русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
17 հոկտեմբերի 2020թ. շաբաթ, ԳՁ
Սրբոց աւետարանչացն Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Յովհաննու


Իմաստություն Սողոմոնի 9.13-10.2

13 Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծոյ խորհուրդները, եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը. 14 քանզի մահկանացուների մտածումները անստոյգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ: 15 Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը: 16 Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաները եւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ: 17 Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո Սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից: 18 Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղները, սովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, եւ փրկուեցին քո իմաստութեամբ:

10 1 Իմաստութիւնը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հօրը՝ միայնակ ստեղծեալին: 2 Նա փրկեց նրան իր յանցանքներից եւ զօրութիւն տուեց նրան բոլորի վրայ իշխելու:




Եզեկիելի մարգարեությունը 1.3-11

3 Աստուած խօսեց Բուզիի որդու՝ Եզեկիէլ քահանայի հետ Քաղդէացիների երկրում՝ Քոբար գետի ափին: 4 Եւ այնտեղ Տիրոջ ձեռքը հանգեց ինձ վրայ, ու տեսայ, որ ահա հիւսիսից մի հողմ բարձրացած գալիս էր, մի մեծ ամպ էլ՝ նրա հետ: Շուրջը լոյս էր, որից հուր էր փայլատակում: Նրա մէջ թանկարժէք քարերի տեսքը կար, միջից՝ ճառագայթներ: 5 Դրա մէջ չորս կենդանի էակների կերպարանքներ կային: Եւ այս էր դրանց տեսքը. դրանք մարդու կերպարանք ունէին: 6 Ամէն մէկը չորս դէմք ունէր, ամէն մէկը՝ չորս թեւ: 7 Նրանց ազդրերն ուղիղ էին, ոտքերը՝ թեւաւոր. կճղակները նման էին հորթերի կճղակների, եւ դրանցից կայծեր էին թափւում, ինչպէս պղնձի փայլատակումներից: Նրանց թեւերն արագաշարժ էին: 8 Նրանց թեւերի տակ, չորս կողմերում, մարդկային ձեռքեր կային: Նրանց երեսները չորսն էին: Չորսի թեւերն էլ կցուած էին միմեանց: 9 Գնալիս երեսները յետ էին դարձնում. իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում: 10 Նրանց չորսի էլ դէմքի տեսքը աջից մարդու եւ առիւծի կերպարանք ունէր, իսկ ձախից՝ եզան եւ արծուի կերպարանք. այս էր նրանց տեսքը: 11 Նրանց չորսի թեւերը տարածուած էին վերեւից. իւրաքանչիւր երկուսն իրար էին կցուած ու վերեւից զոյգ-զոյգ ծածկում էին նրանց մարմինները:




Զաքարիայի մարգարեությունը 6.1-8

1 Դարձեալ բարձրացրի աչքերս եւ տեսնում էի. ահա չորս կառքեր դուրս էին գալիս լեռների արանքից, եւ լեռները պղնձեայ լեռներ էին: 2 Առաջին կառքին լծուած էին աշխէտ ձիեր, երկրորդ կառքին՝ սեւ ձիեր, 3 երրորդ կառքին՝ սպիտակ ձիեր, եւ չորրորդ կառքին՝ պէս-պէս, պուտաւոր ձիեր: 4 Ես հարցրի եւ ասացի հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ. «Ի՞նչ են դրանք, Տէ՛ր»: 5 Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, պատասխան տուեց եւ ասաց. «Դրանք երկնքի չորս հողմերն են, որ ելնում են կանգնելու ամբողջ աշխարհի Տիրոջ առաջ»: 6 Այն կառքը, որին սեւ ձիեր էին լծուած, գնում էր դէպի հիւսիսի երկիր՝ սպիտակ ձիերինը նրա յետեւից, 7 աշխէտ ձիերինը գնում էր դէպի հարաւի երկիր, իսկ պուտաւոր ձիերինը ելնում ու ձգտում էր շրջել ամբողջ երկրում: Եւ Տէրն ասաց. «Գնացէ՛ք եւ շրջեցէ՛ք երկրով մէկ»: Եւ նրանք շրջեցին երկրով մէկ: 8 Տէրը ձայն տուեց եւ ասաց ինձ. «Ահա նրանք, որ գնում են դէպի հիւսիսի երկիր, հանգցրին իմ բարկութիւնը հիւսիսի երկրի նկատմամբ»:




Պողոս առաքյալի թուղթը եփեսացիներին 4.7-13

7 Բայց մեզնից իւրաքանչիւրին տրուած է շնորհ՝ ըստ Քրիստոսի պարգեւած չափի. 8 դրա համար էլ ասում է. «Ելաւ բարձունքը, գերիների բազմութիւն գերեվարեց եւ մարդկանց պարգեւներ տուեց»: 9 «Ելաւ»-ն ի՞նչ է, եթէ ոչ՝ այն, որ իջաւ նախ երկրի ստորին կողմը: 10 Նա, որ իջաւ, նոյն ինքն է, որ բարձրացաւ երկինքներից աւելի վեր, որպէսզի լցնի ամբողջ տիեզերքը: 11 Նա շնորհ տուեց ոմանց լինելու առաքեալներ, ոմանց՝ մարգարէներ, ոմանց՝ աւետարանիչներ, ոմանց՝ հովիւներ եւ ուսուցիչներ՝ 12 հաստատելու համար սրբերին իրենց պաշտօնի կատարման մէջ ի շինութիւն Քրիստոսի մարմնի, 13 մինչեւ որ մենք բոլորս հասնենք հաւատի կատարեալ միութեանն ու Աստծոյ Որդու ճանաչմանը, կատարեալ մարդու աստիճանին՝ ունենալով ճիշտ Քրիստոսի հասակի չափը:




Ավետարան ըստ Ղուկասի 6.13-19

13 Եւ երբ լոյսը բացուեց, կանչեց իր աշակերտներին եւ ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց եւ առաքեալներ անուանեց. 14 Սիմոնին, որին էլ Պետրոս կոչեց, եւ Անդրէասին՝ նրա եղբօրը, Յակոբոսին, Յովհաննէսին, 15 Փիլիպպոսին, Բարթողոմէոսին, Մատթէոսին, Թովմասին, Ալփէոսի որդի Յակոբոսին, Սիմոնին՝ Նախանձայոյզ կոչուածին, 16 Յակոբի որդի Յուդային եւ Իսկարիովտացի Յուդային, որը եւ մատնիչ եղաւ: 17 Եւ նրանց հետ միասին իջաւ մի տափարակ տեղ, ուր նրա աշակերտների խումբը եւ ամբողջ Հրէաստանից ու Երուսաղէմից եւ այն կողմերից եւ Տիւրոսի ու Սիդոնի ծովեզրից 18 շատ մեծ բազմութիւն եկել էր լսելու նրան եւ բժշկուելու իրենց հիւանդութիւններից: Եւ պիղծ ոգիներից տառապողները բժշկւում էին: 19 Եւ ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետեւ նրանից մեծ զօրութիւն էր դուրս գալիս եւ բժշկում բոլորին:




 
sacredtradition.am