русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
12 սեպտեմբերի 2019թ. հինգշաբթի, ԱՁ
Դ օր Ս. Խաչի պահոց


Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 9.10-10.6

10 Եւ Աստուած, որ սերմ է պարգեւում սերմնացաններին եւ ուտելու հաց, պիտի պարգեւի եւ պիտի բազմացնի նաեւ ձեր սերմացուն եւ պիտի աճեցնի ձեր արդարութեան պտուղները: 11 Ամէն ինչում դուք պիտի հարստանաք ամենայն առատութեամբ, որ մեր միջոցով շնորհակալութեան զգացում է առաջ բերելու Աստծոյ հանդէպ. 12 որովհետեւ այս պաշտօնիս ծառայութիւնը ոչ միայն սրբերի կարիքները լրացնելու համար է, այլեւ շատերի միջոցով Աստծոյ հանդէպ շնորհակալութիւնը աւելացնելու համար: 13 Այս ծառայութեան փորձով շատերը պիտի փառաւորեն Աստծուն Քրիստոսի աւետարանը խոստովանելու հնազանդութեան եւ այն առատաձեռնութեան համար, որով հաղորդակից էք անում նրանց եւ ամէնքին: 14 Եւ նրանց աղօթքները ձեզ համար են. քանզի անձկագին սիրում են ձեզ Աստծոյ այն առատ շնորհների համար, որ կան ձեր մէջ: 15 Եւ գոհութի՜ւն Աստծուն՝ նրա անպատում շնորհների համար:

10 1 Եւ աղաչում եմ ձեզ Քրիստոսի հեզութեամբ եւ քաղցրութեամբ, ես ինքս՝ Պօղոսը, որ իբրեւ թէ խոնարհ մէկն եմ, երբ ձեր մէջ եմ, բայց երբ հեռու եմ ձեզնից, համարձակ եմ ձեր հանդէպ: 2 Աղաչում եմ, որ մօտ գտնուելիս էլ չլինի թէ համարձակ լինեմ այդ նոյն վստահութեամբ կամ յանդուգն գտնուեմ ոմանց նկատմամբ, որ մեր մասին կարծում են, թէ մարդկային շարժառիթներից ենք մղւում. 3 որովհետեւ թէպէտ եւ մարմնի մէջ ենք ապրում, բայց մարդկային նկատառումներից մղուած չէ, որ պայքարում ենք 4 (քանի որ պայքարելու մեր զէնքը մարմնաւոր չէ, այլ Աստծոյ կողմից տրուած զօրաւոր զէնք է՝ քանդելու համար ամրութիւնները). 5 քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծոյ գիտութեան դէմ գոռոզացած ամէն ծառացում եւ գերելով բոլոր մտքերը՝ հնազանդեցնում ենք Քրիստոսին 6 եւ պատրաստ ենք վրէժխնդիր լինել ամէն անհնազանդութեան համար, որպէսզի ձեր հնազանդութիւնն էլ կատարեալ լինի:




Ավետարան ըստ Մարկոսի 9.13-26

13 Եւ աշակերտների մօտ գալով՝ նրանց շուրջը տեսաւ մեծ բազմութիւն եւ օրէնսգէտներ, որոնք վիճում էին նրանց հետ: 14 Եւ իսկոյն ամբողջ ժողովուրդը, երբ տեսաւ նրան, զարմացաւ եւ ընդառաջ վազելով՝ ողջոյն էր տալիս նրան: 15 Յիսուս աշակերտներին հարցրեց. «Ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ»: 16 Ժողովրդի միջից մէկը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, քեզ մօտ բերեցի որդուս, որին մի համր չար ոգի բռնել է. 17 եւ ուր պատահում է, նրան գետնին է զարկում. փրփրում է, ատամներն է կրճտացնում եւ ապա չորանում-մնում է: Քո աշակերտներին ասացի, որ հանեն, բայց չկարողացան հանել այն»: 18 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. բերէ՛ք նրան ինձ մօտ»: 19 Եւ նրան բերեցին իր մօտ: Երբ չար ոգին նրան տեսաւ, իսկոյն ուժգին ցնցեց տղային, որը, գետնին ընկնելով, թաւալւում էր ու փրփրում: 20 Յիսուս հարցրեց նրա հօրը եւ ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրուանից, ինչ այդ նրան պատահել է»: Եւ նա ասաց. «Մանկութիւնից: 21 Շատ անգամ չար ոգին կրակի եւ ջրի մէջ է նետում նրան, որ կործանի. արդ, եթէ մի կերպ կարող ես, օգնի՛ր մեզ, Տէ՛ր, գթալով մեզ»: 22 Եւ Յիսուս նրան ասաց. «Ասացիր՝ եթէ կարող ես. ամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է»: 23 Երեխայի հայրը իսկոյն աղաղակեց եւ ասաց. «Հաւատո՛ւմ եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»: 24 Երբ Յիսուս տեսաւ, որ ժողովուրդն իրար վրայ է հաւաքւում, սաստեց պիղծ ոգուն եւ ասաց. «Դո՛ւ, համր եւ խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ. դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնե՛ս դրա մէջ»: 25 Եւ չար ոգին ճչաց, ուժգին ցնցեց նրան ու դուրս ելաւ. եւ պատանին մեռելի պէս եղաւ՝ այն աստիճան, որ շատերն ասացին, թէ մեռաւ: 26 Յիսուս բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, եւ նա ոտքի կանգնեց: