русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
11 ապրիլի 2021թ. կիրակի, ԴԿ
Ը օր Զատկի. Կրկնազատիկ (Նոր կիւրակէ)


Ավետարան ըստ Ղուկասի 4.14-30

14 Եւ Յիսուս Հոգու զօրութեամբ վերադարձաւ Գալիլիա, ու գաւառի բոլոր կողմերում նրա համբաւը տարածուեց: 15 Եւ նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ փառաւորուելով բոլորից: 16 Եւ եկաւ Նազարէթ, ուր նա սնուել-մեծացել էր. եւ ըստ իր սովորութեան՝ շաբաթ օրը ժողովարան մտաւ: 17 Եւ նրան տուեցին Եսայի մարգարէի գիրքը. եւ նա վեր կացաւ ընթերցելու. եւ երբ գիրքը բացեց, գտաւ այն տեղը, ուր գրուած էր. 18 «Տիրոջ Հոգին ինձ վրայ է. դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու, 19 գերիներին ազատում քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, կեղեքուածներին ազատ արձակելու, Տիրոջն ընդունելի տարին հռչակելու»: 20 Եւ փակելով գիրքը՝ տուեց պաշտօնեային ու նստեց. եւ ժողովարանում բոլոր գտնուողների աչքերը նրա վրայ էին սեւեռուած: 21 Սկսեց ասել նրանց. «Այսօր այս գրուածքները կատարուեցին, երբ լսում էիք ձեր ականջներով»: 22 Եւ բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խօսքերի վրայ ու ասում. «Սա Յովսէփի որդին չէ՞»: 23 Եւ նա ասաց նրանց. «Անշուշտ, ինձ այս առածը կասէք. “Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ: Այն ամէնը, ինչ արել ես Կափառնայումում, որչափ որ լսեցինք, արա՛ եւ այստեղ՝ քո գաւառում”»: 24 Եւ նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարգարէն ընդունելի չէ իր քաղաքում: 25 Արդարեւ, ասում եմ ձեզ, որ Եղիայի օրով Իսրայէլում բազում այրիներ կային, երբ երկինքը փակուեց երեք տարի ու վեց ամիս, եւ ամբողջ երկրի վրայ մեծ սով եղաւ: 26 Սակայն նրանցից ոչ մէկի մօտ Եղիան չուղարկուեց, այլ միայն մի այրի կնոջ՝ սիդոնացիների Սարեփթա քաղաքում: 27 Նաեւ՝ Իսրայէլում Եղիսէ մարգարէի օրով բազում բորոտներ կային, եւ սակայն նրանցից ոչ մէկը չմաքրուեց, այլ միայն՝ Նէեման ասորին»: 28 Երբ այս լսեցին, ժողովարանում բոլորը լցուեցին բարկութեամբ. 29 եւ վեր կենալով նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչեւ դարաւանդը այն լեռան, որի վրայ շինուած էր իրենց քաղաքը, որպէսզի նրան գահավէժ անեն: 30 Իսկ նա, անցնելով նրանց միջով, գնաց:




Գործք առաքելոց 5.34-6.7

34 Մի փարիսեցի, որի անունը Գամաղիէլ էր՝ օրէնսուսոյց եւ ամբողջ ժողովրդից պատւուած մարդ, ատեանի մէջ ոտքի ելաւ եւ հրամայեց, որ առաքեալներին մի փոքր ժամանակով դուրս հանեն. 35 ապա նրանց ասաց. «Ո՛վ իսրայէլացիներ, զգո՛յշ եղէք, թէ այս մարդկանց ինչ պէտք է անէք: 36 Այս օրերից առաջ մէջտեղ ելաւ Թեւդասը, որն իր մասին ասում էր, թէ ինքը երեւելի մէկն է. եւ նրան յարեցին թուով մօտ չորս հարիւր մարդիկ. նա սպանուեց, եւ բոլոր նրանք, որ նրա հետ միաբանուել էին, բաժան-բաժան եղան, ու նրանցից ոչինչ չմնաց: 37 Դրանից յետոյ, մարդահամարի օրերին, մէջտեղ ելաւ Յուդա Գալիլիացին եւ շատ ժողովուրդ ապստամբեցրեց իր յետեւից. նա էլ կորաւ. եւ բոլոր նրանք, որ նրա հետ համաձայնել էին, ցիրուցան եղան: 38 Արդ, այժմ ասում եմ ձեզ, հեռո՛ւ մնացէք այդ մարդկանցից եւ բա՛ց թողէք նրանց, որովհետեւ եթէ այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կքանդուի. 39 իսկ եթէ Աստծուց է, չէք կարող դրանք ձախողել. միգուցէ աստուածամարտ էլ դառնաք»: 40 Ժողովականները հաւանութիւն տուեցին նրան եւ առաքեալներին կանչելով՝ գանահարեցին նրանց ու պատուիրեցին, որ Յիսուսի անունով այլեւս չխօսեն. եւ արձակեցին նրանց: 41 Իսկ նրանք ատեանի առաջից գնացին ուրախանալով, որովհետեւ Տիրոջ անուան համար անարգանքի էին արժանացել: 42 Եւ ամէն օր տաճարում թէ տներում չէին դադարում ուսուցանել եւ աւետարանել Յիսուս Քրիստոսին:

6 1 Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, յունախօս հրեաները տրտնջացին եբրայախօս հրեաների դէմ, որովհետեւ իրենց այրիները ամէնօրեայ նպաստի բաշխման ժամանակ անտեսւում էին: 2 Տասներկուսը կանչեցին աշակերտների բազմութեանը եւ ասացին. «Մեզ հաճելի չէ թողնել Աստծոյ խօսքի քարոզութիւնը եւ սեղաններ սպասարկել: 3 Եղբայրնե՛ր, ընտրեցէ՛ք ձեր միջից բարի համբաւ ունեցող եօթ մարդու, որոնց կնշանակենք այդ ծառայութիւնների համար. 4 իսկ մենք թող աղօթքի եւ խօսքի քարոզութեանը նուիրուենք»: 5 Այս խօսքը հաճելի թուաց բոլոր հաւատացեալներին. եւ ընտրեցին Ստեփանոսին, որ հաւատով եւ Սուրբ Հոգով լցուած մի մարդ էր, եւ Փիլիպպոսին, Պրոքորոնին, Նիկանորային, Տիմոնային, Պարմենային, Նիկողայոսին, որ անտիոքցի մի նորադարձ էր. 6 նրանց կանգնեցրին առաքեալների առաջ եւ աղօթք անելով՝ նրանց վրայ ձեռք դրեցին: 7 Եւ Աստծոյ խօսքը աճում էր, ու աշակերտների թիւը Երուսաղէմում մեծապէս շատանում էր: Եւ քահանաներից շատերը հնազանդւում էին հաւատին:




Հակոբոս առաքյալի թուղթը 3.1-12

1 Եղբայրնե՛ր իմ, շատերդ մի՛ ձգտէք ուսուցանող լինել: Իմացէ՛ք, որ մեծ դատաստան ենք ընդունելու, 2 քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում: Եթէ մէկը խօսքով չի մեղանչում, նա կատարեալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը: 3 Տե՛ս, թէ ինչպէս սանձեր ենք դնում ձիերի բերանը, որ նրանք մեզ հնազանդուեն. եւ նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք: 4 Ահաւասիկ եւ նաւերը. ի՜նչ հսկայ բաներ են, սաստիկ հողմերից քշւում են, բայց փոքր մի ղեկով ուղղւում են, ո՛ր կողմը որ նաւավարի սիրտն ուզում է: 5 Այսպէս էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում: Ահա թէ մի փոքր կրակ ինչպիսի՜ անտառներ է հրդեհում: 6 Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրաւութեան. մեր անդամների մէջ է հաստատուած լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը եւ կրակով վառում մեր ամբողջ կեանքը՝ բորբոքուած գեհենի կրակով: 7 Գազանների, թռչունների եւ սողունների ամէն տեսակ եւ ինչ որ կայ ծովի մէջ, հնազանդուած են եւ հնազանդւում են մարդկային բնութեանը, 8 բայց մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին եւ մահաբեր թոյնով լցուածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել: 9 Նրանով օրհնում ենք Տիրոջը եւ Հօրը եւ նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծուեցին Աստծոյ նմանութեամբ: 10 Նոյն բերանից դուրս են գալիս օրհնութիւններ եւ անէծքներ: Եղբայրնե՛ր իմ, պէտք չէ, որ այդ այդպէս լինի: 11 Մի՞թէ մի աղբիւր նոյն ակունքից քաղցր եւ դառը ջուր կբխեցնի: 12 Եղբայրնե՛ր իմ, մի՞թէ կարելի է, որ թզենին ձիթապտուղ տայ, կամ որթատունկը՝ թուզ: Նմանապէս՝ աղուտ տեղից քաղցր ջուր չի կարելի ստանալ:




Ավետարան ըստ Հովհաննեսի 1.1-17

1 Սկզբից էր Բանը եւ Բանը Աստծոյ մօտ էր եւ Բանը Աստուած էր: 2 Նա սկզբից Աստծոյ մօտ էր: 3 Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրա չեղաւ ոչինչ, որ եղել է: 4 Կեանքը նրանով էր: Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր: 5 Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց: 6 Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս: 7 Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի Լոյսի մասին, որ բոլորը նրա միջոցով հաւատան: 8 Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի Լոյսի մասին: 9 Նա էր ճշմարիտ Լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ: 10 Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց: 11 Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին: 12 Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծոյ որդիներ, նրանց, որոնք իր անուանը կհաւատան: 13 Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամքից եւ ո՛չ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին: 14 Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը՝ նման այն փառքին, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ: 15 Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում եւ ասում. «Սա է, որի մասին ասացի: Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից առաջ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար»: 16 Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն. 17 որովհետեւ օրէնքը Մովսէսի միջոցով տրուեց, իսկ շնորհը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի միջոցով եղան:




Ավետարան ըստ Հովհաննեսի 21.15-25

15 Եւ երբ ճաշեցին, Յիսուս Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ աւելի, քան նրանք»: Սա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»: Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ գառներին»: 16 Դարձեալ ասաց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»: Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»: 17 Երրորդ անգամ նրան ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թէ՝ «Սիրո՞ւմ ես ինձ»: Ու նրան պատասխանեց. «Տէ՛ր, դու ամէն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին եւ գիտես, որ սիրում եմ քեզ»: Յիսուս նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին: 18 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գօտիդ կապում եւ գնում էիր, ուր եւ կամենում էիր. սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կբարձրացնես, եւ ուրիշները քեզ գօտի կկապեն ու կտանեն, ուր չես կամենայ»: 19 Այս ասաց՝ նշելով, թէ ինչ մահով նա պիտի փառաւորի Աստծուն: Եւ երբ այս ասաց, աւելացրեց. «Արի՛ իմ յետեւից»: 20 Պետրոսը դարձաւ եւ տեսաւ, որ այն աշակերտը, ում Յիսուս սիրում էր, գալիս է յետեւից. նա, որ ընկել էր նրա կրծքով ու ասել. «Տէ՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»: 21 Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Յիսուսին. «Տէ՛ր, իսկ նա ի՞նչ կլինի»: 22 Յիսուս նրան ասաց. «Եթէ ես կամենում եմ, որ նա ապրի, մինչեւ որ ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ յետեւից»: 23 Եւ այս խօսքը տարածուեց եղբայրների մէջ. եւ կարծեցին, թէ այն աշակերտը չպիտի մեռնի: Բայց Յիսուս նրան չասաց, թէ՝ չպիտի մեռնի, այլ թէ՝ ես կամենում եմ, որ նա ապրի, մինչեւ որ ես գամ: 24 Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որը եւ գրեց իսկ դրանք. եւ գիտենք, որ նրա վկայութիւնը ճշմարիտ է: 25 Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Յիսուս արեց, որոնք եթէ մէկ առ մէկ գրուած լինէին, կարծում եմ, թէ աշխարհն իսկ բաւական չէր լինի պարփակելու այդ գրքերը, եթէ դրանք գրուած լինէին:




