русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
3 դեկտեմբերի 2019թ. երեքշաբթի, ԲՁ
Սրբոցն Մինասայ, Երմոգինեայ, Գրափոսի եւ կամաւոր աղքատացն Յովհաննու եւ Ալեքսիանոսի


Առակներ 15.33-16.7

32 Խրատ մերժողն ատում է իր հոգին, բայց յանդիմանութիւն լսողը խոհեմութիւն պիտի ստանայ: 33 Տիրոջ երկիւղը խրատ է եւ իմաստութիւն, եւ փառքը ծագում է դրանից:

16 1 Ինչ որ մարդ դրել է սրտում, վերաբերում է իրեն, բայց Տիրոջից է նրա լեզուի պատասխանը: 2 Խոնարհ մարդու բոլոր գործերը յայտնի են Տիրոջը, եւ Տէրն է դատում հոգիները: 3 Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ: 4 Տէրն ամէն ինչ արել է մի նպատակի համար. ամբարիշտները չար օրը պիտի մատնուեն կորստեան: 5 Ամէն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջեւ, եւ ով զուր տեղը ձեռնամուխ է լինում չարիքի, չի արդարացուելու: Բարու ճանապարհի սկիզբը արդարութիւն գործելն է, եւ Աստծուն աւելի հաճելի է աղօթքը, քան զոհ մատուցելը: 6 Ով փնտրում է Տիրոջը, նա գիտութիւն կգտնի՝ արդարութեամբ հանդերձ, եւ ովքեր ուղիղ սրտով փնտրեն նրան, խաղաղութիւն կգտնեն: 7 Աստծոյ բոլոր գործերը արդարութեամբ են արուած, ամբարիշտն էլ պահւում է չար օրուայ համար:




Եսայու մարգարեությունը 18.7

7 Այն ժամանակ Զօրութիւնների Տիրոջն ընծաներ պիտի մատուցուեն տանջուած ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից յետոյ եւ յաւիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրուել, բայց յոյսով է մնացել եւ ապրում է իր աշխարհում՝ գետի այն կողմում, այն տեղում, ուր կոչուեց Զօրութիւնների Տիրոջ անունը Սիոն լեռան վրայ:




Պողոս առաքյալի թուղթը փիլիպեցիներին 1.27-2.4

27 Միայն թէ աւետարանին արժանի ձեւո՛վ ընթացէք, որպէսզի ձեզ տեսնելու գամ թէ հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ հաստատուն էք մնացել մէկ հոգով եւ որպէս մէկ շունչ պայքարում էք աւետարանի հաւատի համար. 28 եւ ոչնչով մի՛ վախեցէք հակառակորդներից. դա ապացոյց է նրանց կորստեան եւ ձեր փրկութեան: 29 Եւ դա Աստծուց է, որ շնորհուեց ձեզ Քրիստոսի համար, որպէսզի ոչ միայն հաւատաք նրան, այլեւ նրա համար չարչարուէք՝ 30 մղելով նոյն պատերազմը, որն իմ մէջ տեսաք եւ այն լսում էք ինձնից:

2 1 Արդ, եթէ կայ մխիթարութիւն Քրիստոսով, եթէ կայ սիրոյ սփոփանք, եթէ կայ Հոգու հաղորդութիւն, եթէ կայ գթութիւն եւ ողորմութիւն, ուրեմն 2 կատարեալ դարձրէք իմ ուրախութիւնը. նոյն բա՛նը խորհեցէք, նոյն սէ՛րն ունեցէք ձեր մէջ, եղէ՛ք միաշունչ, միախորհուրդ: 3 Մի՛ արէք որեւէ բան հակառակութեան ոգով, ոչ էլ որեւէ բան՝ սնապարծութեամբ, այլ խոնարհութեամբ մէկդ միւսին աւելի լա՛ւ համարեցէք, քան ինքներդ ձեզ: 4 Միայն ձեր շահը մի՛ փնտրէք, այլ իւրաքանչիւր ոք՝ ընկերոջ շահն էլ:




Ավետարան ըստ Մատթեոսի 10.37-42

37 Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ: 38 Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ: 39 Ով որ իր անձը գտնում է, այն կկորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կգտնի: 40 Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ Ուղարկողին: 41 Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կստանայ: 42 Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կտայ խմելու իբրեւ աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»: