русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
22 փետրվարի 2020թ. շաբաթ, ԲԿ
Կոստանդնուպոլսոյ ս. ժողովոյն հարիւր յիսուն հայրապետացն (381 թ.)


Եզեկիելի մարգարեությունը 3.16-19

16 Եօթ օր յետոյ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 17 «Մարդո՛ւ որդի, ես քեզ դէտ կարգեցի Իսրայէլի այդ տանը. դու ինձնից պատգամներ ես լսելու եւ իմ անունից սպառնալու ես նրանց: 18 Երբ անօրէնին ասեմ՝ ստոյգ պիտի մեռնես, դու այլեւս չես զգուշացնելու նրան, ոչ էլ ասելու ես անօրէնին, որ զգուշանայ, յետ դառնայ իր չար ճանապարհից ու ապրի: Այդ անօրէնն իր անօրինութեան մէջ է մեռնելու, եւ նրա արիւնը քեզնից եմ պահանջելու: 19 Իսկ եթէ դու անօրէնին զգուշացնես, ու նա յետ չդառնայ իր անօրինութիւնից եւ իր ճանապարհից, այդ անօրէնն իր անօրինութեան մէջ է մեռնելու, իսկ դու քեզ փրկելու ես:




Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 6.1-14

1 Ուստի, Աստծուն գործակից լինելով, աղաչում ենք, որ դուք Աստծոյ շնորհը զուր ընդունած չլինէք. 2 որովհետեւ ասում է. «Ընդունելի ժամանակում լսեցի քեզ եւ փրկութեան օրը օգնեցի քեզ»: Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկութեան օրը: 3 Եւ ոչ մի առիթով պատճառ մի՛ եղէք, որպէսզի մեր պաշտօնը չարատաւորուի. 4 այլ բոլոր դէպքերում դուք ձեզ ներկայացրէք իբրեւ Աստծոյ պաշտօնեաներ՝ ցոյց տալով մեծ համբերութիւն նեղութիւնների մէջ, վշտերի մէջ, չարչարանքների մէջ, 5 հարուածների տակ, բանտերում, խռովութիւնների մէջ, տքնութիւնների մէջ, հսկումների մէջ, ծոմապահութեան մէջ, 6 սրբութեամբ, գիտութեամբ, համբերութեամբ, քաղցրութեամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, 7 ճշմարտութեան խօսքով, Աստծոյ զօրութեամբ, արդարութեան զէնքով՝ յարձակուելու եւ պաշտպանուելու համար, 8 փառքով եւ անարգութեամբ, գովութեամբ եւ պարսաւանքով, իբրեւ թէ մոլորեցնողներ, բայց ճշմարտութիւնից չշեղուածներ, 9 իբրեւ թէ անծանօթներ, բայց բոլորից ճանաչուածներ, իբրեւ թէ մահամերձներ, բայց եւ ահաւասիկ կենդանի ենք, իբրեւ թէ պատժուածներ, բայց ոչ մահապարտներ, 10 իբրեւ թէ տրտմածներ, բայց եւ շարունակ ուրախ ենք, իբրեւ թէ տնանկներ, բայց եւ շատերին ենք հարստացնում, իբրեւ թէ ոչինչ չունենք, բայց ունենք ամէն ինչ: 11 Կորնթացինե՛ր, մեր բերանները բաց են պատգամելու համար ձեզ, եւ մեր սրտերը՝ լայն: 12 Մենք չէ, որ նեղում ենք ձեզ, այլ դուք ձեր սրտերում էք նեղւում: 13 Արդ, դուք էլ նոյն հատուցումն անելով – որդիների տեղ եմ դնում ձեզ – լայնօրէն բա՛ց արէք ձեր սրտերը: 14 Անհաւատներին լծակից մի՛ եղէք, որովհետեւ ի՞նչ կապ ունի արդարութիւնը անօրինութեան հետ. եւ կամ՝ ի՞նչ յարաբերութիւն լոյսի եւ խաւարի միջեւ.




Ավետարան ըստ Մատթեոսի 12.22-32

22 Այն ժամանակ նրա մօտ բերուեց կոյր ու համր մի դիւահար, եւ նա բժշկեց նրան, այնպէս որ համրն ու կոյրը խօսում էր ու տեսնում: 23 Ամբողջ ժողովուրդը զարմացաւ եւ ասում էր. «Մի՞թէ սա է Քրիստոսը՝ Դաւթի Որդին»: 24 Բայց երբ փարիսեցիները լսեցին, ասացին. «Նա դեւերին այլ կերպ չի հանում, եթէ ոչ՝ Բէեղզեբուղի՝ դեւերի իշխանի միջոցով»: 25 Երբ Յիսուս նրանց մտածումներն իմացաւ, նրանց ասաց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն քաղաք կամ տուն կանգուն չի մնայ. 26 եւ եթէ սատանան սատանային հանում է, ուրեմն ինքն իր մէջ բաժանուեց. արդ, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ: 27 Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերին, ձեր որդիները ինչո՞վ կհանեն. դրա համար էլ նրանք կլինեն ձեր դատաւորները: 28 Իսկ եթէ Աստծոյ Հոգով եմ հանում դեւերին, ուրեմն Աստծոյ արքայութիւնը հասել է ձեզ վրայ: 29 Կամ՝ ինչպէ՞ս կարող է մէկը մտնել հզօր մի մարդու տունը եւ յափշտակել նրա գոյքերը, եթէ նախ չկապի հզօրին եւ ապա նրա տունը կողոպտի: 30 Ով ինձ հետ չէ, իմ դէմ է, եւ ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է: 31 Դրա համար ասում եմ ձեզ. ամէն մեղք եւ հայհոյանք կներուեն մարդկանց, բայց Հոգու դէմ հայհոյանքը չպիտի ներուի: 32 Եւ ով որ մարդու Որդու դէմ խօսք ասի, նրան պիտի ներուի, բայց ով ասի Սուրբ Հոգու դէմ, նրան չպիտի ներուի ո՛չ այս աշխարհում եւ ո՛չ էլ հանդերձեալում:




 
sacredtradition.am