русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
20 հունվարի 2018թ. շաբաթ, ԴԿ
Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի


Իմաստություն Սողոմոնի 6.1-10

1 Լսեցէ՛ք, ո՛վ թագաւորներ, եւ հասկացէ՛ք. 2 սովորեցէ՛ք, երկրի բոլո՛ր ծագերի թագաւորներ: 3 Ակա՛նջ դրէք դուք, որ բազմութիւններ ունէք ձեր ձեռքի տակ եւ հպարտանում էք, որ տիրում էք բազում ազգերի վրայ. 4 ձեզ այդ իշխանութիւնը Տիրոջ կողմից է տրուած, տէրութիւնը՝ Բարձրեալից. նա էլ հաշիւ է պահանջելու ձեր գործերի համար եւ քննելու է ձեր մտածումները: 5 Դուք նրա թագաւորութեան սպասաւորներն էք, բայց ուղիղ դատ չէք վարում, չէք պահում նրա օրէնքները եւ չէք հետեւում Աստծոյ կամքին, իսկ նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրայ, 6 քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ ռամիկի համար կայ ներման ողորմածութիւնը: 7 Հզօրներն աւելի խիստ են դատուելու, 8 որովհետեւ Տէրը ոչ ոքի յատկապէս իր աչքի տակ չի ունենում, չի խորշում ոչ մի մեծութիւնից, քանզի ինքն է ստեղծել թէ՛ մեծին եւ թէ՛ փոքրին եւ հաւասարապէս խնամք է տածում բոլորի նկատմամբ: 9 Բայց զօրաւորների նկատմամբ աւելի խիստ քննութիւն պիտի լինի: 10 Արդ, ձեզ են ուղղուած իմ խօսքերը, ո՛վ բռնակալներ, որպէսզի իմաստութիւն սովորէք եւ չսխալուէք:




Եսայու մարգարեությունը 45.1-2

1 Այսպէս է ասում Տէր Աստուած իր օծեալ Կիւրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպէսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագաւորների զօրութիւնը, բացեմ քո առաջ դռները, եւ քաղաքները չփակուեն: 2 Ես կընթանամ քո առջեւից, կհարթեցնեմ լեռները, կխորտակեմ պղնձէ դռները եւ կփշրեմ երկաթէ նիգերը:




Պողոս առաքյալի Ա թուղթը Տիմոթեոսին 2.1-7

1 Արդ, ամէնից առաջ աղաչում եմ աղօթք անել, խնդրել, պաղատել, գոհութիւն մատուցել բոլոր մարդկանց համար, 2 մանաւանդ՝ թագաւորների եւ բոլոր իշխանաւորների համար, որպէսզի խաղաղութեամբ եւ հանդարտութեամբ վարենք մեր կեանքը, կատարեալ աստուածապաշտութեամբ եւ սրբութեամբ. 3 այդ է բարին եւ ընդունելին մեր Փրկչի՝ Աստծոյ առաջ: 4 Նա կամենում է, որ բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը. 5 քանզի մէկ Աստուած կայ եւ մէկ միջնորդ Աստծոյ եւ մարդկանց միջեւ՝ Յիսուս Քրիստոս՝ մարդը, 6 որ տուեց ինքն իրեն որպէս փրկանք բոլորի համար՝ ի վկայութիւն իր ժամանակների. 7 դրա համար ես կարգուեցի որպէս քարոզիչ եւ առաքեալ (ճշմարիտ եմ ասում Քրիստոսով եւ չեմ ստում), եղայ վարդապետ հեթանոսների՝ հաւատով եւ ճշմարտութեամբ:




Ավետարան ըստ Ղուկասի 7.1-10

1 Եւ երբ Յիսուս վերջացրեց իր բոլոր խօսքերը, եւ ժողովուրդը նրան լսեց, Կափառնայում մտաւ: 2 Այնտեղ մի հարիւրապետի ծառայ, որ շատ սիրելի էր նրա համար, ծանր հիւանդացել էր եւ մեռնելու մօտ էր: 3 Երբ լսեց Յիսուսի մասին, հրեաներից աւագներին ուղարկեց, որ աղաչեն նրան, որպէսզի գայ եւ բժշկի իր ծառային: 4 Եւ նրանք, Յիսուսի մօտ գալով, թախանձագին աղաչում էին նրան եւ ասում. «Արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես, 5 որովհետեւ նա սիրում է մեր ազգը եւ ժողովարանը նա՛ շինեց մեզ համար»: 6 Յիսուս գնաց նրանց հետ. երբ տնից շատ հեռու չէր, հարիւրապետը նրա մօտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տէ՛ր, նեղութիւն մի՛ կրիր, որովհետեւ արժանի չեմ, որ իմ յարկի տակ մտնես. 7 դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մօտ գալու. այլ խօսքով ասա՛, եւ իմ ծառան կբժշկուի. 8 որովհետեւ ինքս էլ իշխանութեան ենթակայ մարդ եմ, իմ ձեռքի տակ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, իսկ միւսին թէ՝ արի՛, եւ գալիս է, եւ իմ ծառային թէ՝ արա՛ այս բանը, եւ նա անում է»: 9 Եւ երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ. դարձաւ ժողովրդին, որ հետեւում էր իրեն, եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայէլի մէջ անգամ այսչափ հաւատ չգտայ»: 10 Պատգամաւորները տուն վերադարձան եւ հիւանդ ծառային գտան բժշկուած:




 
sacredtradition.am