русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
21 նոյեմբերի 2019թ. հինգշաբթի, ԴՁ
Դ օր Յիսնակի պահոց
Ընծայումն Ս. Աստուածածնի երից ամաց ի Տաճարն


Երգ երգոց 1.1-11

1 Թող ինձ համբուրի իր բերանի համբոյրներով: 2 Քո ստինքներն աւելի լաւ են գինուց, եւ քո օծման իւղերի հոտը՝ բոլոր խնկերից: Քո անունը թափուած իւղ է անուշ. սրա համար էլ օրիորդները սիրեցին քեզ 3 եւ դէպի իրենց ձգեցին քեզ: Մենք կգանք քո օծման իւղերի հոտի յետեւից: Արքան ինձ իր սենեակը տարաւ: Մենք պիտի ցնծանք եւ ուրախ լինենք քեզնով եւ պիտի սիրենք քո ստինքները գինուց աւելի: Արժանին սիրեց քեզ: 4 «Ես սեւ եմ եւ գեղեցիկ, ո՛վ Երուսաղէմի դուստրեր, Կեդարի վրանների պէս եւ Սողոմոնի խորանի նման: 5 Մի՛ նայէք ինձ, որ թխացել եմ ու սեւացել, քանզի խէթ նայեց արեգակն ինձ: Իմ մօր որդիները կռուեցին ինձ հետ, ինձ այգեստանի պահապան դրեցին, բայց ես իմ այգին չպահպանեցի: 6 Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրած, ո՞ւր ես քո հօտը հովւում, ո՞ւր ես հանգստի տանում միջօրէին, որ չմոլորուեմ քո ընկերների երամակների մէջ»: 7 «Եթէ չգիտես, ո՛վ գեղեցիկդ կանանց մէջ, թէ որտեղ գտնես ինձ, գնա՛ հօտերի ոտնահետքերով եւ քո ուլերն արածեցրո՛ւ հովիւների վրանների մօտ: 8 Ո՛վ իմ սիրելի, ես քեզ նմանեցրի փարաւոնի կառքին լծուած իմ երիվարներին: 9 Գեղեցիկ են քո ծնօտները տատրակի ծնօտների նման, եւ գեղեցիկ է քո պարանոցը, ասես մանեակներով զարդարուած լինի: 10 Մենք քեզ կզուգենք ոսկէ զարդի պէս, որ ընդելուզուած է արծաթէ կիտուածքներով, 11 մինչեւ որ արքան քեզ իր գիրկն առնի»:




Առակներ 11.30-12.4

30 Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան: 31 Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կլինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը:

12 1 Ով խրատ է սիրում, նա իմաստութիւն է սիրում. ով ատում է յանդիմանութիւնը, նա անմիտ է: 2 լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկամի: 3 Մարդ անօրինութեամբ յաջողութեան չի հասնի. արդարների արմատները չպիտի կտրուեն: 4 Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է.




Եսայու մարգարեությունը 52.7-10

7 Լեռների վրայ ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղութեան լուրն է աւետում, ով բարութեան աւետիսն է բերում եւ քո փրկութեան մասին յայտնում՝ ասելով Սիոնին, թէ՝ «Քեզ վրայ թագաւորելու է Աստուած»: 8 Քո պահապանների ձայնն է հնչելու, բոլորն առհասարակ ցնծալով ձայն են տալու, որովհետեւ իրենց աչքերով են տեսնելու այն ժամանակը, երբ Տէրը ողորմելու է Սիոնին: 9 Լեռները Երուսաղէմի աւերակների հետ միասին ցնծութեան կոչ պիտի արձակեն, քանզի Տէրը ողորմեց նրանց եւ փրկեց Երուսաղէմը: 10 Տէրն իր սուրբ բազուկը պիտի ցոյց տայ ի տես բոլոր ազգերի, եւ երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծոյ փրկութիւնը:




Զաքարիայի մարգարեությունը 2.10-13

10 Խնդա՛ եւ ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, քանի որ ահա ես կգամ եւ կբնակուեմ քո մէջ,– ասում է Տէրը,– 11 եւ այդ օրը շատ ազգեր կապաւինեն Տիրոջը, նրա ժողովուրդը կդառնան ու կբնակուեն քո մէջ: Երբ դա պատահի, դու կիմանաս, թէ Ամենակալ Տէրն ուղարկեց ինձ քեզ մօտ: 12 Տէրը կժառանգի Յուդայի երկիրը որպէս իր բաժինը սուրբ երկրում, նա նորից բարեհաճ կլինի Երուսաղէմի հանդէպ, 13 եւ ամէն մարմին երկիւղ կկրի Տիրոջից, քանի որ նա արթնացել է իր սուրբ ամպերի միջից»:




Մաղաքիայի մարգարեությունը 3.1-2

1 Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, եւ նա կտեսնի իմ ճանապարհները՝ իմ առաջ. եւ յանկարծակի իր տաճարը կգայ Տէրը, որին դուք փնտրում էք, եւ ուխտի պատգամաբերը, որին կամենում էք դուք: 2 Ահա գալիս է,– ասում է Ամենակալ Տէրը,– ո՞վ կդիմանայ նրա մուտքի օրուան եւ կամ ո՞վ հանգիստ կմնայ նրա յայտնութեան ժամանակ,




Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 6.16-7.1

Արդարեւ, կենդանի Աստծոյ տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը: 17 Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք,– ասում է Տէրը,– եւ մի՛ դիպէք պիղծ բաների. 18 եւ ես պիտի ընդունեմ ձեզ. եւ ես պիտի լինեմ ձեզ համար Հայր. եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր»,– ասում է Ամենակալ Տէրը:

