русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
14 փետրվարի 2020թ. ուրբաթ, ԲԿ
Պահք
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ (տօն քառասնօրեայ գալստեանն Քրիստոսի ի Տաճարն)


Ավետարան ըստ Մատթեոսի 5.17-20

17 Մի՛ կարծէք, թէ օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու: 18 Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, որ մի նշանախեց է, օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի: 19 Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի: 20 Բայց ասում եմ ձեզ, որ եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի:




Ավետարան ըստ Մարկոսի 13.32-37

32 Սակայն այդ օրուայ եւ ժամի մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ հրեշտակները երկնքում եւ ո՛չ էլ Որդին, այլ միայն՝ Հայրը: 33 Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ երբ է ժամանակը. 34 ինչպէս հեռու երկիր գնացած մի մարդ, որ կթողնի իր տունը եւ իր ծառաներին իշխանութիւն կտայ եւ իւրաքանչիւրին՝ իր գործը եւ դռնապանին կպատուիրի, որ արթուն լինի: 35 Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը երբ կգայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ: 36 Գուցէ, յանկարծակի գալով, ձեզ քնի մէջ գտնի: 37 Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամէնքին եմ ասում. արթո՛ւն կացէք»:




Ավետարան ըստ Ղուկասի 12.49-59

49 «Երկրի վրայ կրակ գցելու եկայ եւ ինչքա՜ն եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքուած լինի: 50 Եւ մի մկրտութիւն ունեմ մկրտուելու եւ ինչպէ՜ս եմ շտապում, որ կատարուի: 51 Կարծում էք, թէ երկրին խաղաղութիւն տալո՞ւ եկայ. ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում. 52 որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարից բաժանուած պիտի լինեն՝ երեքը երկուսի դէմ եւ երկուսը երեքի: 53 Հայրը պիտի բաժանուի որդուց, եւ որդին՝ հօրից, մայրը՝ աղջկանից, եւ աղջիկը՝ մօրից, սկեսուրը՝ հարսից, եւ հարսը՝ իր սկեսրոջից»: 54 Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնէք, որ արեւմուտքից ամպ է ելնում, իսկոյն կասէք, թէ անձրեւ կգայ: Այդպէս էլ լինում է: 55 Եւ երբ հարաւի քամին փչի, կասէք, թէ խորշակ կլինի: Եւ այդպէս էլ լինում է: 56 Կեղծաւորնե՛ր, երկնքի եւ երկրի երեւոյթները քննել գիտէք, իսկ այս ներկայ ժամանակը ինչպէ՞ս չէք քննում: 57 Ինչո՞ւ դուք անձնապէս արժանին չէք ընտրում: 58 Երբ քո թշնամու հետ գնաս իշխանի մօտ, ճանապարհին հաշիւդ մաքրի՛ր, որ նրանից ազատուես, որովհետեւ գուցէ նա քեզ քարշ տայ դատաւորի մօտ, եւ դատաւորը քեզ բանտապահի ձեռքը յանձնի, եւ բանտապահն էլ բանտ նետի: 59 Ասում եմ քեզ. այնտեղից դուրս չես գայ, մինչեւ որ չվճարես վերջին գրոշը»:




Ավետարան ըստ Հովհաննեսի 1.1-17

1 Սկզբից էր Բանը եւ Բանը Աստծոյ մօտ էր եւ Բանը Աստուած էր: 2 Նա սկզբից Աստծոյ մօտ էր: 3 Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրա չեղաւ ոչինչ, որ եղել է: 4 Կեանքը նրանով էր: Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր: 5 Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց: 6 Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս: 7 Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի Լոյսի մասին, որ բոլորը նրա միջոցով հաւատան: 8 Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի Լոյսի մասին: 9 Նա էր ճշմարիտ Լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ: 10 Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց: 11 Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին: 12 Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծոյ որդիներ, նրանց, որոնք իր անուանը կհաւատան: 13 Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամքից եւ ո՛չ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին: 14 Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը՝ նման այն փառքին, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ: 15 Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում եւ ասում. «Սա է, որի մասին ասացի: Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից առաջ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար»: 16 Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն. 17 որովհետեւ օրէնքը Մովսէսի միջոցով տրուեց, իսկ շնորհը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի միջոցով եղան:




