русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
9 նոյեմբերի 2019թ. շաբաթ, ԲՁ
Սրբոց հրեշտակապետացն Գաբրիելի եւ Միքայելի եւ ամենայն երկնային զօրացն


Ծննդոց 18.33-19.2

33 Եւ Տէրը, վերջացնելով Աբրահամի հետ խօսակցութիւնը, գնաց, իսկ Աբրահամը վերադարձաւ իր բնակատեղին:

19 1 Երկու հրեշտակները երեկոյեան եկան Սոդոմ: Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մօտ: Երբ Ղովտը տեսաւ նրանց, ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչեւ գետին ու ասաց. 2 «Համեցէ՛ք, տիա՛րք, եկէք մտէ՛ք ձեր ծառայի տունը եւ գիշերեցէ՛ք այստեղ: Ես կլուանամ ձեր ոտքերը, եւ դուք վաղ առաւօտեան կշարունակէք ձեր ճանապարհը»:




Հոբի գիրքը 38.4-7

4 Որտե՞ղ էիր դու, երբ ես երկրի հիմքերն էի գցում: Ասա՛ ինձ, եթէ խելամիտ ես ու իմաստուն: 5 Ո՞վ է սահմանել դրա չափը, եթէ գիտես, կամ ո՞վ է լար գցել դրա վրայ: 6 Ինչի՞ վրայ է հաստատուել օղակը դրա, ո՞վ է դրել անկիւնաքարը դրա: 7 Երբ աստղերը ցիրուցան եղան, աստղերի բոլոր հրեշտակները մեծաձայն օրհնեցին ինձ, իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին:




Եսայու մարգարեությունը 6.1-7

1 Այն տարին, երբ մեռաւ Օզիա արքան, տեսայ Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերացած աթոռին, իսկ տաճարը լի էր նրա փառքով: 2 Նրա շուրջը սերովբէներ կային, որոնցից իւրաքանչիւրը վեց թեւ ունէր. երկուսով իրենց երեսներն էին ծածկում, երկուսով՝ իրենց ոտքերը եւ երկուսով էլ թռչում էին: 3 Ձայնակցում էին իրար եւ ասում. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զօրութիւնների Տէրը, եւ ամբողջ երկիրը լի է նրա փառքով»: 4 Կանչողների ձայնից դռան բարաւորը վեր բարձրացաւ, ու տունը լցուեց ծխով: 5 Եւ ես ասում եմ. «Վա՜յ ինձ. ես մի տառապած մարդ եմ. ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ եւ պղծաշուրթ ժողովրդի մէջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսայ Զօրութիւնների Տիրոջը»: 6 Եւ ահա ինձ ներկայացաւ սերովբէներից մէկը՝ ձեռքին կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից: 7 Բերեց մօտեցրեց իմ բերանին եւ ասաց. «Ահա մօտեցրի քո շուրթերին. դա կհանի քո անօրինութիւնները եւ քո մեղքերը կսրբի քեզնից»:




Եզեկիելի մարգարեությունը 1.1-20

1 Երեսուներորդ տարում, չորրորդ ամսին, ամսուայ հինգերորդ օրը, ես Քոբար գետի ափին գերեվարուածների մէջ էի: Երկինքը բացուեց, եւ ես Աստծուն տեսայ մի տեսիլքի մէջ: 2 Ամսուայ հինգերորդ օրն էր. դա Յովակիմ արքայի գերութեան հինգերորդ տարին էր: 3 Աստուած խօսեց Բուզիի որդու՝ Եզեկիէլ քահանայի հետ Քաղդէացիների երկրում՝ Քոբար գետի ափին: 4 Եւ այնտեղ Տիրոջ ձեռքը հանգեց ինձ վրայ, ու տեսայ, որ ահա հիւսիսից մի հողմ բարձրացած գալիս էր, մի մեծ ամպ էլ՝ նրա հետ: Շուրջը լոյս էր, որից հուր էր փայլատակում: Նրա մէջ թանկարժէք քարերի տեսքը կար, միջից՝ ճառագայթներ: 5 Դրա մէջ չորս կենդանի էակների կերպարանքներ կային: Եւ այս էր դրանց տեսքը. դրանք մարդու կերպարանք ունէին: 6 Ամէն մէկը չորս դէմք ունէր, ամէն մէկը՝ չորս թեւ: 7 Նրանց ազդրերն ուղիղ էին, ոտքերը՝ թեւաւոր. կճղակները նման էին հորթերի կճղակների, եւ դրանցից կայծեր էին թափւում, ինչպէս պղնձի փայլատակումներից: Նրանց թեւերն արագաշարժ էին: 8 Նրանց թեւերի տակ, չորս կողմերում, մարդկային ձեռքեր կային: Նրանց երեսները չորսն էին: Չորսի թեւերն էլ կցուած էին միմեանց: 9 Գնալիս երեսները յետ էին դարձնում. իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում: 10 Նրանց չորսի էլ դէմքի տեսքը աջից մարդու եւ առիւծի կերպարանք ունէր, իսկ ձախից՝ եզան եւ արծուի կերպարանք. այս էր նրանց տեսքը: 11 Նրանց չորսի թեւերը տարածուած էին վերեւից. իւրաքանչիւր երկուսն իրար էին կցուած ու վերեւից զոյգ-զոյգ ծածկում էին նրանց մարմինները: 12 Եւ իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում. դէպի որ կողմը որ հողմը փչում էր, նրանք այն կողմն էին գնում եւ ընթանալիս յետ շուռ չէին գալիս: 13 Կենդանի էակների մէջ բորբոքուած հրի պէս մի պատկեր կար, ասես շարժուող լապտերների պատկեր լինէր. կրակի լոյս կար, եւ այն կրակից փայլատակումներ էին սփռւում: 14 Եւ կենդանի էակներն արագ էին ընթանում ու թեթեւ պտտւում էին, արեգակի պէս: 15 Եւ ահա երկրի վրայ, չորս կենդանի էակների յետեւից մի անիւ էի տեսնում. անիւների կերպարանքն ու դրանց կառուցուածքը ոսկեքարի տեսքն ունէին: 16 Թէ՛ չորսի տեսքը, թէ՛ նրանց պատկերն ու կառուցուածքը այնպէս էին, որ կարծես թէ անուի մէջ անիւ էր պտտւում: 17 Նրանք իրենց դէմքերի չորս ուղղութեամբ էլ ընթանում էին ու յետ շուռ չէին գալիս: Բարձր էին: 18 Նայում էի նրանց ու տեսնում, որ նրանց թիկունքները, չորս կողմերում էլ, լիքն էին աչքերով: 19 Կենդանի էակներն ընթանալիս անիւներն էլ նրանց հետ էին գնում, իսկ երբ երկրից բարձրանում էին, անիւներն էլ էին բարձրանում: 20 Դէպի որ կողմը որ գնում էին ամպն ու հողմը, կենդանի էակներն էլ էին ընթանում, եւ անիւները նրանց հետ բարձրանում էին, որովհետեւ այն անիւների մէջ կենդանի ոգի կար:




Թուղթ եբրայեցիներին 1.6-14

6 Եւ դարձեալ, երբ Անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է. «Թող երկրպագե՛ն նրան Աստծոյ բոլոր հրեշտակները»: 7 Իսկ հրեշտակների մասին էլ ասում է. «Նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց եւ իր ծառաներին՝ կրակի բոց»: 8 Իսկ Որդու մասին ասում է. «Աստուա՛ծ, քո աթոռը յաւիտեանս յաւիտենից է. քո արքայութեան գաւազանը՝ ուղղութեան գաւազան: 9 Դու սիրեցիր արդարութիւնը եւ ատեցիր անօրինութիւնը. դրա համար, Աստուա՛ծ, քո Աստուածը քեզ օծեց ուրախութեան իւղով աւելի, քան քո ընկերներին»: 10 Նաեւ. «Դու, Տէ՛ր, սկզբից երկիրը հիմնեցիր, եւ քո ձեռքերի գործն են երկինքները: 11 Նրանք կորստեան պիտի մատնուեն, բայց դու կաս եւ մնում ես: Բոլորը պիտի մաշուեն որպէս ձորձեր եւ որպէս վերարկու. 12 պիտի ոլորես դրանք հագուստի պէս. եւ նրանք պիտի ոլորուեն: Բայց դու միշտ նոյնն ես, եւ քո տարիները չեն պակասելու»: 13 Հրեշտակներից որի՞ն երբեւէ ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին քո ոտքերին պատուանդան դարձնեմ»: 14 Չէ՞ որ բոլորն էլ սպասարկող հոգիներ են, որոնք ուղարկւում են ի սպասաւորութիւն նրանց, որ ժառանգելու են փրկութիւնը:




Ավետարան ըստ Մատթեոսի 18.10-14

10 Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է. 11 որովհետեւ մարդու Որդին եկաւ՝ փրկելու կորածը: 12 Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ մի մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լեռան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին: 13 Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն: 14 Այսպէս իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի:




 
sacredtradition.am