7 1 Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծոյ երկիւղով:




Ավետարան ըստ Ղուկասի 1.39-56

39 Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, 40 մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց: 41 Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով 42 եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը: 43 Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. 44 որովհետեւ, ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում: 45 Եւ երանի՜ նրան, որ կհաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կկատարուեն»: 46 Եւ Մարիամն ասաց. «Իմ անձը կփառաւորի Տիրոջը, 47 եւ իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, 48 որովհետեւ նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ: Եւ այսուհետեւ բոլոր սերունդներն ինձ երանի կտան, 49 որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար, եւ նրա անունը սուրբ է: 50 Նրա ողորմութիւնը սերնդից սերունդ իր երկիւղածների վրայ է: 51 Նա իր բազուկով զօրութիւն ի գործ դրեց, ցրեց ամբարտաւաններին իրենց սրտի խորհուրդներով. 52 հզօրներին տապալեց իրենց աթոռներից եւ բարձրացրեց խոնարհներին: 53 Քաղցածներին լիացրեց բարիքներով եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց: 54 Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայէլին՝ յիշելով իր ողորմութիւնները, 55 ինչպէս ասել էր մեր հայրերին՝ Աբրահամին եւ նրա սերնդին, յաւիտեան»: 56 Մարիամը գրեթէ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մօտ եւ դարձաւ իր տունը:




Պողոս առաքյալի թուղթը կողոսացիներին 3.16-4.4

16 Թող Քրիստոսի խօսքը բնակուի ձեր մէջ առատապէս, որ կատարեալ իմաստութեամբ ուսուցանէք եւ խրատէք միմեանց՝ սաղմոսներով, օրհներգութիւններով, հոգեւոր երգերով եւ երախտագիտութեամբ օրհնելով ձեր սրտերում Աստծուն: 17 Եւ ինչ որ անէք խօսքով եւ գործով, բոլորն արէք Տէր Յիսուսի անունով. գոհութի՛ւն մատուցէք նրանով Աստծուն եւ Հօրը: 18 Կանա՛յք, հնազա՛նդ եղէք ձեր մարդկանց, ինչպէս որ վայել է ի Տէր: 19 Մարդի՛կ, սիրեցէ՛ք ձեր կանանց եւ մի՛ դառնացրէք նրանց: 20 Որդինե՛ր, ամէն ինչում հնազա՛նդ եղէք ձեր ծնողներին, որովհետեւ հաճելին այդ է Տիրոջ առաջ: 21 Հայրե՛ր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, որ չյուսալքուեն: 22 Ծառանե՛ր, ամէն ինչում հնազա՛նդ եղէք ձեր մարմնաւոր տէրերին՝ ոչ թէ մարդահաճոյ կերպով, ցուցադրական ծառայութեամբ, այլ սրտի անկեղծութեամբ՝ երկիւղ կրելով Տիրոջից: 23 Ինչ որ անէք, արէք սրտա՛նց, որպէս թէ Տիրոջ համար էք անում եւ ոչ թէ՝ մարդկանց համար: 24 Իմացէ՛ք, որ Տիրոջից պիտի ստանաք ձեր ժառանգութեան հատուցումը, քանզի Տէր Քրիստոսին էք ծառայում: 25 Իսկ անիրաւը պիտի պատժուի ըստ իր անիրաւութեան, քանի որ Աստծոյ առաջ աչառութիւն չկայ:

4 1 Տէրե՛ր, ծառաների հետ վարուեցէ՛ք ուղղամտութեամբ եւ արդարութեամբ. իմացէ՛ք, որ դուք էլ Տէր ունէք երկնքում: 2 Յաճա՛խ աղօթեցէք՝ աղօթքի մէջ արթուն մնալով գոհութեամբ: 3 Միաժամանակ աղօթեցէք եւ մե՛զ համար, որպէսզի Աստուած բացի մեր առաջ խօսքի դուռը՝ յայտնելու խորհուրդը Քրիստոսի, որի համար էլ կապանքների մէջ եմ, 4 որպէսզի յայտնի դարձնեմ նրան՝ խօսելով այնպէս, ինչպէս որ պէտք է խօսեմ:




Ավետարան ըստ Ղուկասի 11.49-54

49 Դրա համար Աստծոյ իմաստութիւնն ասաց. նրանց մէջ մարգարէներ եւ առաքեալներ կուղարկեմ, եւ նրանցից ոմանց պիտի սպանեն եւ հալածեն, 50 որպէսզի այդ սերնդից պահանջուի արիւնը բոլոր մարգարէների՝ թափուած աշխարհի սկզբից՝ 51 Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Զաքարիայի, որը կորստեան մատնուեց խորանի եւ տաճարի միջեւ. այո՛, ասում եմ ձեզ, պիտի պահանջուի այդ սերնդից: 52 Վա՜յ ձեզ՝ օրէնսգէտներիդ, որ թաքցնում էք գիտութեան բանալիները. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ արգելում էք»: 53 Եւ երբ այս բոլորը նրանց ասաց ամբողջ ժողովրդի առաջ, ամօթահար եղան. եւ օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խիստ չարանալ եւ բանավէճի բռնուել նրա հետ շատ բաների համար: 54 Եւ սպասում էին նրա բերանից ինչ-ինչ խօսքեր որսալ, որպէսզի չարախօսեն նրա մասին:




 
sacredtradition.am