русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
14 հոկտեմբերի 2021թ. հինգշաբթի, ԱԿ
Սրբոցն Դիոնիսիոսի Արիսպագացւոյն եւ առաքելոցն Տիմոթէոսի եւ Տիտոսի


Եսայու մարգարեությունը 33.2-6

2 Տէ՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր յոյսը դրել ենք քեզ վրայ: Անհաւատների սերունդը կործանուեց, իսկ մեր փրկութիւնը նեղութեան ժամին քեզնից է գալու: 3 Քո ձայնի ահից ժողովուրդները յիմարացան, եւ քո երկիւղից հեթանոսները ցրուեցին: 4 Ահա ձեր մեծ ու փոքրի կողոպուտը պիտի հաւաքուի այնպէս, ինչպէս մէկը, որ մորեխ է հաւաքում փոսից. այդպէս էլ ծաղրելու են ձեզ: 5 Սուրբ է մեր Տէր Աստուածը, որ բարձունքներում է բնակւում, որի շնորհիւ Սիոնն իրաւունքով ու արդարութեամբ է լցուել: 6 Նրանք իրաւացիօրէն պարտութեան մատնուեցին, իսկ մեր փրկութիւնը պիտի լինի մեր գանձերի շնորհիւ: Մեզ հասան Տիրոջ իմաստութիւնը, հանճարը եւ աստուածապաշտութիւնը. ահա դրանք են արդարութեան գանձերը:




Գործք առաքելոց 17.16-34

16 Եւ մինչ Պօղոսն Աթէնքում նրանց էր սպասում, նրա հոգին իր մէջ զայրանում էր, երբ տեսնում էր քաղաքը կռապաշտութեան մէջ: 17 Եւ ժողովարանում դիմում էր հրեաներին ու յոյն աստուածապաշտ մարդկանց, իսկ հրապարակներում էլ՝ ամէն օր ում որ հանդիպում էր: 18 Էպիկուրեան եւ ստոյիկեան փիլիսոփաներից ոմանք ձեռ առնելով վիճում էին նրա հետ. ոմանք էլ ասում էին. «Այս շաղակրատն ի՞նչ է ուզում ասել»: Իսկ ուրիշներն էլ թէ՝ «Երեւում է, որ ինչ-որ օտար աստուածութիւնների քարոզիչ է», քանի որ նա Յիսուսին եւ յարութիւնն էր աւետարանում: 19 Եւ նրան բռնեցին տարան Արիսպագոսի առջեւ ու ասացին. «Կարո՞ղ ենք իմանալ, թէ ինչ է այդ նոր վարդապետութիւնը, որը դու քարոզում ես: 20 Օտարոտի բաներ ես մատուցում մեր ականջներին. ուզում ենք իմանալ, թէ դրանք ինչ բաներ կլինեն» 21 (որովհետեւ աթէնացիք բոլորը, ինչպէս նաեւ օտար եկուորները այլ բանով չէին զբաղւում, քան միայն՝ ասելով կամ լսելով մի աւելի նոր խօսք): 22 Պօղոսը կանգնեց Արիսպագոսի մէջտեղում եւ ասաց. «Աթէնացինե՛ր, տեսնում եմ, որ դուք ըստ ամենայնի ջերմեռանդ հաւատասէր էք, 23 քանի որ շրջելով եւ տեսնելով ձեր պաշտածները՝ գտայ նաեւ մի բագին, որի վրայ գրուած էր՝ “Անծանօթ Աստծուն”. ում դուք առանց ճանաչելու էք պաշտում, ես նոյնն եմ քարոզում ձեզ: 24 Աստուած, որ ստեղծեց այս աշխարհը եւ այն ամէնը, որ նրա մէջ կայ, նա է Տէրը երկնքի եւ երկրի. 25 նա ձեռակերտ տաճարներում չի բնակւում, ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտւում, որպէս թէ մի բանի կարօտ լինէր: Նա է տալիս ամէն բանի կեանք եւ շունչ եւ ամէն ինչ: 26 Մէկ արիւնից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակուեն ամբողջ երկրի վրայ, հաստատեց նախակարգեալ ժամանակները եւ դրեց նրանց բնակութեան սահմանները, 27 որ փնտրեն Աստծուն եւ խարխափելով թերեւս գտնեն նրան. թէեւ նա մեզնից իւրաքանչիւրիցս հեռու չէ, 28 քանի որ նրանով ապրում ենք եւ շարժւում ենք եւ կանք, ինչպէս ձեր բանաստեղծներից ոմանք ասացին, թէ՝ մենք նրա զարմից ենք: 29 Եւ արդ, որովհետեւ Աստծոյ զարմն ենք, չպէտք է խորհենք, թէ աստուածայինը նման է ոսկուն կամ արծաթին կամ քարին, որոնք ճարտարութեամբ եւ մարդու խելքով են քանդակուած: 30 Բայց Աստուած, անգիտութեան ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատուիրում մարդկանց, որ ամէն ոք ապաշխարի. 31 քանի որ սահմանել է մի օր, երբ աշխարհը արդարութեամբ պիտի դատի այն Մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հաւաստիք տալ ամէնքին՝ նրան մեռելներից յարութիւն տալով»: 32 Երբ լսեցին մեռելների յարութեան մասին, ոմանք ծաղրի էին ենթարկում. ոմանք էլ ասում էին. «Մի ուրիշ անգամ կլսենք քեզնից այդ մասին»: 33 Եւ ապա Պօղոսը նրանց միջից ելաւ գնաց: 34 Իսկ մի քանի մարդիկ, յարելով նրան, հաւատացին. նրանց թւում էր նաեւ Դիոնեսիոս Արիսպագացին եւ Դամարիս անունով մի կին եւ սրանց հետ ուրիշներ:




Պողոս առաքյալի Բ թուղթը թեսաղոնիկեցիներին 1.1-12

1 Պօղոսը, Սիղուանոսը եւ Տիմոթէոսը՝ թեսաղոնիկեցիներիդ եկեղեցուն՝ մեր Հայր Աստծով եւ Տէր Յիսուս Քրիստոսով. 2 շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից: 3 Եղբայրնե՛ր, պարտաւոր ենք միշտ գոհութիւն մատուցել Աստծուն ձեզ համար, ինչպէս որ արժանի իսկ է, քանի որ աւելի ու աւելի է աճում ձեր հաւատը, եւ շատանում է ձեզնից իւրաքանչիւրի սէրը միմեանց հանդէպ, 4 այնպէս որ մենք ձեզնով պարծենում ենք Աստծոյ եկեղեցիներում ձեր համբերութեան եւ հաւատի համար՝ ձեր այն բոլոր հալածանքների եւ նեղութիւնների մէջ, որոնց դուք համբերում էք: 5 Դրանք ապացոյց են Աստծոյ արդար դատաստանի, որպէսզի դուք արժանի լինէք Աստծոյ արքայութեանը, որի համար էլ նեղութիւն էք կրում: 6 Եւ արդար է Աստծոյ առաջ, որ ձեզ նեղողներին նեղութիւն հատուցուի, 7 իսկ ձեզ՝ նեղութիւն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ, երբ Տէր Յիսուս յայտնուի երկնքից իր հրեշտակների զօրքով՝ 8 կրակի բոցով վրէժ լուծելու համար նրանցից, որոնք չեն ճանաչում Աստծուն եւ չեն հնազանդւում մեր Տէր Յիսուս Քրիստոսի աւետարանին. 9 նրանց պատիժը պիտի լինի յաւիտենական կործանումը՝ հեռու Տիրոջ ներկայութիւնից եւ նրա փառաւոր զօրութիւնից, 10 երբ նա գայ այն օրը՝ փառաւորուելու իր սրբերի մէջ, հիացմունքի արժանի դառնալու բոլոր հաւատացեալների մէջ (քանի որ մեր վկայութեանը հաւատացիք): 11 Ահա թէ ինչու միշտ աղօթում ենք ձեզ համար, որպէսզի Աստուած ձեզ արժանի դարձնի ձեր կոչմանը, մինչեւ լրացնի ձեր բոլոր փափագները եւ հաւատի գործերը զօրութեամբ, 12 որպէսզի փառաւորուի մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունը ձեր մէջ, եւ դուք փառաւորուէք նրա մէջ մեր Աստծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհի համաձայն:




Ավետարան ըստ Ղուկասի 10.1-7

1 Այնուհետեւ Տէրը նշանակեց ուրիշ եօթանասուներկու հոգու եւս եւ նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր: 2 Եւ նրանց ասաց. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակաւ: Արդ, խնդրեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար: 3 Գնացէ՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրեւ գառներ գայլերի մէջ: 4 Մի՛ վերցրէք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կօշիկներ եւ ճանապարհին ոչ ոքի ողջոյն մի՛ տուէք: 5 Որ տունը մտնէք, նախ ասացէ՛ք. “Խաղաղութի՜ւն այս տանը”. 6 եթէ այնտեղ կայ խաղաղասէր մարդ, ձեր խաղաղութիւնը նրա վրայ կհանգչի. ապա թէ ոչ՝ ձեզ կվերադառնայ: 7 Նոյն տանը գիշերեցէ՛ք, կերէ՛ք եւ խմեցէ՛ք նրանց ունեցածից, որովհետեւ մշակը արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխուէք:




 
sacredtradition.am