Ավետարան ըստ Մատթեոսի 27.50-61

50 Եւ Յիսուս դարձեալ բարձր ձայնով աղաղակեց եւ հոգին աւանդեց: 51 Եւ ահա տաճարի վարագոյրը վերեւից մինչեւ ներքեւ երկուսի պատռուեց, եւ երկիրը շարժուեց, եւ ժայռերը ճեղքուեցին, 52 եւ գերեզմանները բացուեցին, եւ ննջեցեալ սրբերի բազում մարմիններ յարութիւն առան 53 ու նրա յարութիւնից յետոյ գերեզմաններից ելնելով՝ մտան սուրբ քաղաքը եւ շատերին երեւացին: 54 Իսկ հարիւրապետը եւ նրանք, որ իր հետ Յիսուսին պահպանում էին, երբ տեսան երկրաշարժը եւ պատահածները, սաստիկ վախեցան ու ասացին. «Արդարեւ, Աստծոյ Որդին էր սա»: 55 Այնտեղ շատ կանայք կային, որոնք կանգնած հեռուից նայում էին եւ որոնք Գալիլիայից եկել էին Յիսուսի յետեւից նրան ծառայելու համար. 56 նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Յակոբի եւ Յովսէի մայր Մարիամը եւ Զեբեդէոսի որդիների մայրը: 57 Երբ երեկոյ եղաւ, եկաւ Յովսէփ անունով արիմաթիացի մի մեծահարուստ մարդ, որ Յիսուսին աշակերտել էր: 58 Սա, Պիղատոսի մօտ գնալով, Յիսուսի մարմինը խնդրեց: Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրուի: 59 Եւ Յովսէփը, մարմինն առնելով, պատեց մաքուր կտաւով 60 եւ դրեց նոր գերեզմանի մէջ, որ փորել էր տուել ժայռի մէջ: Եւ մի մեծ քար, որպէս կափարիչ, գերեզմանի դռան առաջ գլորեց ու գնաց: 61 Այնտեղ էին Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը. նրանք նստած էին գերեզմանի դիմաց:




Ավետարան ըստ Հովհաննեսի 20.26-31

26 Ութ օր յետոյ աշակերտները դարձեալ ներսում էին, եւ Թովմասը՝ նրանց հետ: Յիսուս եկաւ փակ դռներով, կանգնեց մէջտեղում եւ ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ»: 27 Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները եւ դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. եւ բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ իմ կողի մէջ. անհաւատ մի՛ եղիր, այլ՝ հաւատացեալ»: 28 Թովմասը պատասխան տուեց ու նրան ասաց. «Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ»: 29 Յիսուս նրան ասաց. «Որովհետեւ դու ինձ տեսար, հաւատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, եւ սակայն կհաւատան»: 30 Իր աշակերտների առաջ Յիսուս բազում այլ նշաններ էլ արեց, որոնք այս գրքում գրուած չեն: 31 Այլ այսքանը գրուեց, որ դուք հաւատաք, թէ Յիսուս Քրիստոսն է՝ Աստծոյ Որդին. նաեւ՝ որպէսզի հաւատաք ու նրա անունով յաւիտենական կեանքն ընդունէք:




 
sacredtradition.am