русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
4 հունիսի 2020թ. հինգշաբթի, ԳԿ
Ե օր Հոգեգալստեան
Պահք


Ելք 30.22-29

22 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 23 «Վերցրո՛ւ անուշահոտ համեմունքներ. զմռնենու հինգ հարիւր սիկղ ընտիր ծաղիկներ, դրա կէսի չափ՝ երկու հարիւր յիսուն սիկղ անուշաբոյր կինամոն, երկու հարիւր յիսուն սիկղ անուշաբոյր խնկեղէգ, 24 հինգ հարիւր սիկղ սրբարանի հիրիկ եւ ձիթապտղի շուրջ վեց լիտր ձէթ: 25 Դրանցից կպատրաստես սուրբ օծութեան համար իւղ այնպէս, ինչպէս վարպետ իւղագործները ձէթ են պատրաստում: Այն սուրբ օծութեան համար իւղ թող լինի: 26 Դրանով կօծես վկայութեան խորանը, վկայութեան տապանակը, 27 զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, խնկարկութեան սեղանը, 28 ողջակէզների սեղանն ու նրա ամբողջ սպասքը, աւազանն ու նրա պատուանդանը: 29 Կսրբագործես դրանք, եւ դրանք կլինեն սրբութիւնների սրբութիւն: Ամէն ոք, որ դիպչի դրան, կմաքրուի:




Իմաստություն Սողոմոնի 9.13-10.2

13 Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծոյ խորհուրդները, եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը. 14 քանզի մահկանացուների մտածումները անստոյգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ: 15 Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը: 16 Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաները եւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ: 17 Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո Սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից: 18 Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղները, սովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, եւ փրկուեցին քո իմաստութեամբ:

10 1 Իմաստութիւնը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հօրը՝ միայնակ ստեղծեալին: 2 Նա փրկեց նրան իր յանցանքներից եւ զօրութիւն տուեց նրան բոլորի վրայ իշխելու:




Գործք առաքելոց 19.1-7

1 Եւ մինչ Ապողոսը դեռ Կորնթոսում էր, Պօղոսը շրջեց վերին կողմերը եւ իջաւ Եփեսոս ու այնտեղ մի քանի աշակերտներ գտնելով՝ նրանց ասաց. 2 «Երբ հաւատացիք, Սուրբ Հոգին ընդունեցի՞ք»: Նրանք ասացին. «Մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կայ»: 3 Եւ նա ասաց. «Ուրեմն ինչո՞վ մկրտուեցիք»: Նրանք ասացին. «Յովհաննէսի մկրտութեամբ»: 4 Եւ Պօղոսն ասաց. «Յովհաննէսը ապաշխարել եւ մկրտուել քարոզեց ամբողջ ժողովրդին եւ ասում էր, թէ ով գալու է իրենից յետոյ, նրան թող հաւատան. այն է՝ Յիսուս Քրիստոսին»: 5 Եւ երբ այս լսեցին, մկրտուեցին Տէր Յիսուսի անունով: 6 Եւ երբ Պօղոսը նրանց վրայ ձեռք դրեց, Սուրբ Հոգին իջաւ նրանց վրայ. լեզուներ էին խօսում եւ մարգարէանում: 7 Նրանք շուրջ տասներկու հոգի էին:




Ավետարան ըստ Հովհաննեսի 20.19-23

19 Նոյն կիրակի օրուայ երեկոյեան աշակերտները հաւաքուած էին մի տան մէջ, որի դռները փակուած էին հրեաներից վախենալու պատճառով: Յիսուս եկաւ, կանգնեց նրանց մէջտեղում եւ նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ»: 20 Այս ասելով՝ նրանց ցոյց տուեց իր ձեռքերը եւ կողը. եւ աշակերտներն ուրախացան, երբ տեսան Տիրոջը: 21 Նա դարձեալ նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ. ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ»: 22 Երբ այս ասաց, նրանց վրայ փչեց եւ ասաց. «Առէ՛ք Սուրբ Հոգին: 23 Եթէ մէկի մեղքերը ներէք, նրան ներուած կլինի. եթէ մէկի մեղքերը չներէք, ներուած չի լինի»:




Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 2.12-24

12 Բոլոր նրանք, որ մեղանչեցին առանց օրէնք ունենալու, առանց օրէնքի էլ կկորչեն. իսկ նրանք, որ օրէնք ունենալով մեղանչեցին, օրէնքով էլ կդատուեն 13 (որովհետեւ օրէնքը լսողները չեն, որ արդար են Աստծոյ առաջ, այլ օրէնքը կատարողները պիտի արդարացուեն: 14 Եւ ուրեմն հեթանոսները, որ օրէնք չունեն, բնականօրէն են օրէնքի գործերը կատարում. նրանք, օրէնք չունենալով, իրենք իրենց համար իսկ օրէնք են: 15 Նրանք ցոյց են տալիս, որ Աստծոյ օրէնքի պահանջները գրուած են իրենց սրտերում՝ իրենց խղճի վկայութեամբ եւ իրենց խորհուրդների մէջ միմեանց մեղադրելով կամ արդարացնելով), 16 այն օրը, երբ Աստուած պիտի դատի մարդկանց գաղտնի գործերը, ըստ իմ աւետարանի, Յիսուս Քրիստոսի միջոցով: 17 Ահա եւ դու, որ հրեայ ես կոչւում եւ յենուել ես օրէնքին ու պարծենում ես Աստծով, 18 դու, որ գիտես նրա կամքը եւ ընտրում ես բարին ու կրթուած ես ըստ օրէնքի, 19 դու, որ վստահ ես քո անձի վրայ՝ առաջնորդ լինելու կոյրերին, լոյս՝ խաւարի մէջ եղողներին, 20 խրատող՝ անմիտներին, ուսուցիչ՝ մանուկներին, քանի որ վստահ ես, թէ ունես օրէնքի մէջ գիտութեան եւ ճշմարտութեան կատարեալ պատկերացումը... 21 Իսկ արդ, դու, որ ուսուցանում ես ընկերոջդ, ինքդ քեզ չես ուսուցանում. քարոզում ես չգողանալ, գողանում ես. 22 ասում ես չշնանալ, շնանում ես. գարշում ես մեհեաններից, տաճարներն ես կողոպտում. 23 օրէնքով պարծենում ես, օրէնքը խախտելով Աստծուն ես անարգում. 24 որովհետեւ Աստծոյ անունը ձեր պատճառով հեթանոսների մէջ հայհոյւում է, ինչպէս որ գրուած էլ է:




Ավետարան ըստ Մատթեոսի 8.28-34

28 Եւ երբ այն կողմ՝ գերգեսացիների երկիրն անցաւ, նրան պատահեցին գերեզմաններից ելած երկու դիւահարներ՝ այնքան սաստիկ կատաղած, որ այդ ճանապարհով որեւէ մէկը չէր կարող անցնել: 29 Եւ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կայ մեր եւ քո միջեւ, Յիսո՛ւս, Որդի՛ Աստծոյ, մեզ տարաժամ տանջելո՞ւ եկար»: 30 Եւ նրանցից քիչ հեռու արօտական խոզերի մի երամակ կար: 31 Եւ դեւերը աղաչում էին նրան ու ասում. «Թէ մեզ այստեղից հանես, մեզ թո՛յլ տուր գնալ խոզերի երամակը»: 32 Եւ նա նրանց ասաց՝ գնացէ՛ք: Դեւերը դուրս ելնելով գնացին խոզերի երամակ: Եւ ամբողջ երամակը դարաւանդից դիմեց դէպի ծով, ու ջրերի մէջ սատկեցին: 33 Իսկ խոզարածները փախան եւ քաղաք գնալով՝ պատմեցին ամէն ինչ, նաեւ՝ դիւահարների դէպքը: 34 Եւ ահա ամբողջ քաղաքը Յիսուսին ընդառաջ ելաւ. երբ նրան տեսան, աղաչեցին, որ իրենց սահմաններից հեռու գնայ:




Ավետարան ըստ Մատթեոսի 1.18-21

18 Յիսուս Քրիստոսի ծնունդը այսպէս եղաւ. նրա մայրը՝ Մարիամը, որ Յովսէփի նշանածն էր, նախքան նրանց իրար մօտենալը՝ Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց: 19 Եւ Յովսէփը՝ նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան: 20 Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազում երեւաց նրան եւ ասաց. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնել Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ Ծնուածը Սուրբ Հոգուց է: 21 Նա մի Որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին իր մեղքերից»:




 
sacredtradition.am