русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
16 դեկտեմբերի 2019թ. երկուշաբթի, ԴԿ
Սրբոց հայրապետացն Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութայի եպիսկոպոսին


Իմաստություն Սողոմոնի 5.1-8

1 Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդէպ, եւ նրանք, ովքեր արհամարում էին նրա վաստակը, 2 տեսնելով նրան, պիտի խռովուեն սաստիկ երկիւղից եւ պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկութեան համար: 3 Նրանք պիտի զղջան իրենց մտքում եւ հոգու նեղութիւնից ճնշուած՝ պիտի հառաչեն ու ասեն. «Սա այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ եւ նախատինք էինք տալիս: 4 Մենք՝ անմիտներս, նրա վարքը մոլորութիւն էինք համարում, իսկ նրա վախճանը՝ անարգանք: 5 Բայց նա ինչպէ՞ս դասուեց Աստծոյ որդիների շարքը՝ դառնալով սրբերին վիճակակից: 6 Ուրեմն մենք մոլորուեցինք ճշմարտութեան ճանապարհից, արդարութեան լոյսը չլուսաւորեց մեզ, եւ մեր սրտերում չծագեց արդարութեան արեգակը: 7 Մենք խրուեցինք անօրինութեան եւ կորստեան շաւիղների մէջ, գնացինք անկոխ անապատներով եւ չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները: 8 Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտութիւնը, եւ ի՞նչ նպաստ բերեց մեզ հարստութեամբ պարծենալը:




Երեմիայի մարգարեությունը 6.16-21

16 Այսպէս է ասում Տէրը. «Կանգնեցէ՛ք ճանապարհներին եւ դիտեցէ՛ք, հարցրէ՛ք Տիրոջ յաւիտենական ճանապարհների մասին, տեսէք, թէ որն է բարի ճանապարհը, գնացէ՛ք դրանով եւ քաւութիւն կգտնէք ձեր հոգիների համար: Իսկ նրանք ասացին, թէ՝ չե՛նք գնայ: 17 Ձեզ վրայ հսկիչներ կարգեցի, լսեցէ՛ք փողի ձայնը: Իսկ նրանք ասում են՝ չե՛նք լսի: 18 Այդ մասին իմացան ազգերը, նաեւ նրանք, որ նրանց մէջ հովւութիւն էին անում հօտերին: 19 Լսի՛ր, երկի՛ր, ահաւասիկ ես այդ ժողովրդի վրայ չարիքներ եմ բերելու՝ իբրեւ իրենց ապստամբութեան պտուղ, որովհետեւ իմ խօսքերին չանսացին եւ իմ օրէնքը մերժեցին: 20 Ինչի՞ համար է խունկն այդ, որ բերում ես ինձ Սաբայից, եւ կինամոնը՝ հեռաւոր երկրից. ձեր ողջակէզներն ընդունելի չեն, եւ ձեր զոհերն ինձ հաճելի չեն»: 21 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահաւասիկ ես հիւանդութիւն կբերեմ այդ ժողովրդի վրայ, հայրերն ու զաւակները միասին կվարակուեն նրանով, հարեւան ու ընկեր կկորչեն միասին»:




Պողոս առաքյալի Ա թուղթը կորնթացիներին 4.9-16

9 Ինձ այնպէս է թւում, թէ մեզ՝ առաքեալներիս, Աստուած վերջիններ դարձրեց՝ որպէս մահապարտների. որովհետեւ նշաւակ դարձանք աշխարհին եւ հրեշտակներին ու մարդկանց: 10 Մենք՝ յիմարներ Քրիստոսի պատճառով, եւ դուք՝ իմաստուններ Քրիստոսով. մենք՝ թոյլեր, եւ դուք՝ հզօրներ. դուք՝ փառաւորուածներ, եւ մենք՝ անարգներ: 11 Մինչեւ այսօր ե՛ւ քաղցած մնացինք, ե՛ւ ծարաւեցինք, ե՛ւ մնացինք մերկ, ե՛ւ բռնցքահարուեցինք, ե՛ւ մնացինք անկայեան. 12 եւ չարաչար աշխատեցինք մեր ձեռքերով. նախատում էին մեզ՝ օրհնում էինք, հալածում էին՝ դիմանում էինք, 13 հայհոյում էին՝ աղօթում էինք. առակ-նշաւակ եղանք ամբողջ աշխարհին, ջնջոց՝ բոլորի համար մինչեւ այժմ: 14 Ոչ թէ ձեզ ամօթով թողնելու համար եմ գրում այս, այլ խրատում եմ ձեզ իբրեւ սիրելի որդիների: 15 Թէպէտ եւ բիւր դաստիարակներ ունէք Քրիստոսով, բայց ոչ՝ բազում հայրեր. որովհետեւ Քրիստոս Յիսուսի աւետարանով ե՛ս ծնեցի ձեզ: 16 Արդ, աղաչում եմ ձեզ, նմանուեցէ՛ք ինձ:




Ավետարան ըստ Մարկոսի 9.32-36

32 Եկաւ Կափառնայում եւ, երբ տուն մտաւ, աշակերտներին հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»: 33 Եւ նրանք լուռ էին մնում, որովհետեւ ճանապարհին իրար հետ վիճում էին, թէ ով է մեծը: 34 Եւ երբ նստեց, կանչեց տասներկուսին ու նրանց ասաց. «Եթէ մէկն ուզում է առաջինը լինել, բոլորից վերջինը եւ բոլորի սպասաւորը պիտի լինի»: 35 Եւ մի մանուկ վերցնելով՝ կանգնեցրեց նրանց մէջ եւ նրան իր գիրկն առնելով՝ նրանց ասաց. 36 «Ով այսպիսի մանուկներից մէկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ոչ թէ ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»:




 
sacredtradition.am