русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
15 մարտի 2019թ. ուրբաթ, ԲԿ
ԺԲ օր Մեծի պահոց


Երկրորդ օրենք 7.11-8.1

11 Պէտք է պահես քեզ հաղորդած իմ պատուիրանները, օրէնքներն ու կանոնները: 12 «Եթէ ենթարկուես այս բոլոր օրէնքներին եւ պահես ու գործադրես դրանք, ապա քո Տէր Աստուածը կկատարի իր արած ուխտն ու ողորմածութիւնը, ինչպէս որ երդուել է մեր հայրերին: 13 Նա կսիրի, կօրհնի ու կբազմացնի քեզ: Նա կօրհնի քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը՝ ցորենը, գինին ու իւղը, քո արջառների նախիրները, քո ոչխարների հօտերը այն երկրում, որ երդուեց Տէրը տալ քո հայրերին: 14 Օրհնեալ կլինես դու, քան բոլոր ազգերը: Դու եւ քո անասունները ամուլ ու ստերջ չէք լինի: 15 Տէրը քեզնից կվերացնի բոլոր հիւանդութիւնները: Եգիպտացիների բոլոր սոսկալի ցաւերը, որոնք դու տեսար եւ իմացար, Տէրը քեզ վրայ չի բերի, այլ դրանք կտայ քո թշնամիներին եւ բոլոր քեզ ատողներին: 16 Դու կսպառես աւարն այն բոլոր ազգերի, որոնց քո ձեռքն է մատնել քո Տէր Աստուածը: Քո աչքը թող չխնայի նրանց, եւ չպաշտես նրանց կուռքերը, որովհետեւ նրանք քեզ համար որոգայթ են: 17 Եթէ քո մտքում ասես, թէ՝ “Այդ ազգի մարդիկ մեզնից շատ են. ես ինչպէ՞ս կարող եմ կոտորել նրանց”, 18 ապա մի՛ վախեցիր նրանցից: Լաւ յիշի՛ր, թէ քո Տէր Աստուածը ինչ բերեց փարաւոնի, նրա ծառաների ու բոլոր եգիպտացիների գլխին. 19 ինչպիսի մեծամեծ փորձանքներ, որ քո աչքերը տեսան, ինչպիսի նշաններ, մեծագործութիւններ, որ նա արեց ամուր ձեռքով եւ հզօր բազկով: Ինչպէս որ քո Տէր Աստուածը քեզ դուրս բերեց այնտեղից, նոյնը կանի քո Տէր Աստուածը այն բոլոր ազգերի նկատմամբ, որոնցից վախենում ես դու: 20 Քո Տէր Աստուածը նրանց վրայ իշամեղուներ կուղարկի, մինչեւ որ կոտորուեն վերապրողները եւ նրանք, որ թաքնուել են քեզնից: 21 Մի՛ վախեցիր նրանց ներկայութիւնից, որովհետեւ քո մեծ ու հզօր Տէր Աստուածը քո մէջ է: 22 Քո Տէր Աստուածը այդ ազգերին քո ներկայութիւնից կվերացնի սակաւ առ սակաւ: Դու չես կարող նրանց միանգամից կոտորել, որպէսզի երկիրն ամայի չդառնայ, եւ անապատի գազանները չբազմանան քո շուրջը: 23 Քո Տէր Աստուածը նրանց կյանձնի քո ձեռքը եւ նրանց կկոտորի մեծ պատուհասների մատնելով, մինչեւ որ մէջտեղից վերացնի նրանց: 24 Նա նրանց թագաւորներին կյանձնի քո ձեռքը, եւ դու նրանց անունները կջնջես երկրի երեսից: Ոչ ոք չի կանգնի քո դէմ, մինչեւ որ բնաջնջես նրանց: 25 Նրանց կռածոյ աստուածները կայրես հրով: Դրանց վրայ եղած արծաթի ու ոսկու վրայ աչք չունենաս, չվերցնես դրանք, որպէսզի դրանով մեղք գործած չլինես. դա քո Տէր Աստծոյ համար գարշելի է: 26 Այդպիսի պիղծ բան չտանես քո տունը, որպէսզի դու էլ դրա նման նզովուած չլինես: Դու պէտք է բոլորովին զզուես եւ պիղծ համարես դա, որովհետեւ դա նզովուած է:

8 1 Տեսէ՛ք, որ կատարուեն ձեզ հաղորդած իմ բոլոր պատուիրանները, որպէսզի ապրէք, բազմապատկուէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ Տէրը երդուեց տալ մեր հայրերին:




Հոբի գիրքը 9.1-10.2

1 Յոբը խօսեց ու ասաց. 2 «Ճշմարտապէս գիտեմ, որ այդ այդպէս կլինի. ինչպէ՞ս կարող է մարդ արդար լինել Աստծոյ առաջ: 3 Եթէ Աստուած ուզի դատ տեսնել իր հետ, նրան չի լսելու, որովհետեւ հազար խօսքին մի խօսքով իսկ պատասխան չի տալու: 4 Աստուած մտքով իմաստուն է, զօրաւոր ու մեծ. այդ ո՞վ է նրա դէմ յամառել ու յաջողութիւն գտել: 5 Չեն իմանում, թէ նա, որ մաշում է լեռները, բարկութեամբ կտապալի էլ դրանք: 6 Նա է, որ երկնքի ներքոյ շարժում է գետինը հիմքերից, եւ նրա սիւները դողում են: 7 Նա է, որ հրամայում է արեգակին, ու սա չի ծագում, փակում է աստղերի դէմը: 8 Նա է, որ միայնակ տարածել է երկինքը եւ ծովի վրայ այնպէս է շրջում, ինչպէս ցամաքի վրայ: 9 Նա է, որ ստեղծել է Բազմաստղն ու Գիշերաստղը, Սայլն ու Մազարոթը: 10 Նա է, որ արարում է մեծամեծ ու անքննելի, փառաւոր ու հրաշակերտ բաները, որոնց թիւ ու համար չկայ: 11 Եթէ ինձնից վեր բարձրանայ, չեմ տեսնի, իսկ եթէ կողքովս անցնի, այդպէս էլ չեմ իմանայ: 12 Եթէ ոչնչացնի, ո՞վ յետ կպահի նրան կամ ո՞վ նրան կասի՝ ի՞նչ արեցիր: 13 Ետ դարձաւ նա բարկութիւնից, եւ նրանից սարսեցին կէտերը, որ երկնքի ներքոյ են: 14 Երանի՜ թէ լսի ինձ եւ իրաւացի համարի իմ խօսքերը: 15 Եթէ արդար լինեմ, ու ինձ չլսի, նրա դատաստանն եմ աղերսելու: 16 Իսկ եթէ աղաղակեմ իրեն, ու լսի, հաւատալս էլ չի գալու, որ հէնց լսել է ինձ: 17 Փոթորիկով չի ոչնչացնելու ինձ: Բազում են հարուածները, որ ինձ զուր տեղը հասցրել է. ինձ հանգիստ էլ չի տալիս: 18 Դառնութեամբ է լցրել ինձ. 19 քանի որ հզօր է, բռնանում է: Եւ հիմա այն ո՞վ է, որ նրա դատաստանին հակառակ կկանգնի: 20 Եթէ արդար լինեմ, բերանս ինձ ամբարիշտ կդարձնի, անարատ լինեմ՝ կամակոր կդառնամ: 21 Իսկ եթէ հոգով մեղանչել եմ, չգիտեմ. գիտեմ միայն, որ կեանքս խլում են ինձնից: 22 Դրա համար եմ ասել. “Բարկութիւնը կործանում է մեծին ու հզօրին”: 23 Չարերը սաստիկ մահով են կորչելու. արդարներն էլ ծաղրի են ենթարկւում, քանի որ մատնւում են ամբարշտի ձեռքը: 24 Նա դատաւորների երեսն է ծածկում. եթէ նա չէ ծածկողը, ապա ո՞վ է: 25 Սակայն սուրհանդակից էլ արագ անցաւ իմ կեանքը. փախաւ այն ու չերեւաց: 26 Կգտնուի՞ նաւերի ճանապարհի կամ թռչող, կեր փնտրող արծուի հետքը: 27 Եթէ ասեմ, թէ մոռանալու եմ գանգատուելը, երեսս գետնին խոնարհելով՝ հեծեծեմ, 28 դողը կպատի իմ բոլոր անդամները, քանզի գիտեմ, որ ինձ անմեղ չես համարելու: 29 Եթէ ամբարշտութիւն էի անում, ինչո՞ւ չմեռայ: 30 Եթէ ձիւնով իսկ լուացուէի ու ձեռքերս էլ օշնանով մաքրէի, 31 դարձեալ սաստիկ աղտեղութեամբ կներկէիր ինձ՝ պատմուճանս իմ աչքերին զազրելի դարձնելով. 32 քանզի դու մարդ չես ինձ նման, որի հետ դատ անէի ես, եւ որպէս հաւասար դատաստանի գայինք: 33 Ո՜ւր է թէ մի միջնորդ լինէր, դիմացս գար ու դատ անէր երկուսիս միջեւ: 34 Նա անպայման կհեռացնէր ինձնից խարազանը, եւ դրա ահն ինձ չէր սարսափեցնի. 35 էլ չէի վախենայ, այլ կխօսէի. բայց գիտեմ, որ այդպէս չէ. որ ինքս մենակ եմ տանջւում:

10 1 Հծծիւնով կհասցնեմ նրան իմ խօսքերը. կխօսեմ թախծոտած իմ հոգու դառնութեամբ: 2 Ու կասեմ. “Տէ՛ր, մի՛ սովորեցրու ինձ, որ լինեմ ամբարիշտ”. եւ ինչո՞ւ դատեցիր այսպէս ինձ:




Եսայու մարգարեությունը 40.9-17

9 Ե՛լ այդ բարձր լեռան վրայ, ո՛վ աւետաբերդ Սիոնի, ո՛ւժ տուր քո ձայնին, ո՛վ աւետաբերդ Երուսաղէմի, ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր եւ յայտնի՛ր Յուդայի երկրի այդ քաղաքներին. 10 «Ահաւասիկ ձեր Աստուածը. ահա Տէրը, որ գալիս է զօրութեամբ եւ իր բազկի իշխանութեամբ. ահաւասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր աչքի առաջ են: 11 Հովուի նման հովուելու է իր հօտերը, իր բազկով հաւաքելու է գառներին, կրելու է նրանց իր ծոցում, մխիթարիչ է լինելու յղիներին»: 12 Ո՞վ կարողացաւ իր ափով չափել ջրերը, թզով՝ երկինքը եւ քլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացաւ լեռները կշռել կշեռքով եւ դաշտերը՝ նժարով: 13 Ո՞վ իմացաւ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձաւ նրան՝ իբրեւ թէ նրան խելամիտ դարձնելու համար: 14 Կամ թէ ո՞ւմ հետ խորհրդակցեց նա, որ իրեն խելամիտ դարձնի, եւ կամ ո՞վ նրան ցոյց տուեց արդարադատութիւնն ու իմաստութեան ճանապարհը կամ անցեալում ո՞վ փոխ տուեց իրեն, որ հատուցի նրան: 15 Բոլոր հեթանոսները նման են դոյլի մի կաթիլին, նոյնն են, ինչ փոշեհատիկը կշեռքի վրայ եւ կամ ինչպէս բերանից ցայտող շիթը: 16 Այրելու համար Լիբանանը բաւական չէ, բոլոր չորքոտանիները ողջակէզի համար բաւական չեն, 17 եւ բոլոր հեթանոսները նրա համար ոչինչ են, ոչնչութիւն են համարւում:




 
sacredtradition.am