Ղևտական 12.6-8

6 Երբ լրանան որդու կամ դստեր ծննդից յետոյ նրա մաքրութեան համար սահմանուած օրերը, նա մէկ տարեկան գառ թող ողջակէզ անի, մի զույգ աղաւնի կամ տատրակ թող բերի մեղքերի քաւութեան համար վկայութեան խորանի դուռը՝ քահանայի մօտ: 7 Քահանան այն թող զոհ մատուցի Տիրոջ առաջ, քաւութիւն տայ նրան, եւ նա կմաքրուի իր արեան բխումից: Սա կարգ է նրանց համար, ովքեր արու կամ աղջիկ զաւակ են ունենում: 8 Եթէ ծննդկանն ի վիճակի չէ գառ բերելու, թող առնի երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ. մէկը՝ ողջակէզի, իսկ միւսը՝ մեղքերի քաւութեան համար: Քահանան թող զոհ մատուցի դրանք ի քաւութիւն, որով ծննդկանը կհամարուի մաքրուած»:




Առակներ 8.22-34

22 Տէրն ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին իր գործերի համար. յաւիտենութիւնից էլ առաջ հաստատեց ինձ: 23 Նա ծնեց ինձ հէնց սկզբին՝ դեռ երկիրն արարելուց առաջ, 24 աւելի առաջ, քան անդունդներ կբացէր, 25 աւելի առաջ, քան աղբիւրների ջրեր կբխեցնէր, եւ էլ աւելի առաջ, քան կհաստատէր լեռներն ու բոլոր բլուրները: 26 Տէրը ստեղծեց շէն ու անշէն վայրեր եւ բնակելի աշխարհները երկնքի ներքոյ: 27 Ես նրա հետ էի, երբ նա պատրաստում էր երկինքը, երբ նա իր աթոռն էր հաստատում հողմերի վրայ, 28 երբ նա զօրութիւն էր տալիս վերին ամպերին եւ երբ նա աղբիւրներ էր հաստատում երկնքի ներքոյ: 29 Այն ժամանակ, երբ նա դնում էր ծովի հաստատութիւնը, որ ջրերը նրա ափերը չանցնեն, այն ժամանակ, երբ նա դնում էր երկրի ամուր հիմքերը, ես նրա մօտ էի որպէս գործավար: 30 Ինձնով էր, որ Տէրն ուրախանում էր մշտապէս, եւ ես ամէն ժամ ցնծում էի նրա առաջ. 31 բովանդակ տիեզերքը հրճւում էր, եւ ուրախ էի մարդկանց որդիների հետ: 32 Արդ, որդեա՛կ, լսի՛ր ինձ. երանի՜ նրանց, որ պահում են իմ ճանապարհները: 33 Լսեցէ՛ք իմաստութիւնը եւ դուք կլինէք իմաստուն. մի՛ շեղուէք դրանից: 34 Երանի՜ այն մարդուն, որ կլսի ինձ, եւ՝ այն մարդուն, որ կպահի իմ ճանապարհները, մշտապէս կտքնի իմ դռների առջեւ եւ կպահպանի իմ դռների շեմերը:




Եզեկիելի մարգարեությունը 44.1-2

1 Նա ինձ յետ դարձրեց սրբարանի արտաքին դռնով, որ նայում էր դէպի արեւելք: Այն փակուած էր: 2 Տէրն ինձ ասաց. «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացուելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպէսզի Իսրայէլի Տէր Աստուածը մտնի այդտեղով: Այն փակ է լինելու,




Մաղաքիայի մարգարեությունը 3.1-4

1 Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, եւ նա կտեսնի իմ ճանապարհները՝ իմ առաջ. եւ յանկարծակի իր տաճարը կգայ Տէրը, որին դուք փնտրում էք, եւ ուխտի պատգամաբերը, որին կամենում էք դուք: 2 Ահա գալիս է,– ասում է Ամենակալ Տէրը,– ո՞վ կդիմանայ նրա մուտքի օրուան եւ կամ ո՞վ հանգիստ կմնայ նրա յայտնութեան ժամանակ, քանի որ նա պիտի մտնի որպէս հալոցի բոց եւ որպէս լուացարանների օճառ: 3 Նա կնստի ձուլելու եւ մաքրելու որպէս արծաթ եւ որպէս ոսկի, կմաքրի Ղեւիի որդիներին եւ կհալեցնի նրանց ոսկու նման եւ արծաթի պէս: Եւ այն ժամանակ արդարութեամբ զոհ կմատուցեն Տիրոջը: 4 Յուդայի երկրի ու Երուսաղէմի զոհաբերումը հաճելի կլինի Տիրոջը, ինչպէս վաղնջական օրերին, ինչպէս առաջին տարիներին:




Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 3.24-29

24 Այսպէս օրէնքը դաստիարակ եղաւ՝ մեզ Քրիստոս Յիսուսին բերելու, որպէսզի հաւատով արդարանանք: 25 Իսկ երբ հաւատը եկաւ, էլ դաստիարակի ձեռքի տակ չենք. 26 քանզի բոլորդ էլ Աստծոյ որդիներ էք հաւատով ի Յիսուս Քրիստոս: 27 Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք. 28 ուրեմն խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս: 29 Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ ըստ խոստման:




