русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
12 հոկտեմբերի 2017թ. հինգշաբթի, ԲԿ
Սրբոցն Պանդալէոնի բժշկին, Երմողեայ քահանային եւ Եւպրակսեայ կուսին


Առակներ 4.20-27

20 Որդեա՛կ, անսա՛ իմ իմաստութեանը եւ ակա՛նջ դիր իմ խօսքերին, որ քո աղբիւրները չպակասեն: 21 Պահի՛ր իմ խօսքերը քո սրտի մէջ, 22 քանզի դրանք կեանք են գտնողների համար եւ բժշկութիւն՝ ամբողջ մարմնի համար: 23 Ամենայն զգուշութեամբ պահի՛ր եւ պահպանի՛ր քո սիրտը, որովհետեւ նրանից է բխում կեանքի աղբիւրը: 24 Հեռո՛ւ վանիր ստախօսութիւնը քո բերանից եւ անիրաւ շրթունքները հեռացրո՛ւ քեզնից: 25 Թող քո աչքերը նայեն ուղիղ, եւ քո թարթիչները արդարութեամբ շարժուեն: 26 Քո ոտքերին ուղիղ շաւիղնե՛ր արա եւ քո ճանապարհները ուղղի՛ր: 27 Մի՛ խոտորուիր ո՛չ դէպի աջ եւ ո՛չ էլ դէպի ձախ. ոտքդ ե՛տ դարձրու չար ճանապարհից: Դէպի աջ տանող ճանապարհները գիտէ Աստուած, բայց դէպի ձախ տանող ճանապարհները մոլոր են, եւ Աստուած ինքն էլ կուղղի քո շաւիղները եւ խաղաղութեամբ քեզ կառաջնորդի քո ճանապարհներով:




Երեմիայի մարգարեությունը 15.19-20

19 Դրա համար էլ այսպէս է ասում Տէրը. «Եթէ նորից դարձի գաս, քեզ կպատսպարեմ, եւ իմ աչքի առաջ կապրես. ու եթէ անարգի միջից դուրս հանես պատուականը, կլինես, ինչպէս իմ բերանը, ու եթէ նրանք վերադառնան դէպի քեզ, եւ ոչ թէ դու նորից դառնաս դէպի նրանց, 20 ես քեզ կտամ այդ ժողովրդին իբրեւ պղնձէ ամուր պարիսպ. նրանք պիտի կռուեն քեզ հետ, բայց չեն կարողանայ սասանել քեզ, քանզի ես քեզ հետ եմ քեզ փրկելու եւ պահպանելու համար,– ասում է Տէրը,–




Պողոս առաքյալի Ա թուղթը կորնթացիներին 12.1-7

1 Գալով հոգեւոր շնորհներին, եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ չգիտենաք: 2 Գիտէք, որ մինչ հեթանոսներ էիք, ինչպէ՜ս էիք գնում-գալիս անխօս կուռքերի մօտ: 3 Ուստի յայտնում եմ ձեզ, որ ոչ ոք, ով Աստծոյ Հոգով է խօսում, չի ասի, թէ՝ «Նզովեալ է Յիսուս». եւ ոչ ոք չի կարող ասել՝ «Յիսուս Տէր է», եթէ ոչ՝ Սուրբ Հոգով: 4 Թէեւ կան շնորհների զանազանութիւններ, բայց պարգեւող Հոգին նոյնն է: 5 Թէեւ կան զանազան պաշտօններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում: 6 Թէեւ կան գործելու զանազան կարողութիւններ, բայց նոյնն է Աստուած, որ գործում է ամէն բան ամէնքի մէջ: 7 Բայց իւրաքանչիւրին տրուած է Հոգու յայտնութիւն իւրաքանչիւրի օգուտի համար:




Ավետարան ըստ Մատթեոսի 9.35-10.1

35 Եւ Յիսուս շրջում էր բոլոր քաղաքներում եւ գիւղերում, ուսուցանում նրանց ժողովարաններում, քարոզում արքայութեան աւետարանը եւ բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիւանդութիւնները: 36 Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն: 37 Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ: 38 Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»:

10 1 Եւ նա, իր մօտ կանչելով իր տասներկու աշակերտներին, նրանց իշխանութիւն տուեց պիղծ դեւերի վրայ՝ հանելու դրանք եւ բժշկելու ամէն ցաւ եւ ամէն հիւանդութիւն:




 
sacredtradition.am