русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
7 դեկտեմբերի 2017թ. հինգշաբթի, ԲԿ
Սրբոց հարցն եգիպտացւոց Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի, Յովհաննու Գբնեցւոյն, Յովհաննու Կարճահասակին, Նեղոսի, Արսենի, Սիսիանու, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի եւ այլոց սրբոց հարցն


Առակներ 21.15-24

15 Իրաւունքի գործադրումը ուրախութիւն է արդարի համար, բայց սուրբ գործը պիղծ է թւում չարագործներին: 16 Արդարութեան ճանապարհից մոլորուած մարդը հանգրուան է գտնում հսկաների ժողովում: 17 Ով ուրախութիւն է սիրում, կարիքի մէջ կընկնի, ով գինի ու ձէթ է սիրում, չի հարստանայ: 18 Անօրէնն արդար մարդու համար փրկանք պիտի լինի, երդմնազանցը՝ ուղղամիտ մարդկանց համար: 19 Լաւ է բնակուել անապատում, քան թէ անզգամ, լեզուանի եւ բարկացկոտ կնոջ հետ: 20 Իմաստունի բերանը ցանկալի գանձ է պահում, բայց տգէտները կուլ են տալիս այն: 21 Նա, ով հետեւում է արդարութեան եւ ողորմածութեան ճանապարհին, կեանք, արդարութիւն եւ փառք պիտի գտնի: 22 Իմաստութիւնը հասաւ ամուր քաղաքներին եւ քանդեց այն ամրոցները, որոնց վրայ յոյս էին դրել ամբարիշտները: 23 Ով զսպում է իր բերանն ու լեզուն, իր անձը պահպանում է նեղութիւնից: 24 Դաժանը, յանդուգնը եւ գոռոզը կոչւում են չարագործ, իսկ ով ոխ է պահում, անօրէն է: 25 Ծոյլին սպանում են ցանկութիւնները, որովհետեւ նրա ձեռքերը յօժար չեն որեւէ բան անելու:




Եսայու մարգարեությունը 19.19-21

19 Այն օրը Տիրոջ զոհասեղանը լինելու է Եգիպտացիների երկրում, նրանց սահմաններում Տիրոջ պատուին կանգնեցուելու է յուշակոթող, 20 որը Եգիպտացիների երկրում Տիրոջ համար յաւիտենական նշան է լինելու: Իրենց նեղութիւնների պատճառով նրանք պիտի աղաղակեն Տիրոջը, եւ Տէրը նրանց մօտ պիտի ուղարկի մի մարդու, որը պիտի փրկի նրանց, դատաստանով է փրկելու նրանց: 21 Տէրը յայտնի պիտի դառնայ եգիպտացիներին, ու այն օրը եգիպտացիները պիտի ճանաչեն Տիրոջը եւ մատուցեն զոհեր ու ընծաներ, ուխտ պիտի դնեն Աստծուն եւ կատարեն այն:




Թուղթ եբրայեցիներին 11.32-40

32 Եւ արդ, դեռ ի՞նչ ասեմ, քանի որ ժամանակը բաւական չէր լինի պատմելու Գեդէոնի, Բարակի, Սամսոնի, Յեփթայէի, Դաւթի եւ Սամուէլի ու միւս մարգարէների մասին, 33 որոնք հաւատո՛վ պարտութեան մատնեցին թագաւորութիւններ, գործեցին արդարութիւն, հասան խոստմանը, փակեցին առիւծների բերանները, 34 հանգցրին կրակի զօրութիւնը, փրկուեցին սրի բերանից, զօրացան տկարութիւնից յետոյ, կտրիճներ եղան պատերազմի մէջ, յաղթեցին օտար բանակների. 35 կանայք յարութեան միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշներ չարչարանքի ենթարկուեցին՝ մերժելով ազատութիւն ձեռք բերել, որպէսզի հասնեն լաւագոյն յարութեան. 36 եւ ուրիշներ ենթարկուեցին տանջանքների եւ գանահարութիւնների, կապանքների եւ բանտերի. 37 քարկոծուեցին, սղոցուեցին, փորձութեան ենթարկուեցին, սրով սպանուելով մեռան, թափառեցին ոչխարների եւ այծերի մորթիներով ծածկուած. ապրեցին կարիքի մէջ, նեղութեան մէջ, չարչարանքների մէջ 38 (մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէ)՝ մոլորուած անապատում, լեռներում, քարայրներում եւ երկրի խորշերում: 39 Եւ սրանք ամէնքը, հաւատի մէջ վկայուած լինելով հանդերձ, չընդունեցին խոստումը: 40 Աստուած մեզ համար աւելի լաւն էր նախատեսել, որպէսզի առանց մեզ դրանք չկատարուեն:




Ավետարան ըստ Մատթեոսի 10.37-42

37 Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ: 38 Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ: 39 Ով որ իր անձը գտնում է, այն կկորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կգտնի: 40 Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ Ուղարկողին: 41 Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կստանայ: 42 Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կտայ խմելու իբրեւ աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:




 
sacredtradition.am