Ավետարան ըստ Ղուկասի 2.22-40

22 Երբ որ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսէսի օրէնքի համաձայն՝ նրան Երուսաղէմ տարան Տիրոջը ներկայացնելու համար, 23 ինչպէս գրուած էր Տիրոջ օրէնքում. «Ամէն արու զաւակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչուի»: 24 Եւ Տիրոջ օրէնքում ասուածի համաձայն՝ ընծայ պէտք է տալ մի զոյգ տատրակ կամ աղաւնու երկու ձագ: 25 Արդ, Երուսաղէմում Սիմէոն անունով մի մարդ կար եւ այդ մարդը արդար ու աստուածավախ էր եւ ակնկալում էր Իսրայէլի մխիթարութիւնը. եւ Սուրբ Հոգին նրա մէջ էր: 26 Եւ Սուրբ Հոգուց հրամայուած էր նրան մահ չտեսնել, մինչեւ որ տեսնի Տիրոջ Օծեալին: 27 Նա, Հոգով առաջնորդուած, եկաւ տաճարը, եւ երբ ծնողները բերեցին Յիսուս մանկանը՝ նրա վրայ կատարելու, ինչ որ օրէնքի սովորութեան համաձայն էր, 28 Սիմէոնը նրան իր գիրկն առաւ, օրհնեց Աստծուն եւ ասաց. 29 «Այժմ, ո՛վ Տէր, խաղաղութեամբ արձակի՛ր քո ծառային՝ ըստ քո խօսքի. 30 որովհետեւ աչքերս տեսան փրկութիւնը քո, 31 որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ. 32 լոյս, որ կլինի յայտնութիւն հեթանոսների համար, եւ փառք՝ Իսրայէլի քո ժողովրդի համար»: 33 Եւ նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խօսքերի համար, որ ասում էին նրա մասին: 34 Սիմէոնը նրանց օրհնեց եւ ասաց նրա մօրը՝ Մարիամին. «Ահա սա նա է, որ պատճառ է դառնալու Իսրայէլի մէջ շատերի անկման ու բարձրացման եւ նշան հակառակութեան: 35 Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպէսզի բազում սրտերի խորհուրդներ յայտնի դառնան»: 36 Եւ այնտեղ կար մի մարգարէուհի՝ Աննա անունով, Փանուէլի դուստրը, Ասերի ազգատոհմից. սա տարիքով շատ առաջացած էր եւ ամուսնու հետ միայն եօթ տարի էր ապրել՝ սկսած իր կուսութիւնից: 37 Նա մօտ ութսունչորս տարեկան մի այրի էր, որ չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահութեամբ եւ աղօթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն: 38 Սա եւս նոյն ժամին վեր կացաւ եկաւ, գոհութիւն էր մատուցում Տիրոջը եւ խօսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, որոնք Երուսաղէմի փրկութեանն էին սպասում: 39 Եւ երբ ամէն ինչ կատարեցին Տիրոջ օրէնքի համաձայն, վերադարձան Գալիլիա՝ իրենց քաղաքը՝ Նազարէթ: 40 Եւ Մանուկը աճում ու զօրանում էր՝ լի իմաստութեամբ. եւ Աստծոյ շնորհները նրա վրայ էին:




Եսայու մարգարեությունը 24.21-25.8

21 Այն օրը Աստուած իր ձեռքը պիտի տարածի երկնային լուսատուների վրայ, իսկ երկրում՝ երկրի թագաւորների վրայ: 22 Եւ պիտի հաւաքեն նրա ժողովրդին ու դնեն կապանքների մէջ, պիտի պաշարեն ամրոցները եւ շատ սերունդներ անց պիտի պատժեն նրանց: 23 Ու պիտի հալուի աղիւսը, կործանուի պարիսպը, քանզի Սիոնի լեռան վրայ եւ Երուսաղէմում Տէրն է թագաւորելու եւ փառաւորուելու ծերերի առաջ:

