русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
12 օգոստոսի 2017թ. շաբաթ, ԴՁ
Տօն Շողակաթի Սուրբ Էջմիածնի ըստ տեսլեան սրբոյն Գրիգորի Լուսաւորչին
Նաւակատիք


Առակներ 3.19-26

19 Աստուած իմաստութեամբ դրեց երկրի հիմքերը եւ իմացականութեամբ հաստատեց երկինքը, 20 իր հանճարով անդունդներ բացեց, եւ ամպերն անձրեւներ տեղացին: 21 Որդեա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստութիւնը, 22 որպէսզի ապրի քո հոգին, եւ դրանք քո պարանոցի վրայ զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար եւ ոսկորներիդ համար՝ դարման: 23 Եւ դու ապահով կգնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի: 24 Եթէ նստես, աներկիւղ կլինես, եթէ քնես, քունդ անուշ կլինի, 25 եւ չես երկնչի յանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս յարձակումներից, 26 որովհետեւ Տէրը կլինի քո բոլոր ճանապարհների վրայ եւ ոտքդ հաստատուն կպահի, որ չսայթաքես:




Եզեկիելի մարգարեությունը 40.3-10

3 Ահա մի մարդ կար այնտեղ, որի տեսքը փայլուն պղնձի նման էր: Ձեռքին շինարարի լար ու չափաձող ունէր: Ինքն էլ կանգնած էր դռան վրայ: 4 Մարդն ասաց ինձ. «Տեսար դու, մարդո՛ւ որդի: Արդ, աչքերովդ նայի՛ր, ականջներովդ լսի՛ր եւ մտքումդ հաստա՛տ պահիր այն ամէնը, ինչ քեզ ցոյց եմ տալու, որովհետեւ քեզ ցոյց տալու համար եմ այստեղ եկել: Եւ ինչ որ ինքդ տեսնես, ցոյց եմ տալու Իսրայէլի տանը»: 5 Ահա տաճարի շուրջը տեսայ փողոցներ: Մարդու ձեռքին կար մի չափաձող վեց կանգուն ու մէկ թիզ երկարութեամբ: Պարսպի լայնութիւնը նա չափեց մէկ ձողի հաւասար, բարձրութիւնն էլ՝ մէկ ձողի հաւասար: 6 Մտաւ այն դռնից, որ արեւելք էր նայում եւ ունէր եօթ աստիճաններ: Չափեց դռան չորս կողմում եղած վեցական կամարների խցերը. մէկ խցի երկարութիւնը մէկ ձողի հաւասար էր, լայնութիւնն էլ՝ մէկ ձողի հաւասար. խցերի միջի կամարները վեց կանգուն էին: 7 Երկրորդ խուցը լայնքով հաւասար էր մէկ ձողի, երկայնքով էլ՝ մէկ ձողի հաւասար. կամարը հինգ կանգուն էր: 8 Երրորդ խուցն էլ երկայնքով հաւասար էր մէկ ձողի, լայնքով էլ՝ հաւասար մէկ ձողի. դռան կամարը, գագաթի մօտ, ութ կանգուն էր: 9 Կամարներն էլ երկու կանգուն էին, եւ դրանք ներքին դռան կամարներն էին: 10 Դռան խցերն իրար դիմաց էին, երեքն՝ այս կողմից, երեքը՝ միւս: Երեքն էլ մի չափի էին, կամարներն էլ՝ մի չափի՝ այս եւ միւս կողմերից:




Պետրոս առաքյալի Ա թուղթը 2.1-10

1 Ուրեմն, դէն գցելով ամէն չարութիւն, ամէն նենգութիւն, կեղծաւորութիւններ, նախանձ եւ ամէն չարախօսութիւն, 2 որպէս նորածին երեխաներ՝ միշտ փափագող եղէք բանական եւ անխարդախ կաթին, որպէսզի նրա միջոցով աճէք փրկութեան համար, 3 քանի որ արդէն ճաշակել էք, որ քաղցր է Տէրը: 4 Մօտեցէ՛ք նրան՝ կենդանի Վէմին, որը, թէպէտ մարդկանցից անարգուած, բայց Աստծոյ առաջ ընտրեալ եւ թանկագին է: 5 Եւ դուք, իբրեւ կենդանի վէմեր, կառուցւում էք որպէս հոգեւոր տաճար, որպէս անարատ քահանայութիւն, որպէսզի Յիսուս Քրիստոսի միջոցով մատուցէք հոգեւոր պատարագներ, որոնք հաճելի լինեն Աստծուն. 6 քանզի Գրքում էլ կայ, թէ՝ «Ահաւասիկ, ընտիր վէմ եմ դնում Սիոնի մէջ, թանկագին անկիւնաքար. եւ ով նրան հաւատայ, ամօթով չպիտի մնայ»: 7 Ուրեմն, ձեզ՝ հաւատացեալներիդ համար՝ թանկագին վէմ, իսկ անհաւատներին՝ «այն վէմը, որն անարգեցին շինողները, ա՛յն եղաւ անկիւնաքար». 8 ինչպէս նաեւ՝ «վէմ գլորման եւ վէմ գայթակղութեան», որով գայթակղւում են խօսքին անհնազանդ եղողները. եւ նրանք հէնց այդ բանի համար էլ սահմանուած էին: 9 Բայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծոյ սեփական ժողովուրդ, որպէսզի ձեր առաքինութիւնները նուիրէք նրան, ով խաւարից ձեզ կանչեց իր սքանչելի լոյսին: 10 Դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծոյ ժողովուրդն էք. դուք, որ ողորմութիւն չէիք գտել, այժմ ողորմութիւն գտաք:




Ավետարան ըստ Մատթեոսի 16.13-19

13 Եւ Յիսուս, Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով, հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում. ո՞վ է մարդու Որդին»: 14 Եւ նրանք ասացին. «Մէկը թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք թէ՝ Երեմիան կամ մարգարէներից մէկը»: 15 Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում. ո՞վ եմ ես»: 16 Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծոյ Որդին»: 17 Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է: 18 Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ Եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն: 19 Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»:




 
sacredtradition.am