русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
8 ապրիլի 2021թ. հինգշաբթի, ԳՁ
Ե օր Զատկի


Գործք առաքելոց 4.13-31

13 Պետրոսի եւ Յովհաննէսի համարձակութեանն ի տես եւ վերահասու լինելով, որ նրանք տգէտ եւ անուս մարդիկ են, զարմացան, որովհետեւ ճանաչում էին նրանց, որ Յիսուսի հետ էին. 14 եւ տեսնում էին նաեւ բժշկուած մարդուն, որ կանգնած էր նրանց հետ, եւ չէին կարողանում որեւէ պատասխան տալ: 15 Եւ նրանց հրամայելով, որ ատեանից դուրս ելնեն, խորհրդակցեցին միմեանց հետ ու ասացին. 16 «Ի՞նչ պիտի անենք այս մարդկանց հետ, քանի որ նրանց միջոցով աչքի ընկնող նշան կատարուեց. Երուսաղէմի բոլոր բնակիչներին արդէն յայտնի է, եւ մենք չենք կարող ուրանալ: 17 Բայց որպէսզի ժողովրդի մէջ առաւել չտարածուի, սպառնանք նրանց, որ ոչ մի մարդու այդ անունով այլեւս չխօսեն»: 18 Եւ նրանց կանչելով՝ պատուիրեցին Յիսուսի անունով ամենեւին չխօսել եւ չուսուցանել: 19 Իսկ Պետրոսն ու Յովհաննէսը պատասխանեցին եւ ասացին նրանց. «Եթէ Աստծոյ առաջ արդար է առաւել ձեզ լսել, քան Աստծուն, ինքնե՛րդ որոշեցէք: 20 Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք եւ լսել»: 21 Նրանք սպառնալով արձակեցին նրանց՝ ոչ մի միջոց չգտնելով, թէ ինչպէս պատժեն նրանց՝ ժողովրդի պատճառով. որովհետեւ բոլորը փառաւորում էին Աստծուն կատարուած բաների համար, 22 քանի որ այն մարդը, որի վրայ բժշկութեան այս նշանը կատարուեց, աւելի քան քառասուն տարեկան էր: 23 Եւ այնտեղից ազատ արձակուելով՝ առաքեալները եկան իւրայինների մօտ ու պատմեցին, թէ իրենց ինչ բաներ ասացին քահանայապետներն ու երէցները: 24 Եւ նրանք լսելով՝ իրենց ձայնը բարձրացրին առ Աստուած ու ասացին. «Դու, Տէ՛ր Աստուած, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը եւ ծովը եւ այն ամէնը, ինչ նրանց մէջ կայ, 25 Սուրբ Հոգու միջոցով մեր հօր՝ Դաւթի՝ քո ծառայի բերանով ասացիր. “Ինչո՞ւ խռովուեցին հեթանոսները, եւ ժողովուրդները սին բաների մասին խորհեցին. 26 երկրի թագաւորները իրար մօտ եկան, եւ ժողովրդի իշխանները միասին հաւաքուեցին Տիրոջ եւ նրա Օծեալի դէմ”: 27 Արդարեւ, քո սուրբ Որդու՝ Յիսուսի դէմ, որին դու օծեցիր, այս քաղաքում հաւաքուեցին Հերովդէսը եւ Պոնտիոս Պիղատոսը՝ հեթանոսների եւ Իսրայէլի ժողովուրդների հետ՝ 28 անելու այնչափ, որչափ քո ձեռքը եւ քո կամքը նախապէս սահմանել էին, որ լինի: 29 Եւ արդ, Տէ՛ր, նայի՛ր նրանց սպառնալիքներին եւ քո ծառաներին ամենայն համարձակութեամբ քո խօ՛սքը խօսել տուր. 30 եւ երբ քո ձեռքը մեկնես բժշկութեան համար, նաեւ նշաններ եւ զարմանալի գործեր թող լինեն քո սուրբ Որդու՝ Յիսուսի անունով»: 31 Եւ մինչ նրանք աղօթքի մէջ էին, շարժուեց այն տեղը, ուր նրանք հաւաքուած էին: Ամէնքը լցուեցին Սուրբ Հոգով. եւ համարձակութեամբ Աստծոյ խօսքն էին խօսում:




Հակոբոս առաքյալի թուղթը 1.13-27

13 Ոչ ոք, երբ փորձութեան մէջ լինի, թող չասի՝ «Աստծուց եմ փորձւում», քանի որ Աստուած չարից չի փորձւում եւ ինքն էլ չի փորձում ոչ ոքի: 14 Իւրաքանչիւր ոք փորձւում է՝ հրապուրուելով եւ խաբուելով իր ցանկութիւններից: 15 Այնուհետեւ ցանկութիւնը յղանալով՝ մեղք է ծնում, եւ մեղքը հասունանալով՝ մահ է ծնում: 16 Իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբուէք, 17 քանի որ ամէն բարի շնորհ եւ ամէն կատարեալ պարգեւ վերեւից է՝ իջած լոյսի Հօրից, որի մէջ չկայ փոփոխում կամ էլ փոփոխման ստուեր: 18 Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտութեան խօսքով, որպէսզի մենք լինենք իր ստեղծածների պտուղը: 19 Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացէ՛ք այս բանը. թող ամէն մարդ արագ լինի լսելու մէջ, ծանր՝ խօսելու մէջ եւ ծանր՝ բարկանալու մէջ. 20 որովհետեւ մարդու բարկութիւնը Աստծոյ արդարութիւնը չի կատարում: 21 Ահա թէ ինչու, դէն գցելով ամենայն աղտեղութիւն եւ չարիքի աւելցուկ, հեզութեա՛մբ ընդունեցէք ձեր մէջ սերմանուած խօսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները: 22 Խօսքը կատարո՛ղներ եղէք եւ ոչ թէ միայն այն լսողներ համարեցէք դուք ձեզ. 23 քանի որ եթէ մէկը միայն լսող լինի խօսքը եւ ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մէջ իր բնական դէմքը: 24 Նայելով տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է եւ անմիջապէս մոռանում, թէ ինչպիսին էր ինքը: 25 Իսկ ով աչքերը յառած նայում է ազատութեան կատարեալ օրէնքին եւ դրա մէջ էլ յարատեւում, նա լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է. այդպիսի մէկը իր արածի մէջ երանութիւն կգտնի: 26 Եթէ մէկն ուզում է բարեպաշտ լինել եւ չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մէկի համար զուր է բարեպաշտութիւնը: 27 Սուրբ եւ անարատ բարեպաշտութիւնը Աստծոյ եւ Հօր առաջ այս է՝ այցելել որբերին եւ այրիներին իրենց նեղութեան մէջ, անարատ պահել իր անձը աշխարհից:




Ավետարան ըստ Մատթեոսի 5.1-12

1 Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լեռան վրայ: Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. 2 եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել. 3 «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը: 4 Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն: 5 Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն: 6 Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան: 7 Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն: 8 Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն: 9 Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծոյ որդիներ պիտի կոչուեն: 10 Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը: 11 Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն: 12 Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել:




Ավետարան ըստ Ղուկասի 24.36-40

36 Մինչ դեռեւս նրանք այս էին խօսում, Յիսուս ինքը եկաւ կանգնեց նրանց մէջ եւ ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ, ես եմ, մի՛ վախեցէք»: 37 Իսկ նրանք զարհուրած վախենում եւ կարծում էին, թէ մի ոգի են տեսնում: 38 Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք խռովուած, եւ ինչո՞ւ ձեր սրտերում կասկածներ են ծագում. 39 տեսէ՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետեւ նոյն ինքը ես եմ. շօշափեցէ՛ք ինձ եւ տեսէ՛ք, որովհետեւ ոգին մարմին եւ ոսկորներ չունի. ինչպէս տեսնում էք, ես ունեմ»: 40 Եւ այս ասելով՝ ցոյց տուեց նրանց իր ձեռքերն ու ոտքերը: