русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
21 նոյեմբերի 2020թ. շաբաթ, ԴԿ
Ընծայումն ս. Աստուածածնի երից ամաց ի Տաճարն


Երգ երգոց 1.1-11

1 Թող ինձ համբուրի իր բերանի համբոյրներով: 2 Քո ստինքներն աւելի լաւ են գինուց, եւ քո օծման իւղերի հոտը՝ բոլոր խնկերից: Քո անունը թափուած իւղ է անուշ. սրա համար էլ օրիորդները սիրեցին քեզ 3 եւ դէպի իրենց ձգեցին քեզ: Մենք կգանք քո օծման իւղերի հոտի յետեւից: Արքան ինձ իր սենեակը տարաւ: Մենք պիտի ցնծանք եւ ուրախ լինենք քեզնով եւ պիտի սիրենք քո ստինքները գինուց աւելի: Արժանին սիրեց քեզ: 4 «Ես սեւ եմ եւ գեղեցիկ, ո՛վ Երուսաղէմի դուստրեր, Կեդարի վրանների պէս եւ Սողոմոնի խորանի նման: 5 Մի՛ նայէք ինձ, որ թխացել եմ ու սեւացել, քանզի խէթ նայեց արեգակն ինձ: Իմ մօր որդիները կռուեցին ինձ հետ, ինձ այգեստանի պահապան դրեցին, բայց ես իմ այգին չպահպանեցի: 6 Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրած, ո՞ւր ես քո հօտը հովւում, ո՞ւր ես հանգստի տանում միջօրէին, որ չմոլորուեմ քո ընկերների երամակների մէջ»: 7 «Եթէ չգիտես, ո՛վ գեղեցիկդ կանանց մէջ, թէ որտեղ գտնես ինձ, գնա՛ հօտերի ոտնահետքերով եւ քո ուլերն արածեցրո՛ւ հովիւների վրանների մօտ: 8 Ո՛վ իմ սիրելի, ես քեզ նմանեցրի փարաւոնի կառքին լծուած իմ երիվարներին: 9 Գեղեցիկ են քո ծնօտները տատրակի ծնօտների նման, եւ գեղեցիկ է քո պարանոցը, ասես մանեակներով զարդարուած լինի: 10 Մենք քեզ կզուգենք ոսկէ զարդի պէս, որ ընդելուզուած է արծաթէ կիտուածքներով, 11 մինչեւ որ արքան քեզ իր գիրկն առնի»:




Առակներ 11.30-12.4

30 Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան: 31 Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կլինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը:

12 1 Ով խրատ է սիրում, նա իմաստութիւն է սիրում. ով ատում է յանդիմանութիւնը, նա անմիտ է: 2 լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկամի: 3 Մարդ անօրինութեամբ յաջողութեան չի հասնի. արդարների արմատները չպիտի կտրուեն: 4 Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է.




Եսայու մարգարեությունը 52.7-10

7 Լեռների վրայ ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղութեան լուրն է աւետում, ով բարութեան աւետիսն է բերում եւ քո փրկութեան մասին յայտնում՝ ասելով Սիոնին, թէ՝ «Քեզ վրայ թագաւորելու է Աստուած»: 8 Քո պահապանների ձայնն է հնչելու, բոլորն առհասարակ ցնծալով ձայն են տալու, որովհետեւ իրենց աչքերով են տեսնելու այն ժամանակը, երբ Տէրը ողորմելու է Սիոնին: 9 Լեռները Երուսաղէմի աւերակների հետ միասին ցնծութեան կոչ պիտի արձակեն, քանզի Տէրը ողորմեց նրանց եւ փրկեց Երուսաղէմը: 10 Տէրն իր սուրբ բազուկը պիտի ցոյց տայ ի տես բոլոր ազգերի, եւ երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծոյ փրկութիւնը:




Զաքարիայի մարգարեությունը 2.10-13

10 Խնդա՛ եւ ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, քանի որ ահա ես կգամ եւ կբնակուեմ քո մէջ,– ասում է Տէրը,– 11 եւ այդ օրը շատ ազգեր կապաւինեն Տիրոջը, նրա ժողովուրդը կդառնան ու կբնակուեն քո մէջ: Երբ դա պատահի, դու կիմանաս, թէ Ամենակալ Տէրն ուղարկեց ինձ քեզ մօտ: 12 Տէրը կժառանգի Յուդայի երկիրը որպէս իր բաժինը սուրբ երկրում, նա նորից բարեհաճ կլինի Երուսաղէմի հանդէպ, 13 եւ ամէն մարմին երկիւղ կկրի Տիրոջից, քանի որ նա արթնացել է իր սուրբ ամպերի միջից»:




Մաղաքիայի մարգարեությունը 3.1-2

1 Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, եւ նա կտեսնի իմ ճանապարհները՝ իմ առաջ. եւ յանկարծակի իր տաճարը կգայ Տէրը, որին դուք փնտրում էք, եւ ուխտի պատգամաբերը, որին կամենում էք դուք: 2 Ահա գալիս է,– ասում է Ամենակալ Տէրը,– ո՞վ կդիմանայ նրա մուտքի օրուան եւ կամ ո՞վ հանգիստ կմնայ նրա յայտնութեան ժամանակ,




Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 6.16-7.1

Արդարեւ, կենդանի Աստծոյ տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը: 17 Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք,– ասում է Տէրը,– եւ մի՛ դիպէք պիղծ բաների. 18 եւ ես պիտի ընդունեմ ձեզ. եւ ես պիտի լինեմ ձեզ համար Հայր. եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր»,– ասում է Ամենակալ Տէրը:

7 1 Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծոյ երկիւղով:




Ավետարան ըստ Ղուկասի 1.39-56

39 Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, 40 մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց: 41 Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով 42 եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը: 43 Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. 44 որովհետեւ, ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում: 45 Եւ երանի՜ նրան, որ կհաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կկատարուեն»: 46 Եւ Մարիամն ասաց. «Իմ անձը կփառաւորի Տիրոջը, 47 եւ իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, 48 որովհետեւ նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ: Եւ այսուհետեւ բոլոր սերունդներն ինձ երանի կտան, 49 որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար, եւ նրա անունը սուրբ է: 50 Նրա ողորմութիւնը սերնդից սերունդ իր երկիւղածների վրայ է: 51 Նա իր բազուկով զօրութիւն ի գործ դրեց, ցրեց ամբարտաւաններին իրենց սրտի խորհուրդներով. 52 հզօրներին տապալեց իրենց աթոռներից եւ բարձրացրեց խոնարհներին: 53 Քաղցածներին լիացրեց բարիքներով եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց: 54 Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայէլին՝ յիշելով իր ողորմութիւնները, 55 ինչպէս ասել էր մեր հայրերին՝ Աբրահամին եւ նրա սերնդին, յաւիտեան»: 56 Մարիամը գրեթէ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մօտ եւ դարձաւ իր տունը:




 
sacredtradition.am