русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
22 ապրիլի 2019թ. երկուշաբթի, ԱԿ
Բ օր Զատկի
Յիշատակ մեռելոց


Գործք առաքելոց 2.22-41

22 Ո՛վ իսրայէլացիներ, լսեցէ՛ք այս խօսքերը. Յիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն, որին Աստուած ձեզ ներկայացրեց զօրութեամբ, նշաններով ու զարմանալի գործերով, որ Աստուած նրա միջոցով արեց ձեր մէջ, ինչպէս դուք իսկ գիտէք այդ, 23 Աստծոյ սահմանած խորհրդով եւ կանխագիտութեամբ անօրէնների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրայ գամեցիք եւ սպանեցիք. 24 նրան Աստուած յարութիւն տուեց՝ քանդելով մահուան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահը իշխէր նրան: 25 Ինքը Դաւիթը Յիսուսի մասին ասում է. “Նախապէս Տիրոջը ամէն ժամ տեսնում էի իմ առաջ, որովհետեւ նա իմ աջում է, որպէսզի չսասանուեմ. 26 դրա համար իմ սիրտը ուրախ եղաւ, եւ իմ լեզուն ցնծաց, եւ իմ մարմինն էլ պիտի ապրի յոյսով, 27 որովհետեւ իմ անձը գերեզմանում չես թողնելու եւ ոչ էլ թոյլ ես տալու, որ քո Սրբի մարմինը ապականուի. 28 ինձ ցոյց տուեցիր կեանքի ճանապարհները, քաղցրօրէն լցրիր ինձ քո ներկայութեան ուրախութեամբ”: 29 Ո՛վ եղբայրներ, պէտք է վստահութեամբ ասել Դաւիթ նահապետի մասին, որ ե՛ւ մեռաւ, ե՛ւ թաղուեց, ու նրա գերեզմանը կայ մեր մէջ մինչեւ այսօր. 30 բայց որովհետեւ նա մարգարէ էր եւ գիտէր, որ Աստուած նրան երդուելով խոստացաւ նրա որովայնի պտղից մէկին նստեցնել իր գահի վրայ, 31 ուստի կանխօրօք գիտենալով՝ խօսեց Քրիստոսի յարութեան մասին, թէ՝ “Նրա անձը գերեզմանում չթողնուեց, եւ ոչ էլ նրա մարմինը ապականութիւն տեսաւ”: 32 Այս Յիսուսին է, որ Աստուած յարութիւն տուեց, որին մենք ամէնքս վկայ ենք. 33 Աստծոյ աջ ձեռքով բարձրանալով, Սուրբ Հոգու խոստումն ընդունելով Հօրից՝ սփռեց այս, որ դուք այժմ տեսնում էք ու լսում. 34 որովհետեւ Դաւիթը, որ երկինք չէր ելել, ինքն իսկ ասում է. “Տէրն ասաց իմ Տիրոջը. "Նստի՛ր իմ աջ կողմը, 35 մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ տակ իբրեւ պատուանդան դնեմ"”: 36 Արդ, Իսրայէլի ամբողջ տունը վստահօրէն թող իմանայ, որ Աստուած նրան ե՛ւ Տէր, ե՛ւ Օծեալ արեց՝ այն Յիսուսին, որին դուք խաչեցիք»: 37 Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում եւ ասացին Պետրոսին ու միւս առաքեալներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»: 38 Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարեցէ՛ք, եւ ձեզնից իւրաքանչիւրը թող մկրտուի Տէր Յիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողութեան համար, եւ պիտի ընդունէք Սուրբ Հոգու պարգեւը. 39 որովհետեւ խոստումը ձեզ համար է, ձեր որդիների եւ բոլոր հեռաւորների համար, որոնց կկանչի մեր Տէր Աստուածը»: 40 Եւ Պետրոսը ուրիշ շատ խօսքերով վկայութիւն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատեցէ՛ք ձեր անձերը այս խոտորեալ սերնդից»: 41 Ոմանք, յօժարութեամբ ընդունելով նրա խօսքը, մկրտուեցին. եւ այն օրը նրանք մօտ երեք հազար հոգով աւելացան:




Ավետարան ըստ Ղուկասի 24.1-12

1 Բայց կիրակի օրը, առաւօտեան շատ վաղ, կանայք գերեզման եկան՝ բերելով իրենց պատրաստած խնկերը. նրանց հետ եւ՝ ուրիշ կանայք: 2 Եւ քարը գերեզմանից գլորած գտան 3 ու ներս մտնելով՝ Տէր Յիսուսի մարմինը չգտան: 4 Եւ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրայ, ահա լուսաւոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մօտ: 5 Եւ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսը գետնին խոնարհեցին, մարդիկ ասացին. «Ինչո՞ւ ողջին մեռելների մէջ էք փնտրում: 6 Այստեղ չէ, այլ յարեաւ: Յիշեցէ՛ք՝ ինչպէս խօսեց նա ձեզ հետ, երբ Գալիլիայում էր. 7 ասում էր, թէ պէտք է, որ մարդու Որդին մեղաւոր մարդկանց ձեռքը մատնուի, խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնի»: 8 Եւ նրանք յիշեցին նրա խօսքերը: 9 Եւ վերադարձան ու պատմեցին այս ամէնը տասնմէկին եւ բոլոր միւսներին: 10 Եւ Մարիամ Մագդաղենացին, Յովհաննան, Յակոբի մայր Մարիամը եւ նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքեալներին: 11 Բայց նրանց խօսքերը բարբաջանք թուացին աշակերտներին, եւ չէին հաւատում նրանց: 12 Սակայն Պետրոսը վեր կացաւ ու վազեց դէպի գերեզման, նայեց եւ տեսաւ, որ կտաւները միայն կային: Եւ գնաց՝ մտքում զարմացած, թէ ինչ էր եղել:




Ավետարան ըստ Մարկոսի 16.2-8

2 Եւ կիրակի օրը, առաւօտեան արեւածագին, եկան գերեզման: 3 Եւ ասում էին միմեանց. «Քարը գերեզմանի դռնից մեզ համար ո՞վ պիտի գլորի»: 4 Եւ նայեցին ու տեսան, որ գերեզմանից քարը գլորուած է. եւ այն շատ մեծ էր: 5 Եւ ներս՝ գերեզման մտնելով՝ տեսան մի երիտասարդի, որ նստած էր աջ կողմը՝ սպիտակ պատմուճան հագած. եւ զարհուրեցին: 6 Եւ նա ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, դուք Յիսուսին էք փնտրում՝ խաչուած Նազովրեցուն. նա յարութիւն առաւ, այստեղ չէ: Ահաւասի՛կ այն տեղը, ուր նրան դրել էին: 7 Բայց գնացէ՛ք, ասացէ՛ք նրա աշակերտներին եւ Պետրոսին, թէ՝ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ կտեսնէք նրան, ինչպէս ձեզ ասել էր»: 8 Եւ երբ այս լսեցին, ելան ու փախան գերեզմանից, քանի որ սարսափահար էին եղել. եւ ոչ ոքի բան չասացին, որովհետեւ վախենում էին:




 
sacredtradition.am