русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
13 փետրվարի 2018թ. երեքշաբթի, ԱԿ
Բ օր Մեծի Պահոց


Եզեկիելի մարգարեությունը 18.20-23

Արդարի արդարութիւնն է իր վրայ ընկնելու, անօրէնի անօրինութիւնը՝ իր վրայ: 21 Անօրէնը եթէ յետ կանգնի իր գործած անօրինութիւններից ու պահի իմ բոլոր պատուիրանները, արդարութիւն գործի ու ողորմածութիւն անի, ապրելով ապրելու է ու չի մեռնելու: 22 Նրա գործած բոլոր մեղքերը, կատարած բոլոր անիրաւութիւնները չեն յիշուելու, այլ իր գործած արդարութեան համար նա ապրելու է: 23 Մի՞թէ ես մեղաւորի մահն եմ տենչում,– ասում է Տէր Աստուած,– եւ ոչ թէ այն, որ նա չար ճանապարհից յետ դառնայ ու ապրի:




Ղևտական 12.6-8

6 Երբ լրանան որդու կամ դստեր ծննդից յետոյ նրա մաքրութեան համար սահմանուած օրերը, նա մէկ տարեկան գառ թող ողջակէզ անի, մի զույգ աղաւնի կամ տատրակ թող բերի մեղքերի քաւութեան համար վկայութեան խորանի դուռը՝ քահանայի մօտ: 7 Քահանան այն թող զոհ մատուցի Տիրոջ առաջ, քաւութիւն տայ նրան, եւ նա կմաքրուի իր արեան բխումից: Սա կարգ է նրանց համար, ովքեր արու կամ աղջիկ զաւակ են ունենում: 8 Եթէ ծննդկանն ի վիճակի չէ գառ բերելու, թող առնի երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ. մէկը՝ ողջակէզի, իսկ միւսը՝ մեղքերի քաւութեան համար: Քահանան թող զոհ մատուցի դրանք ի քաւութիւն, որով ծննդկանը կհամարուի մաքրուած»:




Առակներ 8.22-34

22 Տէրն ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին իր գործերի համար. յաւիտենութիւնից էլ առաջ հաստատեց ինձ: 23 Նա ծնեց ինձ հէնց սկզբին՝ դեռ երկիրն արարելուց առաջ, 24 աւելի առաջ, քան անդունդներ կբացէր, 25 աւելի առաջ, քան աղբիւրների ջրեր կբխեցնէր, եւ էլ աւելի առաջ, քան կհաստատէր լեռներն ու բոլոր բլուրները: 26 Տէրը ստեղծեց շէն ու անշէն վայրեր եւ բնակելի աշխարհները երկնքի ներքոյ: 27 Ես նրա հետ էի, երբ նա պատրաստում էր երկինքը, երբ նա իր աթոռն էր հաստատում հողմերի վրայ, 28 երբ նա զօրութիւն էր տալիս վերին ամպերին եւ երբ նա աղբիւրներ էր հաստատում երկնքի ներքոյ: 29 Այն ժամանակ, երբ նա դնում էր ծովի հաստատութիւնը, որ ջրերը նրա ափերը չանցնեն, այն ժամանակ, երբ նա դնում էր երկրի ամուր հիմքերը, ես նրա մօտ էի որպէս գործավար: 30 Ինձնով էր, որ Տէրն ուրախանում էր մշտապէս, եւ ես ամէն ժամ ցնծում էի նրա առաջ. 31 բովանդակ տիեզերքը հրճւում էր, եւ ուրախ էի մարդկանց որդիների հետ: 32 Արդ, որդեա՛կ, լսի՛ր ինձ. երանի՜ նրանց, որ պահում են իմ ճանապարհները: 33 Լսեցէ՛ք իմաստութիւնը եւ դուք կլինէք իմաստուն. մի՛ շեղուէք դրանից: 34 Երանի՜ այն մարդուն, որ կլսի ինձ, եւ՝ այն մարդուն, որ կպահի իմ ճանապարհները, մշտապէս կտքնի իմ դռների առջեւ եւ կպահպանի իմ դռների շեմերը:




Եզեկիելի մարգարեությունը 44.1-2

1 Նա ինձ յետ դարձրեց սրբարանի արտաքին դռնով, որ նայում էր դէպի արեւելք: Այն փակուած էր: 2 Տէրն ինձ ասաց. «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացուելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպէսզի Իսրայէլի Տէր Աստուածը մտնի այդտեղով: Այն փակ է լինելու,




Մաղաքիայի մարգարեությունը 3.1-4

1 Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, եւ նա կտեսնի իմ ճանապարհները՝ իմ առաջ. եւ յանկարծակի իր տաճարը կգայ Տէրը, որին դուք փնտրում էք, եւ ուխտի պատգամաբերը, որին կամենում էք դուք: 2 Ահա գալիս է,– ասում է Ամենակալ Տէրը,– ո՞վ կդիմանայ նրա մուտքի օրուան եւ կամ ո՞վ հանգիստ կմնայ նրա յայտնութեան ժամանակ, քանի որ նա պիտի մտնի որպէս հալոցի բոց եւ որպէս լուացարանների օճառ: 3 Նա կնստի ձուլելու եւ մաքրելու որպէս արծաթ եւ որպէս ոսկի, կմաքրի Ղեւիի որդիներին եւ կհալեցնի նրանց ոսկու նման եւ արծաթի պէս: Եւ այն ժամանակ արդարութեամբ զոհ կմատուցեն Տիրոջը: 4 Յուդայի երկրի ու Երուսաղէմի զոհաբերումը հաճելի կլինի Տիրոջը, ինչպէս վաղնջական օրերին, ինչպէս առաջին տարիներին:




Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 3.24-29

24 Այսպէս օրէնքը դաստիարակ եղաւ՝ մեզ Քրիստոս Յիսուսին բերելու, որպէսզի հաւատով արդարանանք: 25 Իսկ երբ հաւատը եկաւ, էլ դաստիարակի ձեռքի տակ չենք. 26 քանզի բոլորդ էլ Աստծոյ որդիներ էք հաւատով ի Յիսուս Քրիստոս: 27 Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք. 28 ուրեմն խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս: 29 Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ ըստ խոստման:




Ավետարան ըստ Ղուկասի 2.22-40

22 Երբ որ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսէսի օրէնքի համաձայն՝ նրան Երուսաղէմ տարան Տիրոջը ներկայացնելու համար, 23 ինչպէս գրուած էր Տիրոջ օրէնքում. «Ամէն արու զաւակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչուի»: 24 Եւ Տիրոջ օրէնքում ասուածի համաձայն՝ ընծայ պէտք է տալ մի զոյգ տատրակ կամ աղաւնու երկու ձագ: 25 Արդ, Երուսաղէմում Սիմէոն անունով մի մարդ կար եւ այդ մարդը արդար ու աստուածավախ էր եւ ակնկալում էր Իսրայէլի մխիթարութիւնը. եւ Սուրբ Հոգին նրա մէջ էր: 26 Եւ Սուրբ Հոգուց հրամայուած էր նրան մահ չտեսնել, մինչեւ որ տեսնի Տիրոջ Օծեալին: 27 Նա, Հոգով առաջնորդուած, եկաւ տաճարը, եւ երբ ծնողները բերեցին Յիսուս մանկանը՝ նրա վրայ կատարելու, ինչ որ օրէնքի սովորութեան համաձայն էր, 28 Սիմէոնը նրան իր գիրկն առաւ, օրհնեց Աստծուն եւ ասաց. 29 «Այժմ, ո՛վ Տէր, խաղաղութեամբ արձակի՛ր քո ծառային՝ ըստ քո խօսքի. 30 որովհետեւ աչքերս տեսան փրկութիւնը քո, 31 որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ. 32 լոյս, որ կլինի յայտնութիւն հեթանոսների համար, եւ փառք՝ Իսրայէլի քո ժողովրդի համար»: 33 Եւ նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խօսքերի համար, որ ասում էին նրա մասին: 34 Սիմէոնը նրանց օրհնեց եւ ասաց նրա մօրը՝ Մարիամին. «Ահա սա նա է, որ պատճառ է դառնալու Իսրայէլի մէջ շատերի անկման ու բարձրացման եւ նշան հակառակութեան: 35 Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպէսզի բազում սրտերի խորհուրդներ յայտնի դառնան»: 36 Եւ այնտեղ կար մի մարգարէուհի՝ Աննա անունով, Փանուէլի դուստրը, Ասերի ազգատոհմից. սա տարիքով շատ առաջացած էր եւ ամուսնու հետ միայն եօթ տարի էր ապրել՝ սկսած իր կուսութիւնից: 37 Նա մօտ ութսունչորս տարեկան մի այրի էր, որ չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահութեամբ եւ աղօթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն: 38 Սա եւս նոյն ժամին վեր կացաւ եկաւ, գոհութիւն էր մատուցում Տիրոջը եւ խօսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, որոնք Երուսաղէմի փրկութեանն էին սպասում: 39 Եւ երբ ամէն ինչ կատարեցին Տիրոջ օրէնքի համաձայն, վերադարձան Գալիլիա՝ իրենց քաղաքը՝ Նազարէթ: 40 Եւ Մանուկը աճում ու զօրանում էր՝ լի իմաստութեամբ. եւ Աստծոյ շնորհները նրա վրայ էին:




 
sacredtradition.am