25 1 Տէ՛ր Աստուած իմ, ես պիտի փառաբանեմ քեզ, պիտի օրհնեմ քո անունը, քանզի սքանչելի գործեր կատարեցիր՝ առաջին խորհուրդը ճշմարիտ: 2 Այո՛, Տէ՛ր, քաղաքները վերածեցիր հողաբլուրների, բերդաքաղաքներն իրենց հիմքերից կործանեցիր. թող ամբարիշտների քաղաքը յաւիտենապէս չվերաշինուի: 3 Դրա համար էլ աղքատ ժողովուրդը պիտի օրհնի քեզ, զրկուած մարդկանց քաղաքները պիտի օրհնեն քեզ, 4 որովհետեւ բոլոր խոնարհ քաղաքներին օգնական դարձար, իսկ թշուառութիւնից տանջուածին՝ ապաւինութեան յարկ՝ չար մարդկանցից փրկելով նրանց: 5 Դու ծարաւածների համար ապաւէն ես եւ զրկուած մարդկանց համար՝ ոգի այն ամբարիշտների դէմ, որոնց ձեռքը մատնեցիր մեզ՝ իբրեւ Սիոնին ծարաւի տոչորուած մարդկանց: 6 Զօրութիւնների Տէրն այնպէս պիտի անի, որ բոլոր հեթանոսներն այս լեռներում ուրախութիւն վայելեն, գինի խմեն, օծուեն մրուրից մաքրուած իւղով եւ հանգեն այս լեռների վրայ: 7 Պատմի՛ր սա բոլոր հեթանոսներին, քանզի բոլոր ազգերի համար Տէրն այս խորհուրդն ունի: 8 Մահը զօրացաւ եւ կուլ տուեց, բայց Աստուած բոլորի երեսից արցունքն իսպառ պիտի կտրի, ժողովրդի նախատինքը պիտի վերացնի ամբողջ աշխարհից, քանզի սա Տիրոջ բերանը խօսեց.




Գործք առաքելոց 7.47-50

47 Իսկ Սողոմոնն էլ նրա համար մի տուն շինեց. 48 սակայն Բարձրեալը բնակւում է ոչ թէ ձեռակերտ տաճարների մէջ, այլ ինչպէս մարգարէն է ասում. 49 “Երկինքն է իմ աթոռը, եւ երկիրը՝ պատուանդանն իմ ոտքերի: Ինչպիսի՞ տուն պիտի շինէիք ինձ,– ասում է Տէրը,– կամ ինչպիսի՞ տեղ՝ իմ հանգստեան համար. 50 չէ՞ որ իմ ձեռքն է շինել այս բոլորը”:




Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 4.1-7

1 Այս բանն եմ ասում. որքան ժամանակ որ ժառանգը երեխայ է, աւելին չէ, քան ծառան, թէպէտ եւ ամէն ինչի տէր է: 2 Բայց նա խնամակալների եւ վերակացուների ձեռքի տակ է մինչեւ հօր սահմանած ժամանակը: 3 Նոյնպէս եւ՝ մենք. մինչ երեխայ էինք, բնութեան տարերային ուժերին էինք ծառայում: 4 Իսկ երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնուեց կնոջից եւ մտաւ օրէնքի տակ 5 փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրութիւն ընդունենք: 6 Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր: 7 Ուստի ծառայ չես, այլ՝ որդի, եւ եթէ որդի ես, ապա եւ՝ ժառանգ Աստծոյ:




Ավետարան ըստ Ղուկասի 2.41-52

41 Արդ, նրա ծնողները ամէն տարի Զատկի տօնին Երուսաղէմ էին գնում: 42 Եւ երբ նա տասներկու տարեկան եղաւ, տօնի սովորութեան համաձայն՝ Երուսաղէմ ելան: 43 Եւ երբ տօնական օրերը լրացան, ու նրանք վերադարձան, մանուկ Յիսուսը մնաց Երուսաղէմում, եւ նրա ծնողներն այդ չիմացան: 44 Կարծում էին, թէ նա իրենց ուղեկիցների հետ է. մի օրուայ չափ ճանապարհ եկան եւ նրան փնտրեցին ազգականների ու ծանօթների մէջ: 45 Ու երբ չգտան, Երուսաղէմ վերադարձան նրան փնտրելու համար: 46 Եւ երեք օր յետոյ նրան գտան տաճարում. վարդապետների հետ նստած՝ նա լսում էր նրանց ու հարցեր էր տալիս: 47 Եւ բոլորը, որ նրան լսում էին, զարմանում էին նրա իմաստութեան եւ պատասխանների վրայ: 48 Երբ ծնողները նրան տեսան, հիացան. իսկ մայրը նրան ասաց. «Որդի՛, այս ի՞նչ արեցիր դու մեզ. ահաւասիկ, հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտրում»: 49 Եւ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտէի՞ք, որ ես Հօրս տանը պէտք է լինեմ»: 50 Բայց նրանք չհասկացան այն խօսքը, որ նա իրենց ասաց: 51 Եւ Յիսուս նրանց հետ իջաւ ու Նազարէթ գնաց. եւ նա հնազանդ էր նրանց: Եւ նրա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտում: 52 Իսկ Յիսուս զարգանում էր իմաստութեամբ, հասակով ու շնորհով Աստծոյ եւ մարդկանց առջեւ: