русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
15 մայիսի 2019թ. չորեքշաբթի, ԱՁ
ԻԵ օր Յինանց


Ավետարան ըստ Ղուկասի 10.1-24

1 Այնուհետեւ Տէրը նշանակեց ուրիշ եօթանասուներկու հոգու եւս եւ նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր: 2 Եւ նրանց ասաց. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակաւ: Արդ, խնդրեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար: 3 Գնացէ՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրեւ գառներ գայլերի մէջ: 4 Մի՛ վերցրէք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կօշիկներ եւ ճանապարհին ոչ ոքի ողջոյն մի՛ տուէք: 5 Որ տունը մտնէք, նախ ասացէ՛ք. “Խաղաղութի՜ւն այս տանը”. 6 եթէ այնտեղ կայ խաղաղասէր մարդ, ձեր խաղաղութիւնը նրա վրայ կհանգչի. ապա թէ ոչ՝ ձեզ կվերադառնայ: 7 Նոյն տանը գիշերեցէ՛ք, կերէ՛ք եւ խմեցէ՛ք նրանց ունեցածից, որովհետեւ մշակը արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխուէք: 8 Որ քաղաքը որ մտնէք, եւ ձեզ ընդունեն, կերէ՛ք, ինչ որ ձեր առաջ դնեն: 9 Եւ բժշկեցէ՛ք այնտեղ եղած հիւանդներին եւ նրանց ասացէ՛ք. “Մօտեցել է ձեզ Աստծոյ արքայութիւնը”: 10 Իսկ որ քաղաքը որ մտնէք, եւ ձեզ չընդունեն, երբ դուրս գաք նրա հրապարակները, ասացէ՛ք. 11 “Ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին անգամ թօթափում ենք ձեզ վրայ. բայց իմացէ՛ք, որ մօտեցել է Աստծոյ արքայութիւնը”: 12 Ասում եմ ձեզ, որ սոդոմայեցիների համար դատաստանի օրը աւելի տանելի պիտի լինի, քան այն քաղաքի համար: 13 Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա, որովհետեւ եթէ Տիւրոսում եւ Սիդոնում եղած լինէին այն զօրաւոր գործերը, որ կատարուեցին ձեր մէջ, արդարեւ վաղուց իսկ քուրձերի մէջ ու մոխրի վրայ նստած՝ ապաշխարած կլինէին: 14 Բայց Տիւրոսի եւ Սիդոնի համար դատաստանի ժամանակ աւելի տանելի կլինի, քան ձեզ համար: 15 Եւ դու, Կափառնայո՛ւմ, որ մինչեւ երկինք ես բարձրացել, պիտի իջնես մինչեւ դժոխք: 16 Ով որ ձեզ լսում է, ինձ է լսում, եւ ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում, եւ ով որ ինձ է մերժում, ինձ Ուղարկողին է մերժում, եւ ով որ ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց»: 17 Եօթանասուներկուսը վերադարձան խնդութեամբ եւ ասացին. «Տէ՛ր, դեւերն էլ են մեզ հնազանդւում քո անունով»: 18 Եւ նրանց ասաց. «Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս, ինչպէս փայլակը: 19 Ահա ձեզ իշխանութիւն տուեցի՝ կոխելու օձերի, կարիճների եւ թշնամու ամբողջ զօրութեան վրայ: Եւ ձեզ բոլորովին չեն վնասելու: 20 Բայց մի՛ ուրախացէք այն բանի համար, որ դեւերը ձեզ հնազանդւում են, այլ ուրախացէ՛ք, որ ձեր անունները գրուած են երկնքում»: 21 Նոյն ժամին Յիսուս ցնծաց Սուրբ Հոգով եւ ասաց. «Գոհութի՜ւն քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից եւ յայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետեւ այսպէս հաճելի եղաւ քեզ: 22 Ամէն ինչ ինձ տրուեց իմ Հօրից. եւ ոչ ոք չգիտէ, թէ ով է Որդին, եթէ ոչ՝ Հայրը, եւ թէ՝ ով է Հայրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում կկամենայ Որդին յայտնել»: 23 Եւ դառնալով աշակերտներին՝ առանձին ասաց. «Երանի՜ այն աչքերին, որ կտեսնեն այն, ինչ դուք տեսնում էք: 24 Ասում եմ ձեզ, որ բազում մարգարէներ եւ թագաւորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ դուք լսում էք, բայց չլսեցին»:




Գործք առաքելոց 14.18-27

18 Եւ մինչ նրանք շրջում եւ ուսուցանում էին, Անտիոքից եւ Իկոնիոնից եկան հասան հրեաներ, որոնք, Պօղոսի եւ Բառնաբասի հետ համարձակութեամբ վիճելով, խաբեցին ժողովրդին, որ հեռու մնան նրանցից: Եւ ասում էին. «Ոչ մի ճշմարիտ բան չեն ասում, այլ ամէն ինչ ստում են»: Եւ Պօղոսին քարկոծելով՝ քարշ տուեցին քաղաքից դուրս ու նրան մեռած էին համարում: 19 Եւ երբ աշակերտները նրան շրջապատեցին, վեր կացաւ ու քաղաք մտաւ եւ յաջորդ օրն իսկ Բառնաբասի հետ միասին ելաւ գնաց Դերբէ: 20 Այդ քաղաքում աւետարանելուց եւ շատերին աշակերտ դարձնելուց յետոյ վերադարձան Լիւստրա, Իկոնիոն եւ Անտիոք՝ 21 աշակերտածների սրտերն ամրացնելով եւ յորդորելով, որպէսզի հաստատ մնան հաւատի մէջ: Եւ ասում էին. «Բազում նեղութիւններ կրելով է, որ մենք պէտք է մտնենք Աստծոյ արքայութիւնը»: 22 Նրանց համար իւրաքանչիւր եկեղեցու վրայ երէցներ ձեռնադրեցին, պահեցողութեամբ հանդերձ աղօթք արեցին եւ նրանց յանձնեցին Տիրոջը, որին հաւատացել էին: 23 Պիսիդիայի մէջ շրջելով՝ եկան Պամփիւլիա: 24 Եւ Պերգէում եւս Տիրոջ խօսքը քարոզելուց յետոյ իջան Ատտալիա: 25 Այնտեղից էլ նաւարկելով՝ գնացին Անտիոք, որտեղից էլ յանձնուած էին Աստծոյ շնորհներին այն գործի համար, որ կատարեցին: 26 Եւ երբ եկան ու հաւաքեցին եկեղեցին, պատմեցին, թէ Աստուած նրանց հետ ինչքան բաներ արեց եւ թէ ինչպէս հեթանոսների առաջ հաւատի դուռը բացեց: 27 Եւ երկար ժամանակ շրջում էին աշակերտների հետ:




Պետրոս առաքյալի Բ թուղթը 1.20-2.8

20 Բայց նախ այս բանն իմացէք, որ Գրքերի ամէն մի մարգարէութիւն իր յատուկ մեկնութիւնը չունի, 21 քանի որ մարգարէութիւնը ոչ թէ ըստ մարդկանց կամքի տրուեց երբեւէ, այլ Սուրբ Հոգուց մղուած է, որ խօսեցին Աստծոյ սուրբ մարդիկ:

2 1 Եղան նաեւ սուտ մարգարէներ ժողովրդի մէջ, ինչպէս որ այժմ էլ ձեր մէջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք սպրդեցնելով կորստաբեր հերձուածներ են ներմուծելու եւ, ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրայ արագահաս կորուստ են բերելու: 2 Եւ շատերը պիտի գնան նրանց անառակութիւնների յետեւից. եւ այդ պատճառով ճշմարտութեան ճանապարհը պիտի անարգուի: 3 Եւ ընչաքաղցութեամբ, մտացածին խօսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտութիւնը սկզբից յայտնի է, եւ նրանց կործանումը չպիտի ուշանայ: 4 Քանզի Աստուած չխնայեց մեղանչած հրեշտակներին, այլ խաւարի կապանքներով գցեց տարտարոսը, որպէսզի նրանք պահուեն դատաստանի օրուայ համար: 5 Նա չխնայեց նաեւ հին աշխարհին, երբ ամբարիշտների աշխարհի վրայ ջրհեղեղը բերեց՝ փրկելով միայն ութ հոգու, այդ թւում նաեւ Նոյին՝ արդարութեան քարոզչին: 6 Նոյնպէս նա սոդոմացիների եւ գոմորացիների քաղաքները մոխրի վերածելով դատապարտեց՝ օրինակ ծառայեցնելով նրանց ապագայի ամբարիշտների համար: 7 Եւ նա փրկեց արդար Ղովտին, որ ձանձրացել էր նրանց անառակ, անկարգ ընթացքից 8 (որովհետեւ արդարը, բնակուելով նրանց մէջ, ականատես եւ ականջալուր էր լինում նրանց անօրէն ընթացքին՝ ամէն օր տանջելով իր արդար հոգին):




Ավետարան ըստ Հովհաննեսի 6.15-21

15 Երբ Յիսուս իմացաւ, որ գալու են իրեն բռնել-տանելու, որպէսզի իրեն թագաւոր անեն, դարձեալ միայնակ դէպի լեռը գնաց: 16 Եւ երբ երեկոյ եղաւ, նրա աշակերտները ծովեզերք իջան: 17 Եւ նաւակ նստելով՝ գալիս էին դէպի ծովի միւս կողմը՝ դէպի Կափառնայում: Եւ երբ մութն ընկաւ, Յիսուս դեռ իրենց մօտ չէր եկել. 18 եւ ծովը հողմի ուժգին փչելուց փոթորկւում էր: 19 Երբ շուրջ քսանհինգ կամ երեսուն ասպարէզ թիավարելուց յետոյ տեսան Յիսուսին, որ քայլում էր ծովի վրայով եւ նաւակին էր մօտեցել, սաստիկ վախեցան: 20 Եւ նա ասաց նրանց. «Ես եմ. մի՛ վախեցէք»: 21 Եւ ուզում էին նրան նաւակի մէջ առնել. եւ նաւակը շուտով հասաւ այն տեղը, ուր գնում էին:




Ավետարան ըստ Մատթեոսի 12.38-50

38 Այն ժամանակ օրէնսգէտներից եւ փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տուեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել»: 39 Նա պատասխան տուեց նրանց ու ասաց. «Չար եւ շնացող ազգը նշան է փնտրում. այլ նշան չի տրուի նրան, բայց միայն՝ Յովնան մարգարէի նշանը. 40 որովհետեւ, ինչպէս Յովնանը երեք օր ու երեք գիշեր կէտի փորի մէջ էր, նոյնպէս եւ մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր: 41 Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դէմ պիտի դուրս գան եւ պիտի դատապարտեն նրան, քանի որ նրանք Յովնանի քարոզութեամբ ապաշխարեցին. եւ ահաւասիկ այստեղ Յովնանից Մեծը կայ: 42 Հարաւի դշխոն դատաստանի ժամանակ պիտի դուրս գայ այս ազգի դէմ եւ պիտի դատապարտի նրան, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ՝ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա այստեղ Սողոմոնից Մեծը կայ: 43 Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում: 44 Այն ժամանակ ասում է. “Դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկայ”. եւ գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրուած ու կարգի բերուած: 45 Այն ժամանակ գնում եւ վերցնում է իր հետ իրենից աւելի չար եօթ այլ ոգիներ եւ մտնում-բնակւում է այնտեղ. եւ այդ մարդու վերջը լինում է աւելի վատ, քան առաջ էր. այսպէս պիտի լինի եւ այս չար սերնդին»: 46 Մինչ Յիսուս դեռ խօսքն ուղղում էր բազմութեանը, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնած էին դրսում եւ ուզում էին խօսել նրա հետ: 47 Եւ մէկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու քո եղբայրները դրսում կանգնած են եւ ուզում են քեզ հետ խօսել»: 48 Նա այդ ասողին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»: 49 Եւ իր ձեռքը երկարելով դէպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա՛ իմ մայրը եւ իմ եղբայրները. 50 որովհետեւ ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է, նա է ինձ եղբայր եւ քոյր եւ մայր»:




Ավետարան ըստ Մարկոսի 5.35-43

35 Մինչ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդապետի տնից ոմանք եկան եւ ասացին. «Քո դուստրը մեռաւ, էլ ի՞նչ ես նեղութիւն տալիս Վարդապետին»: 36 Իսկ Յիսուս, երբ լսեց ասուած խօսքը, ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախեցիր, այլ միայն հաւատա՛»: 37 Եւ ոչ ոքի թոյլ չտուեց իր հետ գնալ, այլ միայն՝ Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին: 38 Յիսուս ժողովրդապետի տունը եկաւ եւ տեսաւ մի մեծ ամբոխ, լացուկոծ անողներ եւ աղմուկ-աղաղակ: 39 Ապա ներս մտնելով՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք խռովուած ու լաց էք լինում. մանուկը մեռած չէ, այլ ննջում է»: 40 Սակայն նրանք ծաղրում էին նրան: Իսկ նա, ամէնքին դուրս հանելով, վերցրեց իր հետ մանկան հօրն ու մօրը եւ նրանց, որ իր հետ էին, եւ մտաւ այնտեղ, ուր պառկած էր մանուկը: 41 Եւ բռնելով մանկան ձեռքից՝ ասաց նրան՝ «Տալի՛թա, կո՛ւմի», որ նշանակում է՝ «Աղջի՛կ, դո՛ւ, քեզ եմ ասում, վե՛ր կաց»: 42 Եւ աղջիկն իսկոյն վեր կացաւ ու քայլում էր, քանի որ մօտ տասներկու տարեկան էր: Եւ ամէնքը մեծապէս զարմացան: 43 Իսկ նա նրանց խստիւ պատուիրեց, որ ոչ ոք այդ բանը չիմանայ. ու ասաց, որ նրան ուտելու բան տան:




 
sacredtradition.am