русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
12 հունվարի 2018թ. ուրբաթ, ԴԿ
Է օր Ս. Ծննդեան


Ավետարան ըստ Հովհաննեսի 1.35-51

35 Հետեւեալ օրը դարձեալ այնտեղ կանգնած էր Յովհաննէսը. նաեւ՝ իր աշակերտներից երկուսը: 36 Եւ նայելով Յիսուսին, որ անցնում գնում էր, ասաց. «Ահաւասիկ Քրիստոսը՝ Գառն Աստծոյ»: 37 Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ խօսեց, եւ գնացին Յիսուսի յետեւից: 38 Երբ Յիսուս յետ դարձաւ եւ տեսաւ նրանց, որ գալիս էին իր յետեւից, ասաց նրանց. «Ի՞նչ էք ուզում»: Նրանք ասացին նրան. «Ռաբբի՛ (որ թարգմանւում է վարդապետ), ո՞ւր է քո օթեւանը»: 39 Նա նրանց ասաց. «Եկէ՛ք եւ տեսէ՛ք»: Եկան եւ տեսան, թէ որտեղ էր նրա օթեւանը. եւ այն օրը նրա մօտ գիշերեցին, որովհետեւ մօտ ժամը չորսն էր: 40 Սիմոն Պետրոսի եղբայր Անդրէասը մէկն էր այն երկուսից, որոնք լսեցին Յովհաննէսի ասածը եւ գնացին Յիսուսի յետեւից: 41 Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում է. «Գտանք Մեսիային» (որ թարգմանւում է Քրիստոս): 42 Սա նրան տարաւ Յիսուսի մօտ: Նայելով նրան՝ Յիսուս ասաց. «Դու Յովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչուես Կեփաս» (որ թարգմանւում է Պետրոս): 43 Յաջորդ օրը Յիսուս որոշեց Գալիլիա մեկնել. գտաւ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ յետեւից»: 44 Եւ Փիլիպպոսը Բեթսայիդայից էր՝ Անդրէասի եւ Պետրոսի քաղաքից: 45 Փիլիպպոսը գտնում է Նաթանայէլին ու նրան ասում. «Ում մասին որ Մովսէսը օրէնքի մէջ եւ մարգարէները գրել են, գտանք նրան՝ Յիսուսին՝ Յովսէփի որդուն, Նազարէթ քաղաքից»: 46 Նաթանայէլը նրան ասաց. «Իսկ կարելի՞ է, որ Նազարէթից մի որեւիցէ լաւ բան դուրս գայ»: Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ եւ տե՛ս»: 47 Երբ Յիսուս տեսաւ Նաթանայէլին, որ իր մօտ էր գալիս, ասաց նրա մասին. «Ահա՛ իսկական մի իսրայէլացի, որի մէջ նենգութիւն չկայ»: 48 Նաթանայէլը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսայ քեզ»: 49 Նաթանայէլը պատասխան տուեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դու ես Աստծոյ Որդին, դու ես Իսրայէլի Թագաւորը»: 50 Յիսուս պատասխան տուեց նրան ու ասաց. «Նրա համա՞ր ես հաւատում, որ քեզ ասացի, թէ՝ թզենու տակ տեսայ քեզ. դրանից շատ աւելի մեծ բաներ պիտի տեսնես»: 51 Եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. պիտի տեսնէք երկինքը բացուած եւ Աստծոյ հրեշտակներին՝ բարձրանալիս եւ իջնելիս մարդու Որդու վրայ»:




Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 1.1-7

1 Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի ծառան, կոչումով առաքեալ, ընտրուած քարոզելու Աստծոյ աւետարանը, 2 որ նա առաջուց խոստացել էր իր մարգարէների միջոցով սուրբ գրուածքներում 3 իր Որդու մասին, որը մարմնով սերում էր Դաւթի սերնդից եւ 4 որը զօրութեամբ՝ Աստծոյ Որդի էր սահմանուած ըստ Սուրբ Հոգու՝ մեռելներից իր յարութեամբ, մեր Տէր Յիսուս Քրիստոսը, 5 որի միջոցով ստացանք առաքեալ լինելու շնորհ՝ իր անուան համար հաւատի հնազանդութեան բերելու բոլոր հեթանոսներին, 6 որոնց թւում էք եւ դուք՝ կանչուածներդ Յիսուս Քրիստոսին. 7 ամէնքիդ, որ Հռոմում էք, Աստծոյ սիրելիներիդ, կանչուած սրբերիդ, ձեզ շնո՜րհ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից:




Ավետարան ըստ Ղուկասի 2.1-7

1 Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ ամբողջ երկրում մարդահամար անելու համար: 2 Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում: 3 Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարում՝ իւրաքանչիւրն իր քաղաքում: 4 Յովսէփն էլ, Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով, Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, 5 մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր: 6 Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, 7 եւ նա ծնեց իր անդրանիկ Որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար:




 
sacredtradition.am