը, քանի որ մեր սիրելիներն էիք եղել: 9 Եղբայրնե՛ր, յիշեցէ՛ք մեր վաստակը եւ ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք ձեզնից որեւէ մէկի վրայ ծանրութիւն չլինելու համար. եւ ձեզ քարոզում էինք Աստծոյ աւետարանը: 10 Վկայ էք դուք ինքներդ, վկայ է նաեւ Աստուած, թէ ինչպէս սրբութեամբ, արդարութեամբ եւ անբասիր կերպով վարուեցինք ձեզ՝ հաւատացեալներիդ հետ. 11 ինչպէս գիտէք էլ, ձեզնից իւրաքանչիւրին, ինչպէս հայրը՝ որդիներին, 12 մխիթարում էինք եւ սփոփում ու վկայութիւն էինք տալիս, որ դուք ընթանաք Աստծուն արժանի կերպով, որը կանչեց ձեզ իր արքայութեանը եւ փառքին:




Ավետարան ըստ Ղուկասի 12.41-48

41 Պետրոսն ասաց. «Տէ՛ր, մե՞զ համար ասացիր այդ առակը, թէ՞ բոլորի համար»: 42 Եւ Տէրն ասաց. «Ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտեսը, որին իր տէրը իր ծառաների վրայ վերակացու կարգեց՝ ժամանակին կերակուր տալու համար: 43 Երանի՜ է այն ծառային, որին իր տէրը, երբ որ գայ, այդպէս արած կգտնի: 44 Արդարեւ, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրայ վերակացու կկարգի: 45 Իսկ եթէ այդ ծառան իր սրտում ասի՝ “Իմ տէրն ուշանում է գալ”, եւ սկսի ծեծել ծառաներին ու աղախիններին, ուտել, խմել եւ հարբել, 46 այդ ծառայի տէրը կգայ այն օրը, երբ նա չէր սպասում, եւ այն ժամին, որ չէր իմանում. նրան մէջքից երկու կտոր կանի եւ նրա բաժինը անհաւատների հետ կդնի: 47 Իսկ այն ծառան, որ գիտէ իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կուտի: 48 Եւ այն ծառան, որ չգիտէ իր տիրոջ կամքը եւ ծեծի արժանի գործ է կատարում, քիչ ծեծ կուտի. նրան, ում շատ է տրուած, նրանից շատ էլ կուզուի, եւ ում շատ է վստահուած, նրանից աւելին կպահանջեն»:




 
sacredtradition.am